Սպիտակները սկսում են եւ շահում են խաղը
Առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդիրը՝ շնորհիվ Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքական նախաձեռնության եւ դրանով պայմանավորված՝ երկու երկրների միջեւ սկիզբ առած եւ միջազգային հանրության անմիջական աջակցությունը վայելող զարգացումների, այսօր դարձել է միջազգային քաղաքականության օրակարգի հիմնական հարցերից մեկը: Միջազգային ընկերակցության համար այն հրատապ է եւ խոստումնալից հատկապես այն պատճառով, որ կարգավորման արդյունքում բավարար նախադրյալներ են ստեղծվում տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մակարդակի կտրուկ բարձրացման եւ միջպետական բազմակողմ ու փոխշահավետ համագործակցությունը խթանող որակապես նոր եւ վստահելի աշխարհաքաղաքական միջավայրի ձեւավորման համար:
Զարգացումների վերաբերյալ միջազգային հանրության նման սպասումները միանգամայն իրատեսական են եւ արդարացված հատկապես այն պատճառով, որ երկու պետությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները (այսինքն՝ բուն արձանագրությունները) ոչ բացահայտ եւ ոչ էլ քողարկված ձեւով չեն պարունակում որեւէ նախապայման, որոնց մասին վերջին 18 տարիների ընթացքում անդադար ազդարարում էին բոլոր ժամանակների թուրքական իշխանությունները եւ որոնք, անկասկած, կհանգեցնեին անհաղթահարելի դժվարությունների: Եվ դրանում, նախեւառաջ, պետք է տեսնել ձեռք բերված բազմակողմ պայմանավորվածությունների եւ ստորագրված արձանագրությունների գլխավոր քաղաքական արժեքը:
Ընդսմին, երկու երկրների փոխհարաբերությունների բնականոնացումը զարգացումների ներկա փուլում ենթադրում է միջպետական հարաբերությունների այնպիսի համակարգի ձեւավորում, որը հնարավորություն կտա կողմերին իրենց միջեւ առկա խնդիրների լուծումները փնտրել բացառապես փոխադարձ շփումների եւ բանակցությունների միջոցով՝ նպաստելով երկուստեք հետաքրքրությունների լայն սպեկտրում փոխշահավետ հարաբերությունների ձեւավորմանն ու բնականոն զարգացմանը: Առանձնապես խորաթափանցություն չի պահանջվում նկատելու համար, որ պարագաների նման վիճակը անհամեմատ նախընտրելի է, քան փոխադարձ սպառնալիքներն ու վտանգները, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իրական բարիդրացիական հարաբերությունների մասին, ցավոք, դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի խոսել:
Ակնհայտ է, որ այս ամենը ուղղակիորեն շոշափում են երկու երկրների ամենակենսական շահերը եւ արդեն երկրորդ տարին է՝ դրանք առավել քննարկվող հարցերն են թե Հայաստանում եւ թե Թուրքիայում: Միանգամայն օրինաչափ պետք է համարել նաեւ խնդրո առարկայի վերաբերյալ մոտեցումների եւ տեսակետների առատությունն ու բազմազանությունը՝ թե մեզանում եւ թե մեր հարեւանների մոտ:
Սակայն իրերի բուն էությունը ընկալելու համար առավել օգտակար է դրանց անդրադառնալ՝ կենտրոնանալով ոչ թե փաստերի եւ դրանց ժամանակագրության վրա, որքան այն գործոնների եւ խորքային շարժառիթների վրա, որոնք կարող են նախապայմանավորել կողմերի վարքագիծը եւ զարգացումների հետագա ընթացքը:
Անտարակույս, Հայաստանի համար խնդրի հրատապությունը պայմանավորված է նախ եւ առաջ երկարաժամկետ հատվածում մեր ազգային անվտանգության համար կայուն երաշխիքներ ձեւավորելու եւ տարածաշրջանում սեփական մնայուն տեղն ու դերը ապահովելու հրամայականով:
Տարածաշրջանում ձեւավորված իրողությունների բերումով այլեւս անհրաժեշտություն էր դարձել, որպեսզի Հայաստանը, թե հարեւաններին եւ թե միջազգային ընկերակցությանը, առանց որեւէ երկիմաստության հասկացնել տար, որ չի պատրաստվում հաշտվել ոմանց աշխարհաքաղաքական այն հաշվարկներին, որոնցում տարածաշրջանային զարգացումներում Հայաստանին վերապահված էր «մայրուղու մայթեզրին նստածի» համեստ կարգավիճակ: Որ չի կարող նախընտրելի լինել տարածաշրջանում կայունություն, անվտանգություն եւ բարեկեցություն «խոստացող» որեւէ քաղաքականություն, որը կառուցված է սեփական ժողովուրդների ապագան մեկ ուրիշին մեկուսացնելու հաշվին երաշխավորելու, հեռանկար չունեցող գաղափարի վրա: Եվ որ փոխարենը Հայաստանն առաջարկում է տարածաշրջանի ժողովուրդների անտանգությանն ու բարեկեցությանը հասնելու առավել արդյունավետ եւ խոստումնալից ճանապարհ՝ երկխոսություն եւ համագործակցություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների եւ հարցերի ողջ ծավալով:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի անվտանգության իրական սպառնալիքները պայմանավորված են Թուրքիայով: Թեպետ պատերազմը վերսկսելու հոխորտանքները հնչում են Ադրբեջանից, սակայն դրանք կարող են մեր անվտանգության համար լուրջ սպառնալիք լինել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Թուրքիայի ջանքերով գտնվում է շրջափակման ակցանների մեջ: Հետեւաբար Հայաստանը կանգնած է շատ պարզ երկընտրանքի առջեւ՝ կամ հաշտվել իր գլխին կախված այդ վտանգների հետ եւ հույսը դնել այլոց բարեհաճության եւ պատահականությունների վրա, կամ նախաձեռնել քայլեր այդ սպառնալիքները հնարավորինս չեզոքացնելու ուղղությամբ: Պետք է շատ չցանկանալ, որպեսզի չընդունել երկրորդ ուղղության ակնհայտ շահեկանությունը՝ բոլոր առումներով:
Հարկ է նշել, որ իրերի նման ընկալումը միշտ էլ բնորոշ է եղել մեր իշխանություններին եւ տարբեր պարբերականությամբ ձեռնարկվել են քայլեր Թուրքիայի հետ երկխոսություն ծավալելու ուղղությամբ: Սույն տողերի հեղինակը նույնպես, սկսած 1992թ-ից, լինելով հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման համոզված կողմնակից, հնարավորինս փորձել է նպաստել այդ երկխոսության կայացմանը:
Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի նախաձեռնությունները՝ նույնիսկ խոշոր պետությունների անմիջական աջակցության պարագայում, չէին ստանում անհրաժեշտ շարունակություն, քանի որ այդ նախաձեռնություններին հակադրվում էր թուրքական դիրքորոշումը, որը թերեւս կարելի է բանաձեւել հետեւյալ կերպ՝ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները լուրջ հետաքրքրություն չեն ներկայացնում, դրանք բխում են բացառապես Հայաստանի շահերից եւ պետք են միայն Հայաստանին: Հետեւաբար, Թուրքիան կարող է ընդառաջել Հայաստանի խնդրանքին եւ քննարկել նրա հետ հարաբերություններ հաստատելու խնդիրը, եթե Հայաստանը կատարի Թուրքիայի կողմից առաջ քաշվող, այսօր արդեն բոլորին քաջ հայտնի, երեք նախապայմանները: Հասկանալի է, որ Թուրքիայի նման մոտեցումները տարածաշրջանի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի թուրքական ընկալումների արդյունք էին եւ, ինչպես ցույց տվեց ժամանակը, ոչ միայն չէին նպաստում Հարավային Կովկասում կոնֆլիկտայնության մակարդակի իջեցմանը, այլեւ ավելի էին խորացնում լարվածությունը:
Սակայն ռուս-վրացական ռազմական կոնֆլիկտից հետո տարածաշրջանում ձեւավորվեց նոր աշխարհաքաղաքական իրողություն: Տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության խնդիրները նոր հնչեղություն ստացան գլոբալ անվտանգության համատեքստում եւ հայտնվեցին բոլոր ազդեցիկ խաղացողների քաղաքական օրակարգերում: Արդյունքում, միջազգային ընկերակցության ընկալումներում որոշակիորեն վերաիմաստավորվեցին կայունության եւ անվտանգության երաշխիքների ձեւավորման գործում տարածաշրջանի պետությունների պատասխանատվության խնդիրները՝ նրանց նկատմամբ պահանջները խստացնելու առումով:
Ակնհայտ էր, որ հակասությունների ու հակամարտությունների վերաբերյալ նախկին մոտեցումներն ու մեկնաբանություններն այլեւս իրենց սպառել էին եւ զգացվում էր ժամանակի պահանջներին ադեկվատ քաղաքական այնպիսի նախաձեռնությունների անհրաժեշտություն, որոնք կարող էին տարածաշրջանում նոր կառուցողական զարգացումների սկիզբ դառնալ:
Հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությունները՝ իրենց բովանդակությամբ եւ խորությամբ, տարածաշրջանի ժողովուրդներին հենց այդպիսի զարգացումներ են խոստանում եւ միանգամայն համապատասխանում են միջազգային հանրության սպասումներին: Ընդ որում, Հայաստանի պարագայում բոլորովին երկրորդական չէ այն հանգամանքը, որ անկախացումից ի վեր առաջին անգամ մեր կենսական շահերը ոչ միայն չեն հակասում տարածաշրջանի եւ միջազգային հանրության ազդեցիկ դերակատարների ռազմավարական նպատակներին, այլեւ պատմական զարգացումների ներկա փուլում ուղղակիորեն բխում են դրանցից՝ Հայաստանի անվտանգության հրամայականները նույնացնելով տարածաշրջանի անվտանգության խնդիրների հետ:
Մինչդեռ բոլորովին այլ են ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակից մեր հարեւանների սպասումները, հետեւաբար նաեւ նրանց կողմից հետապնդվող նպատակները:
Ռուս-վրացական ռազմական առճակատումը իրականում տարածաշրջանում ռուս-ամերիկյան հակադրության ուղղակի հետեւանքն էր եւ նրա արտաքին ու տեսանելի դրսեւորումը: Վրաստանի անհաջողությունը էապես նվազեցրեց Հարավային Կովկասում մինչ այդ նրան վերապահված աշխարհաքաղաքական նշանակությունը, փոխարենը ուժեղացնելով Ռուսաստանի ազդեցությունն ու ներկայությունը: Այս պարագան առաջացրեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական խճանկարում տեղաշարժերի եւ փոփոխությունների անհրաժեշտություն:
Եվ առաջինը այդ անհրաժեշտությանը արձագանքեց եւ դրանով իսկ կողմերին (Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին) իր հնարավոր նոր դերակատարումն առաջարկեց Թուրքիան (դեռ չէին դադարել կրակոցները Ցխինվալում, իսկ Թուրքիայի վարչապետը արդեն Մոսկվայում էր): Այսինքն, նոր իրավիճակը մեր հարեւաններին ընձեռում է տարածաշրջանում ազդեցիկ պետության նոր դերակատարում ստանձնելու հնարավորություն եւ, Թուրքիան չէր կարող ձեռքից բաց թողնել այն: Բոլորովին պատահական չէր, որ Էրդողանը Մոսկվա էր ժամանել Հարավային Կովկասում անվտանգության պակտի մշակման եւ ընդունման նախաձեռնությամբ (որն այդպես էլ իրականություն չդարձավ):
Սակայն բանն այն է, որ ազդեցիկ պետության կարգավիճակը ոչ միայն իրավունքներ է ընձեռում, այլեւ ենթադրում է որոշակի պարտավորություններ, տվյալ դեպքում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության երաշխիքների ձեւավորման գործում սեփական ազդեցությունն ու հեղինակությունն օգտագործելու առումով: Այսինքն՝ իր նոր հավակնություններն իրականություն դարձնելու համար Թուրքիան պարտավոր է ապացուցել միջազգային հանրությանը, որ ունակ է սեփական մասնակցությամբ խթանել տարածաշրջանի ամենաբարդ խնդիրների լուծման գործընթացները, այդ թվում՝ իր հարեւան հայերի հետ «լեզու գտնելու» հարցում, դրանով իսկ իր գործնական նպաստը բերելով Հարավային Կովկասում լարվածության մեղմացմանն ու կայունության հաստատմանը:
Հետեւաբար, Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հանդիսանում է տարածաշրջանում որակապես նոր դերակատարում ստանձնելու եւ այն միջազգային հանրության համար ընդունելի դարձնելու բացառիկ հնարավորության խնդիր եւ, պարզ է, որ այդ կարգավորման խնդրում Թուրքիան պակաս շահագրգռված չէ, քան Հայաստանը:
Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում նոր զարգացումները կարող են սկսվել միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ հայ-թուրքական սահմանի բացման կամ Հայաստանի ապաշրջափակման պարագայում: Այսինքն, առանց այս երկու խնդիրների կարգավորման, մնացած բոլոր հարցադրումները կորցնում են իրենց իմաստը: Ընդ որում, վերջինի կարեւորությունը պայմանավորված է նաեւ նրա տարածաշրջանային նշանակությամբ, որը դժվար է թերագնահատել, քանի որ այն կարող է դառնալ Հայաստանի փաստացի ապամեկուսացման միջոցով տարածաշրջանի կայուն եւ խաղաղ զարգացումը երաշխավորող, տարածաշրջանի ժողովուրդներին մեծ հեռանկարներ խոստացող աշխարհաքաղաքական նոր գործընթացի մեկնարկը՝ դառնալով միաժամանակ այդ գործընթացի անշրջելիության կարեւոր երաշխիքը:
Հետեւաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հրատապությունը պայմանավորված է տարածաշրջանի խաղաղ զարգացման համար կայուն երաշխիքներ ձեւավորելու հրամայականով:
Ավելին, թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի նախագահի նախաձեռնություններին արձագանքելը կարող է որակվել որպես տարածաշրջանի կայունության ապահովման գործում ազդեցիկ պետության դերակատարմանը հավակնող երկրի՝ սեփական պատասխանատվության գիտակցում եւ այն արդարացնելու գործնական դրսեւորում:
Ահա թե ինչու երկու պետությունների հարաբերությունների կարգավորումը Թուրքիան չի կարող դիտարկել որպես Հայաստանին ընդառաջելու բարի կամքի դրսեւորում, այլ ստիպված է դիտել որպես տարածաշրջանի կայունության ապահովման գործում իր ուղղակի պատասխանատվությունն արդարացնելու հնարավորություն եւ, հետեւաբար, այն չի կարող իրականացվել որեւէ նախապայմանով:
Հետեւաբար երկու պետությունների համար ձեւավորվել է պատմական լուրջ հնարավորություն, մի յուրատեսակ պատուհան, իրենց երկարաժամկետ շահերին համապատասխան միջպետական հարաբերություններ հաստատելու համար լուրջ նախադրյալներ ստեղծելու առումով եւ, անկասկած, պատմական այս պատեհությունից չօգտվելը աններելի շռայլություն կլինի երկու ժողովուրդների համար: Եվ ակնհայտ է, որ արձանագրությունների վավերացումը, ըստ էության, այդ պատուհանը բացելու համարձակ եւ ապագա խոստացող քայլ կլինի: Այն կողմերին հնարավորություն կտա 21-րդ դարում քաղաքակիրթ միջպետական հարաբերություններ կառուցելու երկար ու դժվարին ճանապարհին կատարել առաջին փոքր, բայց շատ խոստումնալից քայլը:
Եվ թվում է, թե կողմերն առավելագույնը պետք է գործադրեին միմյանց միջեւ առկա թշնամանքի եւ անվստահության մթնոլորտը՝ մեղմելու եւ սեփական հասարակությանը կարեւորագույն որոշումների ընդունմանը նախապատրաստելու համար:
Արձանագրությունների հրապարակումից հետո հայաստանյան զարգացումները աներկբա հաստատում են այն իրողությունը, որ թեեւ արձանագրությունների շուրջ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում միակարծություն չկա եւ քաղաքական կրքերն էլ հաճախ չափից ավելի բորբոքվում են, այդուհանդերձ, պաշտոնական Երեւանը՝ ի դեմ հանրապետության նախագահի եւ արտգործնախարարի, տեղի չտվեց այդ ճնշումներին, իր գործողություններում չշեղվեց վաղօրոք հայտարարած նպատակներից, ապացուցելով, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական նոր ուղղությունը դա իմաստավորված ընտրություն է եւ իրենք խորապես համոզված են սեփական նախաձեռնությունների հեռանկարայնությունում:
Ավելին, իրենց հայտարարություններով, մեկնաբանություններով եւ կոնկրետ քայլերով մեր իշխանությունները մշտապես գտնվեցին քաղաքական վստահելի գործընկերոջը բնորոշ բարձրության վրա՝ չփորձելով երբեւէ արձանագրությունների վավերացման հանգամանքը դարձնել գործընկերների հետ իրենց հարաբերություններում շահարկման առարկա՝ հավելյալ դիվիդենդներ կորզելու նպատակով: Հայության համար այդչափ զգայուն հարցում մեր իշխանությունների նման կշռադատված եւ ողջամիտ քաղաքական վարքագիծը մեծապես նպաստեց Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը եւ միջազգային գործերում վստահելի գործընկերոջ համարումի ձեւավորմանը:
Մինչդեռ զարգացումների հետագա ընթացքը բավարար հիմքեր է տալիս ենթադրելու, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը նպատակադրվել է ստեղծված իրավիճակը օգտագործել ոչ միայն Հարավային Կովկասում ազդեցիկ դիրքեր գրավելու համար, այլեւ իրավիճակը բարենպաստ է համարում նրա սահմաններից դուրս՝ մեծ Մերձավոր Արեւելքում եւ նույնիսկ իսլամական աշխարհում առաջատարի դեր ստանձնելու համար (Թուրքիան վճռականորեն փչացնում է իր հարաբերությունները Իսրայելի հետ):
Այդ է պատճառը, որ Թուրքիայի ղեկավարությունը որդեգրեց բոլորովին այլ գործելաոճ, ընդ որում միանգամայն ոչ կառուցողական եւ ոչ նպաստավոր՝ բանակցային գործընթացը ներկա փուլում իր տրամաբանական հանգրվանին հասցնելու առումով: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան գերագնահատեց (եւ կարծես թե շարունակում է գերագնահատել) ռուս-վրացական պատերազմական առճակատումից հետո Հարավային Կովկասում եւ նրա շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական նոր իրողություններում նոր դերակատարում ստանձնելու իր հնարավորություններն ու կարողությունները: Ստեղծվում է տպավորություն, որ Անկարայում համոզված էին, որ ռուս-վրացական կոնֆլիկտը անշրջելիորեն կփչացնի Արեւմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերությունները, դառնալով անվստահության եւ հարաբերությունների սառեցման տեւական փուլի սկիզբը: Նման պարագաներում ստեղծվում են ռեալ նախադրյալներ վերակենդանացնելու «սառը պատերազմի» շրջանում Արեւմուտքի համար Թուրքիային վերապահված դերակատարումը, ընդ որում՝ վերջինիս թուրքական նոր ըմբռնումով:
Թերեւս սրանով կարելի է բացատրել, որ Թուրքիան, ըստ էության, սկսեց դրսեւորել ոչ միայն տարածաշրջանի եւ մեծ Մերձավոր Արեւելքի ամենաազդեցիկ պետությունը դառնալու, այլեւ իսլամական աշխարհի առաջատարի դերը ստանձնելու անթաքույց հավակնություններ: Արտաքին քաղաքականության մեջ այս կտրուկ փոփոխությունները վկայում են, որ Թուրքիան լրջորեն մտադրվել է օգտագործել առիթը եւ փոխել իր կարգավիճակը միջազգային գործերում՝ տեղափոխվելով «ավելի ծանր քաշային կատեգորիա», որը ենթադրում է ուժերի հարաբերակցության մեջ լուրջ փոփոխություններ՝ թե տարածաշրջանում եւ թե միջազգային մակարդակում:
Միգուցե նման հավակնությունների համար Թուրքիան ունի որոշ հիմքեր, բայց հարցն այն է՝ արդյո՞ք դրանք արդարացված են եւ այնչափ բավարար, որպեսզի միջազգային ընկերակցությունը, աշխարհի ուժեղները գնան աշխարհաքաղաքական այդպիսի կտրուկ փոփոխությունների: Իհարկե, այս հարցի վերջնական պատասխանը միայն ժամանակը կտա, այն էլ ոչ շատ հեռու ապագայում, սակայն առ այսօր միջազգային ընկերակցության կողմից Թուրքիայի ձգտումներին ըմբռնումով մոտենալու ցանկություն չի նկատվում:
Առավել եւս, որ Թուրքիան իր այդ, մեղմ ասած, ոչ չափավոր հավակնություններին հասնելու համար ընտրել է, ի սկզբանե, «խփված խաղաքարտ», այն է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նկատելի առաջխաղացումը միջազգային հանրությանը ներկայացնել որպես բացառապես Թուրքիայի ողջամիտ եւ խաղաղասեր քաղաքականության արդյունք (գտնվեց նաեւ շատ հրապուրիչ ձեւակերպում՝ զրո պրոբլեմներ հարեւանների հետ) եւ որ այդ քաղաքականությունը Թուրքիան որդեգրում է նախեւառաջ միջազգային ընկերակցության հետաքրքրություններին ընդառաջելու եւ Հայաստանի հանդեպ բարի կամք դրսեւորելու նպատակով, ընդ որում՝ «թուրք հասարակության համար անասելի զիջումների» գնով:
Եվ այս ամենի դիմաց Թուրքիան «արդարացիորեն պահանջում է փոխհատուցում»՝ փորձում է միջազգային հանրությունից կորզել իր համար նպաստավոր աշխարհաքաղաքական դիրք եւ միջազգային ավելի մեծ ազդեցություն խոստացող հնարավորություններ:
Միայն այս ենթատեքստում կարող է մեկնաբանվել հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման ընթացքը եւ արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ կապելու Թուրքիայի նախանձելի համառությունը:
Փորձելով արձանագրությունների վավերացումը ուղղակիորեն պայմանավորել ղարաբաղյան կոնֆլիկտում հայկական կողմի զիջումների հաշվին որոշակի «շոշափելի» առաջխաղացում արձանագրելու անհրաժեշտության հետ, Թուրքիան, ըստ էության, շարունակում է հետամուտ լինել նախապայմանների միջոցով իր համար միակողմանի առավելություններ կորզելու մարտավարությանը: Հասկանալով, որ այդ նախապայմանները նա չի կարող առաջ քաշել հղում կատարելով արձանագրությունների տեքստերի վրա (որոնցում դրանք չկան եւ չէին էլ կարող լինել), մեր հարեւանը օգտագործում է «հաճելին օգտակարի հետ մեկտեղելու» հայտնի հնարքը: Այդ կերպ (երկու գործընթացները միմյանցով պայմանավորելով) Թուրքիան հետապնդում է միաժամանակ մի քանի նպատակ:
Ներկայանալով որպես իր ազգակից դաշնակցի շահերը հավատարմորեն պաշտպանող (որը, ի դեպ, Արեւմուտքում շատերի համար շատ ընկալելի է եւ դիտվում է միանգամայն բնական, առավել եւս, երբ այն համեմվում է Ադրբեջանի նավթային գործոնով), Թուրքիան փորձում է ոչ միայն սիրաշահել Ադրբեջանին եւ փրկել թուրք-ադրբեջանական ռազմավարական միության անխախտությունը, այլեւ երաշխավորել թե իր եւ թե տարածաշրջանում իր բնական դաշնակցի համար լուրջ աշխարհաքաղաքական դիրքեր:
Սակայն, որքան էլ Թուրքիայի համար կարեւոր լինի Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ պահպանելու խնդիրը, այն չի կարող ստվերել Թուրքիայի ռազմավարական հեռագնա նպատակները եւ դրանում է կարգավորման երկու գործընթացները միմյանց կապելու թուրքական նախաձեռնության ողջ իմաստը: Միջազգային ընկերակցությանը ներկայացնելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից շոշափելի առաջխաղացում ապահովելու պահանջը, Թուրքիան անթաքույց հետամուտ է լինում կոնֆլիկտի կարգավորման գործընթացի դե ֆակտո ուղղակի մասնակիցը, հետեւաբար նաեւ՝ պատասխանատուներից մեկը դառնալու իրավունք ձեռք բերելուն: Իսկ դա ավելին է, քան տարածաշրջանի ազդեցիկ պետություն դառնալու հավակնությունը:
Դժվար է ենթադրել, որ Թուրքիայում չեն գիտակցում, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման աշխարհաքաղաքական նշանակությունը չի սահմանափակվում լոկ Հարավային Կովկասով եւ նրա կարգավորման պատասխանատվությունը բացառապես աշխարհի ուժեղների առաքելությունն է: Հետեւաբար, Թուրքիան իր այդ «մարդասիրական եւ խաղաղարար» նախաձեռնությամբ ոչ այնքան հետամուտ է հակամարտության արդարացի կարգավորմանը, որքան փորձում է անհաջող քողարկել «ուժեղների հարավկովկասյան ակումբի անդամ» դառնալու իր նոր երազանքը: Սա է աշխարհաքաղաքական այն նոր դերակատարումը, որին, օգտագործելով վերը շարադրված հանգամանքները, ցանկացած գնով փորձելու է ձգտել Թուրքիան:
Ըստ էության, խոսքը գնում է միջազգային թատերաբեմում նոր ծանրքաշային խաղացողի՝ «Նոր Թուրքիայի» մուտքն արտոնելու մասին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Դա է այն կարգավիճակը, որին այդչափ եռանդուն ցանկանում է հասնել Թուրքիան, կարգավիճակ, որը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակի հետ միասին, թուրքական քաղաքականության համար խոստանում է նոր հորիզոններ: Թվում է, որ այդ նպատակին հասնելու խնդիրը Թուրքիայում այսօր իր կարեւորությամբ մրցակցում է նույնիսկ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմն առնելու ռազմավարական խնդրի հետ:
Ենթադրել, որ միջազգային քաղաքական Օլիմպոսի հնաբնակները հաճույքով կսեղմվեն նորահայտ ծանրքաշայինին իրենց շրջանում տեղ զիջելու համար, առավել եւս, որ վերջինս պատասխանատու պահերին ավանդաբար չի փայլել վստահելի գործընկերոջը բնորոշ վարքագծով, քիչ հավանական է: Այդ է պատճառը, որ թե Միացյալ Նահանգները, թե Եվրամիությունը եւ թե Ռուսաստանը առանց երկիմաստության մերժեցին՝ Հարավային Կովկասի ապագայի համար շատ կարեւոր եւ բարդ երկու գործընթացները միմյանցով պայմանավորելու վերաբերյալ իրենց կրտսեր գործընկերոջ նախաձեռնությունը:
Սակայն Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե այդքան հեշտությամբ հրաժարվեր իր նպատակներից: Նա պետք է փնտրեր եւ օգտագործեր նոր փաստարկներ՝ մի կողմից իր դիրքերը, եթե ոչ ավելի ամրապնդելու, ապա գոնե հուսալի պաշպանելու համար, մյուս կողմից՝ իր նպատակին հասնելու նոր հնարավորություններ փնտրելու համար: Եվ ահա փորձ է արվում որպես այդպիսի հնարավորություն օգտագործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ հայ-թուրքական արձանագրությունների Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանելու մասին հայտնի որոշումը: Որոշումն ընդունելուց հետո բառացիորեն անմիջապես տարածվեց Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը այդ որոշմամբ առաջ է քաշում նախապայմաններ, որ դա ուղղակիորեն հակացուցված է բանակցությունների եւ արձանագրությունների բուն բովանդակությամբ, եւ որ նման պարագայում արձանագրությունների վավերացման հեռանկարը Թուրքիայի խորհրդարանում դառնում է էլ ավելի մշուշոտ:
Տարօրինակն այն է, որ արձանագրությունների հրապարակումից ի վեր այս ողջ ընթացքում, եթե կար մի կողմ, որը անդադար, օգտագործելով ցանկացած հնարավորություն, փորձում էր առաջ տանել իր նախապայմանները, դա եղել է Թուրքիան: Եվ եթե այդ մասին գործընթացի միջնորդները բազմանշանակ լռում են, ապա ոչ այն պատճառով, որ Թուրքիայի գործելաոճում նրանք չեն նկատում ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածություններից հեռանալու փորձ եւ առավել եւս ոչ այն պատճառով, որ կիսում են թուրքական կողմի մոտեցումները: Ուղղակի, առաջնորդվելով քաղաքական ողջամտության կանխավարկածով, միջնորդները հավանաբար համոզված են, որ կողմերը գիտակցում են բանակցությունների տրամաբանական ընթացքն ապահովելու խնդրում իրենց ստանձնած պատասխանատվության ողջ լրջությունը եւ կջանան, որպեսզի իրենց գործողությունների հանրագումարում անպայմանորեն հարգվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Այդ համոզվածությունը արտահայտվեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ միջնորդ պետությունների պաշտոնական դիրքորոշումներում:
Ի դեպ, զարմանալին այն է, որ Հայաստանում նույնպես գտնվեցին գործիչներ, որոնք ոչ պակաս եռանդուն, քան թուրքական կողմը, պնդում են, որ Սահմանադրական դատարանը գերազանցել է իր իրավասությունները, որ այդ որոշումը հակասում է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքին, հետեւաբար անօրինական է եւ չի կարող պարտադիր կիրառման համար իրավական ուժ ունենալ: Ավելին, նույնիսկ կարծիք է հնչում, որ եթե արձանագրությունները «անգամ իսկապես լիովին համապատասխանեին Սահմանադրությանը, դեռեւս հիմնական խնդիրը չէր լուծվելու, քանի որ հարցի արժեքն ավելի բարձր է եւ բուն հարցադրումն առնչվում է արձանագրությունների համապատասխանությանը պետական-ազգային շահերին»: Այսինքն՝ ստացվում է, որ մեր Սահմանադրությունն ուղղակիորեն չի բխում մեր պետական-ազգային շահերից եւ որեւէ կապ չունի դրանց հետ: Ավելին, նա չի երաշխավորում դրանց հուսալի պաշպանությունն անգամ: Պետք է շատ դառնացած լինել, որպեսզի նման պնդումներ անել:
Մինչդեռ Սահմանադրական դատարանը կայացրել է խնդրո առարկայի իրավական բովանդակությունից բխող միակ ճիշտ որոշումը: Նախ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ փաստել է, որ քննվող փաստաթղթերի կարգավորման առարկան երկուսն են՝ պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ նրանց միջեւ առկա սահմանի գործարկումը: Եվ իրոք, արձանագրությունների ուժի մեջ մտնելուց հետո միայն այս երկու խնդիրներն են, որ անմիջապես եւ առանց լրացուցիչ բանակցությունների պարտադիր են իրականացման համար եւ ակնհայտ է, որ այդ երկու խնդիրներն էլ չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Հետեւաբար արձանագրությունները, որոնց կարգավորման առարկան չի հակասում մեր Սահմանադրության պահանջներին, չեն կարող լինել հակասահմանադրական եւ ենթակա են Ազգային ժողովի կողմից վավերացման: Սա է, ըստ էության, Սահմանադրական դատարանի որոշման գլխավոր իմաստը:
Դրա հետ մեկտեղ, դատարանը արդարացիորեն նշում է, որ արձանագրությունները, որոնցում ներառված դրույթները կարող են ծնել պարտավորություններ բացառապես միայն ստորագրող կողմերի համար, իրենց մեջ պարունակում են նաեւ կողմերի մտադրությունների վերաբերյալ արձանագրումներ, որոնք ենթակա են իրականացման ապագայում եւ որոնց իրականացմանը, սակայն, կողմերը կարող են ձեռնամուխ լինել բացառապես վերը նշված երկու պարտավորությունները իրականացնելուց հետո միայն: Ընդ որում, այդ մտադրություններից յուրաքանչյուրը հետագայում կդառնա առանձին միջպետական պայմանագրի կարգավորման առարկա եւ ենթակա է առանձին բանակցման:
Միաժամանակ Սահմանադրական դատարանը՝ հավանաբար հաշվի առնելով այն իրողությունը, որ նշված արձանագրությունները բանակցությունների ընթացքում ձեռք բերված կոմպրոմիսի արդյունք են եւ որպես այդպիսիք նրանցում առկա ձեւակերպումները արժանանում են կողմերի ամենատարբեր մեկնաբանություններին, նշում է, որ արձանագրությունների մնացած դրույթները, որոնցից յուրաքանչյուրը ապագայում կդառնա առանձին իրավական կարգավորման առարկա եւ կամրագրվի վավերացման ենթակա առանձին փաստաթղթով, չեն կարող այլ կերպ մեկնաբանվել, քան ՀՀ Սահմանադրության նախաբանում եւ Հայաստանի Անկախության Հռչակագրում է ամրագրված եւ որոշման 6-րդ կետով պահանջում է հետագայում վերը նշված խնդիրների վերաբերյալ իրավա-կառուցվածքային մոտեցումներում առաջնորդվել մեր պետության հիմնարար փաստաթղթերի պահանջներով: Շատ մեծ երեւակայություն է պետք այս ամենը անհասկանալի կամ հակաիրավական որակելու համար:
Այլ հարց է, որ Սահմանադրական դատարանի որոշումը շատերի համար «ձմռան ցրտին սառը ցնցուղի» ազդեցություն ունեցավ: Բայց դա արդեն ուրիշ օպերայից է: Ուղղակի զավեշտալին այն է, որ այս գործընթացի ընդդիմախոսներից շատերն իրենց մտահոգությունները հիմնավորում են ոչ թե բուն արձանագրությունների բովանդակությանը հղում կատարելով, այլ դրանց վերաբերյալ թուրքական այս կամ այն ղեկավարին ցիտելով: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ կամ այդ մարդկանց համար այս հարցերում Թուրքիայի ղեկավարներն են միակ եւ անվերապահ հեղինակությունները, կամ վերջիններիս մեկնաբանությունները ավելի սրտամոտ են իրենց: Ինչ խոսք, երկու դեպքն էլ ցավալի է:
Ինչեւէ, Սահմանադրական դատարանի որոշման ընդունմամբ երկու պետությունների երկխոսության գործընթացը թեւակոխեց եզրափակիչ փուլ՝ ընդհուպ մոտենալով իր ավարտական հանգրվանին՝ արձանագրությունների վավերացմանը: Եվ թեպետ ոմանք շտապեցին հայտարարել, որ այդ որոշման ընդունմամբ Հայաստանը այլեւս սպառեց զարգացումների վրա ազդելու իր ողջ ռեսուրսը, այդուհանդերձ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարության հետագա քայլերը վկայում են, որ նման պնդումների հեղինակների պատկերացումները միջպետական հարաբերությունների ոլորտում ձեւավորված միջազգային փորձի եւ դիվանագիտական զինանոցի հնարավորությունների մասին լիարժեք չեն:
Նախագահ Սարգսյանի ուղերձը Աբդուլահ Գյուլին՝ Մեծ Բրիտանիա ուղեւորվելիս, ավելի վճռական եւ պատասխանատու քայլերի դիմելու հրապարակային հորդոր լինելով հանդերձ, միաժամանակ միջազգային հանրության հանդեպ նրան պարտավորեցնող քայլ էր: Եվ պատահական չէ, որ Թուրքիայի նախագահի՝ այս կարեւոր խնդրում իր պատրաստակամ պատասխանատվությունը հավաստող պատասխանը իրեն շատ ուշացնել չտվեց:
Ներկա փուլում իրադարձությունների զարգացման վրա էական ազդեցություն ունեցավ նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթը Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Չնայած մեր արտաքին քաղաքականության ներկա հանգրվանի համար այդ ծրագրային ելույթը առանձին վերլուծության առարկա է, այդուհանդերձ, որոշ ընդհանրացումներ կարող են օգտակար լինել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր զարգացումների ենթատեքստում:
Նախ Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերը Մեծ Բրիտանիա եւ ելույթը «Չաթըմ Հաուս»-ում, միջազգային քաղաքականության ձեւավորման այդ ազդեցիկ կենտրոնում, վկայում է այն մասին, որ «Մեծ քաղաքականության ճարտարապետերը» լրջագույնս հետաքրքրված են Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության հաստատման համար վերջին շրջանում սկիզբ առած աշխարհաքաղաքական բարենպաստ փոփոխություններով ու զարգացումներով եւ ցանկանում էին անմիջապես լսել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ այդ զարգացումները խթանող նախաձեռնությունների հեղինակի մեկնաբանությունները:
Այս հանգամանքը, անշուշտ, վկայում է Հայաստանի կշռի եւ նշանակության բարձրացման միտումների մասին, որն ինքնին շատ խոսուն փաստ է տարածաշրջանում մեր տեղն ու մնայուն դերակատարումը հաստատելու համար: Եվ պետք է նշել, որ Հայաստանի նախագահի ելույթը տարածաշրջանի լիդերի ելույթ էր, տարածաշրջանի ժողովուրդների ապագայով շահագրգիռ քաղաքական ղեկավարի «նոր» մտածողության դրսեւորում: Այդ են վկայում նաեւ միջազգային հայտնի լրատվամիջոցների մեկնաբանությունները:
Միաժամանակ օգտվելով լսարանի առանձնահատուկ լինելու պարագայից, Հայաստանի նախագահը շատ հիմնավոր ներկայացրեց Հարավային Կովկասի խաղաղ ապագայի համար այն սպառնալիքները, որոնք թաքնված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անարդարացի լուծման ցանկացած տարբերակում՝ առարկայորեն անդրադառնալով հակամարտության ծագումնաբանությանը, ավելի հստակ եւ կոշտ հիմնավորելով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի գերակայության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ու բանաձեւեց Ադրբեջանի՝ միջազգային իրավունքի տարրական պահանջների բավարարման ունակություններից զուրկ լինելու օբյեկտիվ իրողությունը:
Սակայն նշված ելույթի միջազգային հանրությանը ուղղված ամենագլխավոր մեսիջը այն էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, շնորհիվ Հայաստանի կառուցողական եւ հետեւողական ջանքերի, «թունելից» դուրս գալու հնարավորությունները գնալով ավելի իրատեսական են դառնում եւ չի կարելի որեւէ կերպ այդ հնարավորությունները վտանգել, Հայաստանի համար կենսական կարեւորության մեկ այլ խնդրում խաղաղության ու անվտանգության հաստատման համար ոչինչ չխոստացող, քվազիկարգավորման առաջարկություններով: Ավելին, ճնշման որեւէ փորձ այս հարցում, եւ հատկապես պայմանավորված տնտեսական կոնյունկտուրայով, կարող է զրոյացնել այն ամեն դրականը, ինչն այդքան դժվարությամբ եւ ջանքերի մեծագույն գնով ձեռք է բերվել տարածաշրջանում վերջին ժամանակներս:
Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթում թողարկված էր նաեւ մեզ՝ հայերիս ուղղված մեսիջ առ այն, որ մենք պետք է գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում հայանպաստ լուծումների բանալին, նախեւառաջ՝ հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում, Հայաստանի նախաձեռնությունների հաջողության մեջ է:
Ելույթի երկրորդ հատվածը նվիրված էր հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական կողմի՝ արձանագրությունների վավերացման արհեստական ձգձգելու մարտավարությանը հայկական կողմի հնարավոր արձագանքին, ինչպես նաեւ Թուրքիայի իր գործընկերներին ավելի վճռական քայլերի դրդող եւ պատասխանատվության տակ դնող առաջարկություններին: Պատահական չէ, որ այդ ելույթից հաշված ժամեր անց միջազգային հանրությանը հանգստացնող պատասխանատու հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արտգործնախարարը: Այս հանգամանքը մեկ անգամ եւս վկայում է, որ Հայաստանը շատ հմտորեն օգտագործում է հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման սեփական նախաձեռնությունը տրամաբանական հանգրվանին հասցնելու բոլոր հնարավորությունները:
Այս ենթատեքստում առանձնակի կարեւորություն է ստանում ցեղասպանության ճանաչման գործընթացում Հայաստանի իշխանությունների կողմից դրսեւորվող վճռականությունը: Այսօր արդեն հօդս են ցնդել այն պնդումները, որ հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում Հայաստանի նախագահի նախաձեռնությունները կնվազեցնեն նշված խնդրի միջազգային կարեւորությունը, հետեւաբար եւ հրատապությունը, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի համար: Որ Հայաստանի ղեկավարությունը, հանուն իշխանությունը պահելու, մեծ քաղաքականության զոհասեղանին է դրել ցեղասպանության պատմական իրողության հարցը: Այսօր նման պնդումներին շատ քչերն են լուրջ վերաբերվում: Այսօր այլեւս ոչ ոք չի կասկածում, որ ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգում որպես ամենահրատապ խնդիր:
Ավելին, Սփյուռքում գնալով ավելի է ամրապնդվում վստահությունը նրանում, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն հետամուտ լինել ցեղասպանության ճանաչմանը, քանի որ այն մեր պետության անվտանգության կարեւորագույն գրավականներից է եւ հայապահպանության գլխավոր կռվանը: Անշուշտ, Սփյուռքում տրամադրությունների նման փոփոխությանը եւ Հայաստանի նկատմամբ վստահության ձեւավորմանը մեծապես նպաստեց նախագահ Սարգսյանի կողմից իր արտաքին քաղաքականության նոր կուրսի շուրջ բաց ու անկեղծ մեկնաբանությունները մեր գաղթօջախներում: Այդ շփումները ավելացրին նաեւ մեր հայրենակիցների վստահությունը սեփական ուժերի վրա՝ իրենց հայանպաստ նախաձեռնություններում: Այսօր դարձյալ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը վերսկսել է իր շրջանառությունը Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում:
Սակայն իրողությունն այն է, եւ այն պետք է հաշվի առնել, որ միջազգային զարգացումների վրա ազդելու Հայաստանի եւ Թուրքիայի կշիռները տարբեր են: Ցավոք, «նվագելու եւ լսելի» լինելու համար մեր «ստեղնաշարը» անհամեմատ կարճ է, քան Թուրքիայինը: Բայց, նույնիսկ նման պարագայում, մենք պարտավոր ենք այդ կարճ ստեղնաշարի վրա այնպես նվագել, որ մեր մեղեդին բոլորին ավելի դյութիչ հնչի, քանց մեր հարեւաններինը: Սրանում է կայանում իսկական վարպետությունը:
Ինչեւէ, այսօր հայ-թուրքական արձանագրությունները արդեն Հայաստանի Ազգային ժողովում են: Շուտով կսկսվեն դրանց շուրջ խորհրդարանական լսումներն ու քննարկումները: Ամենահիմնական եւ վիճահարույց հարցը այդ քննարկումներում կարող է լինել ոչ այնքան արձանագրությունները վավերացնելու կամ չվավերացնելու խնդիրը, որքան դրանք վերապահումներով թե առանց վերապահումների վավերացնելու հարցը: Այս հարցում ճիշտ եւ կշռադատված դիրքորոշումը, ըստ էության, բանակցային գործընթացի եւ Հայաստանի միջազգային հեղինակության համար կունենա վճռորոշ նշանակություն: