(Սկիզբը՝ նախորդ համարում)
Թումանյանը շատ լրջորեն է մոտեցել պոեմի ստեղծման աշխատանքներին: Ուսումնասիրել է մի քանի սկզբնաղբյուրներ եւ նույնիսկ գնացել է Ջավախքի Գյումուրդայ գյուղը՝ Թմկաբերդի ավերակներն ու տեղանքն ուսումնասիրելու: Սկզբնաղբյուրներից մեկը եղել է Եր. Լալայանի «Ջավախքի բուրմունքներ» ժողովածուն: «Թմկաբերդի առումը» ավանդության մեջ պատմվում է, թե մի ժամանակ բերդում ապրում էր մի հայ իշխան: Պարսից թագավորը չի կարողանում այս բերդը նվաճել: Իշխանի կինը սիրահարվում է շահին եւ պայմանավորվում ամուսնանալ նրա հետ, եթե ինքը սպանի իր ամուսնուն ու բերդը հանձնի շահին: Կինը հարբեցնում է բերդապահ զորքին, ու շահի զորքը ներխուժում է բերդ: Սակայն կինը փոշմանում է իր արարքից, եւ շահը նրան սպանել է տալիս: Հետաքրքիր գործ է ստեղծել նաեւ վերածննդի շրջանի գրականության սկզբնավորողներից Մատթեո Բանդելլոն: Իր ստեղծագործությունների համար օգտագործել է իրական դեպքերը: Մ. Բանդելլոյի «Կոմսուհի դի Չելլան» նովելում հերոսուհին որոշում է սպանել իր սերը մերժած տղամարդուն: Նպատակին հասնելու համար սիրային կապ է ստեղծում ուրիշ տղամարդու հետ: Եվ ինչպես Իշտար աստվածուհին, այս մեկին դրդում է սպանել առաջինին: Դեպքերի հետագա զարգացման ընթացքում իմացվում է այդ կնոջ հանցավոր վարքի մասին, եւ կոմսուհին գլխատվում է: Ի դեպ, Մ. Բանդելլոյի ստեղծագործություններից դրամատիկական վերամշակման է ենթարկել Վ. Շեքսպիրը:
Ըստ Շեքսպիրի, առողջ, բանական կինն ընդունակ չէ մահափորձի, դրա համար նրա էությունը պետք է փոխվի: Լեդի Մակբեթն իր ազգական Դունկան թագավորին սպանելուց առաջ օգնության է կանչում չար ոգիներին…
«Սասունցի Դավիթ»-ում, երբ հակառակորդ երկրի կանայք՝ Իսմիլն ու նրա դուստրը, վկայակոչում են իրենց կանացի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են մայրությունն ու քույրությունը, ապա կարողանում են ազդել հայ տղամարդու վրա, որպեսզի նա իջեցնի իր զենքը: Բայց բավական է, որ կինը զենք վերցնի ու նենգորեն նետահարի տղամարդու թիկունքը, ապա Սասունցի Դավիթի մահամերձ գոռոցն իսկ մահաբեր է դառնում նման կնոջ համար, նույնիսկ եթե դա հարազատ աղջիկն է:
Համլետը կտրուկ փոխում է իր վերաբերմունքը հարազատ մոր նկատմամբ, երբ յուրօրինակ փորձաքննության միջոցով իր համար պարզում է հոր մահվան մանրամասները: Նա արհամարհանքով ու հեգնանքով է քննարկում մոր բարոյահոգեբանական հանդերձանքը, նրա ամուսնությունն ու երջանկությունը: Ենթադրելի է, որ նման արտահայտություններ կարող էր օգտագործած լինել նաեւ Համլետից հազարամյակներ առաջ ապրած Նինուասը: Համլետը կշտամբում է մորը, ով, հավանաբար գիտակցելով իր արածը, փոշմանում ու փորձում է փրկել որդու կյանքը: Նա է խմում թունավորված խմիչքը, որ եղբայրասպան թագավորը նախատեսել էր արքայազն Համլետի համար:
Մշակութային վաղնջական շերտերից մեզ են հասել օտար կամ ազգական կանանց ներսեռային ագրեսիվ պայքարի նկարագրություններ:
Օրինակ, Տանտալոսի դուստր Նիոբեն յոթ տղա եւ յոթ աղջիկ ուներ: Լետո դիցամայրն ուներ մեկ որդի՝ Ապոլլոնը եւ մեկ դուստր՝ Արտեմիսը: Նիոբեն սկսում է ծաղրել Լետոյին, որ նա ընդամենը երկու երեխա ունի ու նրան «ամուլ» է անվանում: Վիրավորված Լետոն վրեժի կոչ է անում իր զավակներին: Ապոլլոնը նետահարում է Նիոբեի ամուսնուն ու տղաներին, իսկ Արտեմիսը՝ դուստրերին:
Շարունակելի