Սակայն բուժհիմնարկի տնօրենը վստահեցնում է, որ իրենք ուժերի ներածի չափով հիվանդների համար նորմալ պայմաններ են ապահովում:
Տուբերկուլյոզը համարվում է սուր վարակիչ հիվանդություն, եւ այն բուժելու համար մաքուր եւ բարվոք պայմաններ են անհրաժեշտ: Տուբերկուլյոզը բուժում են միայն դիսպանսերներում՝ պետպատվերի շրջանակներում, այսինքն՝ անվճար: Սակայն Երեւանի տուբերկուլյոզի դիսպանսերում բուժում անցնող հիվանդների հարազատները, որոնք օրերս դիմել էին «Առավոտին», խիստ մտահոգված էին իրենց հարազատների առողջությամբ, քանի որ, նրանց կարծիքով, տուբերկուլյոզի դիսպանսերներում այնքան էլ մաքուր պայմաններ չեն, եւ հիվանդների անկողնուց սկսած մինչեւ հիվանդանոցի հատակը նորացվելու եւ թարմացվելու կարիք ունեն:
Նրանց կարծիքով, դիսպանսերի անմխիթար վիճակի պատճառն այն է, որ բուժումն անվճար է։ Արձագանքելով հիվանդների հարազատների դժգոհություններին՝ «Առավոտը» եղավ Երեւանի տուբդիսպանսերում, շրջեց եւ զրուցեց այդ բուժհիմնարկի գլխավոր տնօրեն Մկրտիչ Մկրտչյանի հետ։ Նրա խոսքերով, իրենք սանիտարահիգիենիկ պայմանները հիմնականում ապահովում են. «Ինչու հիմնականում, որովհետեւ 100%-ով, իհարկե, դժվար է, գրեթե ոչ մի տեղ էլ այդպիսի մաքրություն հնարավոր չէ ապահովել։ Մեր դեպքում խնդիրն այն է, որ դիսպանսերի շենքը հին է եւ վաղուց չի վերանորոգվել։ Ունենք բաժիններ, որոնք մեր միջոցներով վերանորոգել ենք, սակայն շենքն ամբողջությամբ չենք կարող նորոգել, դրա համար մեծ գումարներ են պետք, որը մենք չունենք, դրա համար էլ նորոգման աշխատանքներն էտապներով ենք անում։ Պետք է ասեմ նաեւ, որ այս հիվանդանոցը ստեղծել ենք զրոյից, հիմա ունենք շատ լավ մասնագիտական կաբինետներ։ Նշեմ, որ այս շենքն ամեն օր առավոտից երեկո մաքրվում է, 10-ից ավելի մարդ է զբաղվում այդ աշխատանքով։ Մեր հիվանդանոցը նորմալ վիճակում է, ամեն ինչ կարողանում ենք ապահովել։ Մեր հիվանդներին կերակրում ենք օրը 3 անգամ։ Օրը մեկ հիվանդի վրա ծախսվում է 8100-8400 դրամ։ Այդ գումարի մեջ ամեն ինչ մտնում է։ Մեր պալատներն էլ 2-3 տեղանոց են»։ Պարոն Մկրտչյանի ներկայացմամբ, շատ է եղել, որ իրենց մոտ բուժվող հիվանդների հարազատներն իրենցից հատուկ, այսինքն՝ բարձրակարգ պայմաններ են պահանջել եւ պատրաստակամություն են հայտնել դրա համար վճարել այնքան, որքան պետք կլինի. «Սակայն ես նրանց պատասխանել եմ, որ մեր երկրում տուբերկուլյոզի բուժումն անվճար է՝ եւ ես չեմ կարող որեւէ մեկի համար վճարովի կամ անվճար հատուկ պայմաններ ստեղծել, եղած պայմանները սրանք են։ Կան մարդիկ, որոնք ոչ մի կանոնի չեն ցանկանում հետեւել, մենք աշխատում ենք, որ այդ մարդիկ չհանդիպեն մեզ մոտ բուժվող իրենց հարազատներին, իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, բարձրանում են վերեւ, անպայման տալիս ենք պաշտպանիչ դիմակներ։ Հարազատների համար ունենք տեսակցության սենյակ, սակայն ամռանը, երբ հիվանդները զբոսնում են, դրսում կարող են հանդիպել»։
Նշենք, որ այս դիսպանսերում բուժվում են տուբերկուլյոզի բացիլ արտադրող կամ չարտադրող հիվանդները, իսկ դեղակայուն հիվանդները տեղափոխվում են Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսեր։ Հիվանդներին հայտնաբերում են պոլիկլինիկաներում, որից հետո տեղափոխում են դիսպանսերներ։ «Հիմա ունենք 42 հիվանդ։ Հետազոտված մի քանի հազար մարդկանցից ընդամենը մի քանի հարյուրի մոտ է հայտնաբերվում տուբերկուլյոզ։ Թյուր կարծիք կա, որ տուբերկուլյոզը աղքատների հիվանդություն է, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ։ Մեր քաղաքում, որտեղի բնակչությունը խիտ է, պետք է այս հիվանդությունն ավելի շատ տարածվածություն ունենա, քան գյուղերում, սակայն մեզ մոտ 1000 մարդուց 50-ն է հիվանդ, դա համապատասխանում է նաեւ հանրապետության ցուցանիշին, բայց, ըստ տեսության, պետք է լիներ 100 հիվանդ»,- ներկայացրեց Մ. Մկրտչյանը։
Մենք զրուցեցինք նաեւ դիսպանսերում բուժվող հիվանդների հետ։ 32-ամյա Սամվելն ընդամենը մի քանի օր առաջ էր տեղեկացել, որ տուբերկուլյոզով հիվանդ է։ Նրա խոսքերով, երբ իրեն երկար ժամանակ վատ է զգացել, որոշել է վերջապես դիմել բժշկի. «Սակայն ասում էին, որ նշիկների բորբոքում է ու դա էին բուժում, բայց վիճակս չէր լավանում։ Այդ ժամանակ գնացի մեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ հազիս համար անհանգստանալով՝ ուղարկեցին թոքերս նկարելու։ Նկարեցին ու ասացին, որ տուբերկուլյոզ են կասկածում, ուղարկեցին դիսպանսեր, այստեղ էլ անալիզներ հանձնելուց հետո հաստատվեց, որ տուբերկուլյոզ եմ։ Ես շատ զարմացած էի, անընդհատ հարցնում էի՝ ինչպես եմ վարակվել, բացատրեցին, որ հնարավոր է մոտս այս հիվանդությամբ հիվանդ մարդ է հազացել, ես էլ նվազ-մվազ եմ, իմունիտետս ցածր է, վարակվել եմ։ Ինչքան անպաշտպան ենք մենք։ Այստեղ ամեն ինչից գոհ եմ, բայց վատն այն է, որ տանը միայն ես էի աշխատում, իսկ հիմա ստիպված 2 ամիս պետք է այստեղ մնամ, չգիտեմ էլ ընտանիքիս անդամները ոնց են գումար գտնում ինձ այցելելու ու ուտելիք բերելու համար։ Իմ աշխատանքն էլ պետական չէ, հնարավոր է բուժումից հետո չվերականգնեն»։ Նա հաստատ որոշել է եւ հսկողական, եւ հետհսկողական բուժումը մինչեւ վերջ անցնել եւ իրեն լավ նայել, որպեսզի այլեւս այս հիվանդությամբ չհիվանդանա։ Սամվելը հիվանդանոցի ճաշարանից դեռ չի հասցրել օգտվել, քանի որ տնից բերված դեռ շատ ուտելիք ունի, բայց ամեն ճաշի ժամի աշխատողները նրան հրավիրում են։
70-ամյա Մարիամ տատն էլ արդեն 2 անգամ տուբերկուլյոզով հիվանդացել է, նրա դուստրն ասում է, որ պատճառը մոր քչակերությունն է, իսկ Մարիամ տատիկը հակաճառում էր, որ տուբերկուլյոզի գլուխ բարձրացնելուց հետո է իր ախորժակը փակվել։
53-ամյա Սուրենն արդեն 2-րդ անգամ է այստեղ, նրա մոտ առաջին անգամ հաստատվել է այդ հիվանդությունը, եւ նա կարծում է, որ կհաստատվի նաեւ հիմա, քանի որ ինքը, լինելով Արցախյան ազատամարտի մասնակից, կորցրել է մեկ թոքը. «Մարդիկ 2 թոքով առողջ չեն լինում, ես ինչպե՞ս կարող եմ մեկով չհիվանդանալ։ Գլուխս էլ է վնասվել պատերազմի ժամանակ, ուժեղ գլխացավեր եմ ունենում, չնայած տուբերկուլյոզի բուժման դեղերի մեջ չեն մտնում գլխացավի դեղերը, սակայն ինձ ընդառաջում են եւ այդ դեղերն էլ են հատկացնում։ Չէի ուզենա, որ այս անգամ հաստատվեր, քանի որ ստիպված կլինեմ երկար ժամանակ տնից բացակայել: Տանը փոքր երեխա կա, վախենում եմ նրան վարակել»։