Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՎ 252 ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ ԿԱ

Մարտ 10,2010 00:00

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին: Շնորհակալություն հայտնելով 252-րդ բանաձեւի ընդունման առիթով՝ ՀՌԱԿ ատենապետը, մասնավորաբար, նկատում է. «252-րդ բանաձեւում հիմնավոր են ներկայացված հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան կառավարության իրականացրած լայնամասշտաբ հանցագործությունները, որոնք արձանագրված են բազմաթիվ երկրների արխիվային փաստաթղթերում ու վավերագրերում եւ փաստում են, որ 1915-1923 թթ. հայ ազգի նկատմամբ իրագործած գործողությունները հանցագործություն էին մարդկության հանդեպ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ բանաձեւում տեղ է գտել մի անճշտություն, որը, հավանաբար, պետք է վերագրել Ձեր կամ հայանպաստ գործունեություն ծավալած այն կոնգրեսականների օգնականներին, որոնք 252-րդ բանաձեւը նախապատրաստելիս օգտվել են Հայոց պատմությունը խեղաթյուրող ու խիստ կասկածելի աղբյուրներից, հակառակ պարագայում բանաձեւում տեղ չէր գտնի այն արտահայտությունը, թե իբր հայերը զրկվել են իրենց 2500-ամյա բնօրրանից: Հեռու լինելով պատմական բանավեճ սկսելու ցանկությունից՝ ուղղակի ուզում եմ նշել, որ բազմաթիվ են օտար քաղաքակրթությունների վկայությունները այն մասին, որ Հայ ազգը արարել ու ստեղծագործել է Հայկական լեռնաշխարհում 4500-ից ավելի տարիներ, հետեւաբար, 252-րդ բանաձեւում ավելի արդարացի կլիներ, որպեսզի հայ ազգի ծագումնաբանությանը վերաբերող որեւէ տարեգրություն չգրվեր, այլ ուղղակի փաստվեր, որ Ցեղասպանության, թալանի ու կողոպուտի հետ մեկտեղ տեղի է ունեցել հայրենազրկում: Ինչեւիցե, տեղյակ եմ, որ այս պահին խմբագրական որեւէ փոփոխություն կատարելը հնարավոր չէ, հետեւաբար մնում է հուսալ, որ Ձեր ղեկավարած հանձնաժողովը այսուհետեւ հայ ազգի պատմությանը վերաբերող բանաձեւեր կազմելիս կօգտվի զուտ հայկական ակադեմիական հաստատություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել