Լրահոս
Օրվա լրահոսը

«911»-ը լուծարվում է պարտքերի պատճառով

Մարտ 10,2010 00:00

«911» դեղատնային ցանցն այլեւս սպառողներին չի սպասարկելու: Երեկվանից այդ ցանցի դեղատներից ոչ մեկն արդեն չէր գործում: Հաշվի առնելով, որ վերջերս դեղ ներկրող շատ ընկերությունների նկատմամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանքներ կիրառեց, կասկածներ կային, որ այդ դեղատնային ցանցի տնտեսվարողները փակել են իրենց դեղատները՝ ցույց տալու, որ չեն կարողանում գործել, մանավանդ որ՝ դեղերի շուկայի շատ գործարարներ տուգանվելիս վստահեցնում էին, որ իրենք իսկապես չեն կարողանա այդքան մեծ տույժի տակից դուրս գալ, «տակ կտան» ու կլուծարվեն: Սակայն հանձնաժողովից «Առավոտին» տեղեկացրին, որ իրենք կոնկրետ «911» դեղատնային ցանցի հետ կապված որեւէ որոշում չեն կայացրել: Մայրաքաղաքի «911» դեղատներից մեկում «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենք էլ պատճառները չգիտեն, բայց ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունը եւ մոտ 10 օրից հնարավոր է՝ նորից սկսեն գործել: Սակայն մեր հավաստի աղբյուրների տվյալներով՝ «911» դեղատնային ողջ ցանցը լուծարվում է պարտքերի պատճառով: Ձեռնարկատերերը հսկայական հարկային պարտավորություններ ունեն, բացի այդ, մեծ գումարի վարկ են վերցրել՝ բիզնեսն ընդլայնելու համար, եւ հիմա չեն կարողանում այն մարել, ինչի պատճառով էլ լուծարվում են: Այս առնչությամբ Պետեկամուտների կոմիտեից խոստացան տրամադրել պաշտոնական պարզաբանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել