Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ Ֆերմերների ազգային միավորման խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես թռչնաբուծության, կարտոֆիլագործության, պտղաբուծության, մեղվաբուծության եւ ոչխարաբուծության ոլորտներում առկա խնդիրները: Հատկապես առաջնային են համարվել գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորությունների ընդլայնումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը եւ գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացման մոդելի մշակումը:
Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ Տ. Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին, մասնավորապես, գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է Ֆերմերների ազգային միավորման հետ ստեղծել մասնագիտացված ձեռնարկություն, որը կզբաղվի ներմուծման եւ արտահանման կարգավորմամբ: Վարչապետը կարեւորել է համագործակցության արդյունավետ մոդելի զարգացումը եւ նշել, որ անձնական վերահսկողություն է իրականացնելու համատեղ ծրագրերի իրագործման նկատմամբ: