«Պահպանենք կինո «Մոսկվայի» բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնությունն այսօր նամակ է հղել ՀՀ վարչապետին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Ինչպես tert.am-ին տեղեկացրեց խմբի անդամ Սարհաթ Պետրոսյանը, նամակով իրենք հորդորում են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը չքանդել եւ այդ վայրում եկեղեցի չկառուցել: Խմբի անդամները խորհուրդ են տալիս չկրկնել խորհրդային իշխանության սխալները, երբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվեց, եւ փոխարենը «Մոսկվա» կինոթատրոնի շենքը կառուցվեց: «Պետք չէ այժմ էլ դահլիճը քանդել եւ փոխարենը եկեղեցի կառուցել»,- ասաց Պետրոսյանը: Բացի այդ, նախաձեռնության անդամները պնդում են, որ կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճը համարվում է Երեւանի արդի ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը: «Մենք պահանջում ենք նաեւ այս նախագիծը հանրային քննարկման դնել, քանի որ այդ գործընթացը չպետք է գաղտնի ընթանա»,- նշեց խմբի անդամը: Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ հաղթելու են, քանի որ, ըստ Պետրոսյանի, ինտերնետում կարճ ժամանակահատվածում իրենց պայքարին 1500-ից ավելի մարդ է միացել: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության վերջին որոշումներից մեկով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով օտարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար: