Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՍՏԱՆԱԼ՝ ՈՉԻՆՉ ՉՏԱԼՈՎ

Մարտ 06,2010 00:00

Սկիզբը

Բանն այն է, որ թեպետ միջազգային պայմանագրերի վերաբերյալ հայտնի կոնվենցիան թույլատրելի է համարում պայմանագրերի եւ միջպետական փաստաթղթերի վավերացման դեպքում վերապահումների առկայությունը, սակայն միջազգային պրակտիկայում սովորաբար այն կիրառվում է բազմակողմ փաստաթղթերի պարագայում: Մյուս կողմից, այն մտահոգությունները, որոնք հնչում են արձանագրություններում ամրագրված մտադրությունների հետ կապված, վավերացման այս փուլում հիմնավոր չեն, քանի որ առկա է Սահմանադրական դատարանի որոշումը՝ հետագայում այդ մտադրությունները կյանքի կոչելու նպատակով մշակման ենթակա փաստաթղթերի սահմանադրականությունը ապահովելու պահանջով: Հետեւաբար, մեր խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացնի առանց վերապահումների, գիտակցելով, որ հակառակը կնշանակի ուղղակի զրոյացնել Հայաստանի քաղաքական նախաձեռնությունների սպասվելիք արդյունքները: Ավելին, հարկավոր է նկատի ունենալ նաեւ այն, որ արձանագրությունների վավերացման խորհրդարանական ողջ ընթացքն ու քննարկման ժամանակ հնչեցրած հարցադրումները գործնականում նույնպես ազդեցություն են ունենալու համանման գործընթացների վրա Թուրքիայում:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում արձանագրությունների վավերացման ժամկետին, ապա, իրոք, ավելի նպատակահարմար է դրանք վավերացնել Թուրքիայի խորհրդարանում առանց վերապահումների նշված արձանագրությունները վավերացնելուց հետո: Սակայն պետք չէ բացառել զարգացումների այնպիսի ընթացք, երբ քաղաքական նպատակահարմարությունը կթելադրի, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը, չսպասելով Թուրքիայի քայլերին, արձանագրությունները առանց նախապայմանի վավերացնի՝ վերջինիս վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու համար:

Բոլոր դեպքերում, թեեւ իրադարձությունների տրամաբանական ընթացքն ապահովելու գործում Հայաստանի ազդեցությունը դեռեւս պահպանվում է, սակայն գնալով ավելի ու ավելի է պարզ դառնում, որ հիմնական պրոբլեմը Թուրքիան է, իսկ, ավելի ճիշտ, Թուրքիայի՝ չափից ավելի հավակնությունները: Եվ խնդիրն այն է, որ Թուրքիան փորձում է իր այդ հավակնություններին հասնել, ըստ էության, ոչինչ չզիջելով, ինչպես ասում են՝ «ստանալ ամեն ինչ՝ ոչինչ չտալով»: Իսկ դա ոչ միայն ողջամիտ չէ, այլեւ ազնիվ չէ՝ թե ռազմավարական դաշնակիցների, թե միջազգային հանրության եւ թե սեփական ժողովրդի հանդեպ: Կարծում եմ՝ սա է Թուրքիայի հիմնական պրոբլեմը:

Որքա՞ն Թուրքիան կփորձի չարաշահել միջնորդների համբերությունը՝ դժվար է ասել, սակայն այդ առումով նա ժամանակի շատ ռեսուրս չունի (ապրիլի 24-ը սարերի ետեւում չէ): Շատ բան պարզ կդառնա ապրիլի 16-ին Միացյալ Նահանգներ՝ Թուրքիայի վարչապետի սպասվող այցի արդյունքում: Բայց անկախ ամեն ինչից, մի բան կարելի է փաստել՝ միջազգային հանրության կողմից շատ բան է դրված խաղասեղանին եւ բոլորովին նախանձելի չի լինի այն պետության վիճակը, որի պատճառով տարածաշրջանում կայուն խաղաղության համար նոր եւ խոստումնալից իրավիճակ ստեղծելու այս բացառիկ հնարավորությունը կձախողվի: Համոզված եմ, որ դա Հայաստանը չի լինելու: Միաժամանակ քաղաքական ողջամտությունը հուշում է, որ աններելի շռայլություն կլինի այս բացառիկ հնարավորության կորցնելը եւ համոզված եմ, որ Թուրքիայի խորհրդարանը առանց վերապահումների կվավերացնի արձանագրությունները:

Եվ վերջին դիտարկումը: Այս օրերին նույնիսկ թուրքական առաջատար թերթերն են սկսել կասկածի տակ առնել թուրքական դիվանագիտության անպարտելիության մասին տարածված առասպելը: Թեպետ համոզված եմ, որ պետք չէ այս գործընթացներում փնտրել հաղթողին, բայց, այնուամենայնիվ, հայկական դիվանագիտության հաջողություններն այսօր առավել քան ակնհայտ են եւ թուրքական դիվանագիտության մասին մեզանում ձեւավորված կարծրատիպը սկսում է ճեղքեր տալ: Կարելի է համարձակորեն պնդել, որ մեր հարեւանների դիվանագիտական կարողությունների մասին մեզ հրամցրած առասպելական պատկերացումները, որոնք սպառնում էին վերածվել թերարժեքության բարդույթի, ընդամենը սեփական անգործությունը կամ անկարողությունը քողարկելու միջոց են:

Իրերի ընթացքը ապացուցում է, որ երբ դիվանագիտությունը կառուցվում է սեփական անվտանգությունը ապահովելու ազնիվ եւ բոլորին հայտնի սկզբունքների վրա, այլոց շահերն ու հետաքրքրությունները հարգելու, ինչպես նաեւ պարագաների օբյեկտիվ իրողության հետ հաշվի նստելու պատրաստակամությամբ, ապա հաջողությունը անխուսափելի է: Եթե Հայաստանին հաջողվի այսուհետ եւս պահպանել իր խոհեմ եւ կառուցողական կեցվածքը, իսկ կասկածից վեր է, որ այդպես էլ կլինի, ապա անկախ արդյունքներից, Հայաստանը շահած դուրս կգա իր համար այս շատ կարեւոր «մրցամարտից»: Համոզված եմ, որ սա այն դեպքն է, երբ սպիտակները սկսում են եւ շահում են խաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել