Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնապահների եւ խորամանկների երազանքների իրականացում

Մարտ 06,2010 00:00

Սա է ԱԺ-ի կողմից ընդունված նոր հարկատեսակի իմաստը

Կարդալով Ձեր թերթի Արամ Զաքարյանի հոդվածները («Առավոտ», 16.02.2010 եւ 17.02.2010)՝ կապված նոր հարկատեսակներ սահմանելու՝ կառավարության նախաձեռնության հետ, ես կցանկանայի պարզաբանումներ մտցնել այս հարցում, ինչպես նաեւ բացատրել, թե ինչու է Վահան Մովսիսյանը, լինելով համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ, այդպես ագրեսիվ հնազանդություն ցուցաբերում կառավարությանը։

Ես շուրջ տասը տարի է, ինչ աշխատում եմ տեղական ինքնակառավարման համակարգում եւ դրանից ելնելով՝ շատ լավ ծանոթ եմ այն իրավիճակին, որը տիրում է Հայաստանի համայնքներում։ Պարոն Մովսիսյանի «ելույթը», մեղմ ասած, չի համապատասխանում հոդվածի վերնագրին՝ «Ընդդեմ գաղտնապահների եւ խորամանկների», կասեմ ավելին՝ այդ հարկատեսակները ներմուծելուց հետո նոր չարաշահումների դաշտ կբացվի մարդկանց այդ տեսակի համար։ Ինչ է, պարոն Մովսիսյանը չգիտի՞, թե ինչ է կատարվում համայնքներում հողերի վաճառքի, հողի հարկի եւ գույքահարկի գանձման բնագավառներում։ Մեջբերեմ պարոն Մովսիսյանի ասածներից՝ «Զարմանալի է, որ ԱԺ-ում ժամանակին դեմ չեն եղել, որ համայնքապետերն ու համայնքապետարանները հողը վաճառելու իրավունք ունենան, բայց դեմ են, որ այդ նույն համայնքապետերն ու համայնքապետարանները հարկեր սահմանեն: Ստացվում է, որ, ըստ մեր պատգամավորների, մեր համայնքապետերն ու համայնքապետարանները հող վաճառելու համար խելք ու որակներ ունեն, իսկ հողը չափելու եւ դրա համար, ըստ ընդունված բանաձեւի, հարկ սահմանելու խելք ու որակներ չունեն»:

Առաջին, համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վաճառքը կազմակերպելու համար մեծ խելք պետք չէ, այդ վաճառքները իրականացվում են համաձայն սակարկումների մասին օրենքի, հողային եւ քաղաքացիական օրենսգրքերի, եւ փաստաթղթային եւ իրավական առումով այդ վաճառքները անթերի են կատարվում, բայց հողերը վաճառվել եւ վաճառվում են շուկայական գներից մի քանի տասնյակ անգամ էժան։ Թե դա ինչ եկամտի աղբյուր է հանդիսանում՝ համայնքի ղեկավարների համար հաշվարկելը դժվար չէ։ Թող պարոն Մովսիսյանը ինքը անձամբ ցանկություն հայտնի մասնակցելու համայնքներում հողի վաճառքի համար կազմակերպվող մրցույթներին եւ կհամոզվի, թե ինչպես են «կայանում» տեղական ինքնակառավարման մարմինները, երբ ունեն այդպիսի ֆինանսական աղբյուրներ։ Դե հիմա մտածենք, թե ինչ կպատահի, երբ այդ նոր հարկատեսակների վարչարարությունը հանձնեն համայնքներին։ Դժվար չի հասկանալ, որ դա կբացի նոր դռներ՝ օրենքի տառը պահպանելով նոր չարաշահումների համար, եւ որից միայն կօգտվեն գաղտնապահները եւ խորամանկները։ Կամ՝ ինչ է, պարոն Մովսիսյանը չգիտի՞, որ օլիգարխների եւ իր իսկ որակած գաղտնապահների եւ խորամանկների շարքերում են գտնվում համայնքապետերի մեծ մասը, կամ էլ շատ համայնքապետեր ընտրվել են իրենց պաշտոնում հենց այդ մարդկանց հովանավորությամբ։

Բավական է մի փոքր հետազոտություն կատարվի եւ պարզ կլինի, թե քանի տոկոսով են հավաքագրվում հողի եւ գույքի հարկերը, որոնց հավաքագրումը հանձնել են համայնքներին, կամ էլ ովքեր են, որ զանազան մեքենայություններ կիրառելով՝ խուսափում են հարկատեսակների վճարումից եւ կամ էլ վճարում են շատ քիչ, քան իրականում պետք է լիներ։ Պարզվում է, հարկային «արտոնություններից» օգտվում են համայնքի ղեկավարի մտերիմները, համայնքի ավագանու անդամները եւ բոլոր գաղտնապահները եւ խորամանկները՝ ամբողջ մեղքը բարդելով հարկատեսակների ցուցակների անճշտությունների կամ էլ ուրիշ սուբյեկտիվ գործոնների վրա։

Ոչ մի քննադատության չեն դիմանում պարոն Մովսիսյանի մնացած հիմնավորումները՝ կապված հյուրանոցային հարկի հետ, ավելացրած արժեքի հարկատեսակը պակասեցնելու դեպքում հինգ տոկոս համայնքին հատկացնելուն եւ այլն։ Ժամանակ լինելու դեպքում կարելի է հերքել այդ բոլորը։

Կամ մի մեջբերում էլ անեմ պարոն Մովսիսյանի ասածներից՝ «հետագայում յուրաքանչյուր տեղական հարկի մասին առանձին օրենք պետք է մշակվի եւ ընդունվի: Այս պահին նման ոչ մի օրենք չկա, բայց կան մոտեցումներ եւ որոշակի պատկերացումներ»: Հետաքրքիր է, եթե, իհարկե, Աստված չանի՝ Ազգային ժողովը ընդունի այս օրինագիծը, ինչպե՞ս են աշխատելու համայնքները, գուցե միայն պարոն Մովսիսյանի ասած «որոշակի պատկերացումներով եւ մոտեցումներով»։ Պարզ երեւում է, որ օրինագիծը գտնվում է «հում» վիճակում եւ դեռ չկան օրինագծի պրակտիկ կիրարկման մեխանիզմները։

Հարգելի խմբագրություն, տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպություններն էլ ստանում են դրամաշնորհներ՝ զանազան դոնոր կազմակերպություններից եւ կառավարությունից (եթե, իհարկե, լավ հարաբերության մեջ են կառավարության հետ)՝ մշակելու զանազան օրենքի նախագծեր, որոնցից մեկն էլ հենց այս օրինագիծն է։ Մինչ հիմա շատ այսպիսի դրամաշնորհների գումարներ են փոշիացվել կամ էլ մնացել են թղթի վրա եւ ինչքան էլ ճարտար լեզու ունենա պարոն Մովսիսյանը հակառակը համոզելու՝ սա է իրականությունը։ Հասկանալի է, լինելով այս օրինագծի հեղինակներից մեկը, պարոն Մովսիսյանը ցանկանում է պաշտպանած լինել իր արտադրանքը, բայց երեւի նա չգիտի, որ այս օրինագծի ընդունման դեպքում այդ գաղտնապահները եւ խորամանկները հիմա արդեն այս օրենքի կիրառումով կխլեն իր իսկ որակած «խեղճ գյուղացուց» կամ քաղաքացուց այն օբյեկտները եւ հողակտորները, որոնց վրա աչք ունեին եւ որոնք զոռբայությամբ մինչ այժմ չեն կարողացել խլել։ Կիսատ-պռատ օրենքներով տեղական ինքնակառավարման համակարգը երբեք չի կայանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել