Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ ՎՏԱՆԳ ԿԱ՝ ՄԻՋԱՄՏԵՆՔ

Մարտ 06,2010 00:00

Կոմիտասի երաժշտական ակունքները Սպահանի՞ց են

Ինչ երանելի կլինեն այն ժամանակները, երբ մեր երկրում ամեն ինչ իր տեղում լինի, եւ մեզնից յուրաքանչյուր ոք իրեն վերապահված գործով զբաղվի: Չլինի թե արվեստագետն ու մտավորականը զինվոր դառնան պատերազմի դաշտում, կամ բիզնեսմենն ու թալանչին քաղաքական գործիչ, կամ սովորական մարդասպան հանցագործը՝ պատգամավոր: Եվ կամ դժբախտություն չունենանք, որ մտավորականը ստիպված լինի մեր երկրի բոլոր խնդիրների մեջ իր մասնակցությունը բերի, երբ մեր երկրի արժանապատվությունն է ոտնակոխ արվում թե օտարների եւ թե մերոնց կողմից, մանավանդ որ, դա չէ իր անելիքը: Իմ կարծիքով, առայժմ մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է միջամտել, երբ վտանգ է սպառնում մեր ինքնությանը՝ գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք եւ ոչինչ իրենց տեղում չեն գտնվում:

Իմ մտահոգությունները արտահայտելու շարժառիթը հանդիսացավ օրերս ՀԳՄ-ի կլոր դահլիճում տեղի ունեցած գրքի շնորհանդեսը: Ներկա էին ՀԳՄ նախագահ Լ. Անանյանը, հայ գրողներ եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը՝ դեսպանատան աշխատակիցների հետ միասին: Առիթը բաց չթողնելով՝ պարոն դեսպանը ներկայացրեց Իրանի մերօրյա քաղաքականությունը, եղան ելույթներ թե հյուրերի եւ թե հայերի կողմից: Ընդհանուր առմամբ ելույթների բովանդակությունից կարելի էր պատկերացում կազմել, որ աշխարհը եւ Հայաստանը սկիզբ են առել Պարսկաստանից եւ պարսիկներից: Բանը հասավ նրան, որ պարոն դեսպանը հայտարարեց. «Ձեր շատ սիրելի Կոմիտասի երաժշտական մշակումների հիմքում ընկած է Սպահանի ժողովուրդների երաժշտությունը»: Դժբախտաբար, ներկաներից որեւէ մեկը չուղղեց սխալը, ինչպես նաեւ ՀԳՄ նախագահ Լ. Անանյանը, որը պարտավոր էր այդ անել գոնե ի պաշտոնե, այլ շարունակեցին հաճոյախոսել հյուրերին: Երեւի ինչ-որ ակնկալիքներ ունեն պարոն դեսպանից: Ամոթ է, մի կտոր հացի համար վիզ ենք ծռում: Շատ կուզեի, որ մեր հրաշալի կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը ներկայացներ Կոմիտասի երաժշտության ծագումնաբանությունը, որպեսզի օտարները այլեւս որեւէ ոտնձգության փորձ չանեն:

Ցավոք, այս դեպքը եզակի չէ: Օրինակ՝ 2009-ի դեկտեմբերին Երեւանի տարբեր կրթական եւ մշակութային կենտրոններում անցկացվեցին իրանական մշակութային միջոցառումներ: Միջոցառումները տեղի էին ունենում պարսկերեն եւ չէին թարգմանվում հայերեն: Հարկ եմ համարում հիշեցնել բոլոր օտարերկրացիներին, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է եւ միայն հայերենը: Պատկերացնենք մի պահ, որ մենք որեւէ օտար երկրում պաշտոնապես ներկայանում ենք հայերեն եւ առանց թարգմանչի: Միջոցառումների ժամանակ բաժանում էին թերթիկ-բրոշյուր՝ «Ճանապարհորդություն դեպի Իրան» խորագրով: Այնտեղ հակիրճ ներկայացված էր Իրանի եւ Իրանում ապրող ժողովուրդների պատմությունը, ցանկանում եմ ուշագրավ մեջբերում անել. «Իրանը մարդկային քաղաքակրթության բնօրրանն է»: Ես բնավ ցանկություն չունեմ մեր հարեւան երկրի նկատմամբ որեւէ բացասական տրամադրություն ստեղծել: Սակայն հարգանք ու ակնածանք ունեմ մեր հայրենիքի, ժողովրդի ու մեր անցյալի նկատմամբ եւ դրա համար ստիպված եմ մեր հեռու ու մոտիկ հարեւանների հիշողությունը թարմացնելու համար մեջբերել փոքրիկ պատմական տեղեկություն. «Եվրոպական պատմաբանության ու լեզվաբանության ներկայացուցիչները, հիմք ընդունելով Հին կտակարանը, հայ ժողովրդի հայոց լեզվի ծագման մասին ստեղծում են մի գիտական տեսություն, ըստ որի՝ մարդկությունը երկու անգամ էլ, այսինքն, թե Ադամի եւ թե Նոյի սերնդից առաջացել է Հայաստանում, որով եւ Հայաստանը եղել է մարդկության օրրանը կամ նրա նախահայրենիքը, հայ ժողովուրդը՝ ամենահին ժողովուրդը, իսկ հայերենը՝ մարդկության նախամայր լեզուն» (ԵՊՀ-ի Հայ ժող պատմություն, էջ 70, հր. 1975 թ.):

Նման փաստերը բազմաթիվ են, սակայն մենք չենք բարձրաձայնում այդ մասին եւ կուրծք չենք ծեծում, բայց եւ մեզ համար ընդունելի էլ չէ, երբ օտարներն են մեր երկրում հակառակը խոսում: Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, որ բարձր մշակույթից կարող է խոսել միայն այն ազգը, որի լեզուն ամենահնագույնն է, եւ լեզուն ինքն ամենաբարձր մշակույթն է: Մենք ունեցել եւ այսօր էլ ունենք բարձր մշակույթ: Բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ իրողությունը, պետք է զգուշանալ նրանցից, որովհետեւ նրանք հաստատ հայկական ծագում չունեն: Մանրամասներով թող զբաղվեն պատմաբաններն ու լեզվաբանները:

Երկար տարիներ մենք կորցրել ենք մեր ինքնիշխան պետությունը եւ քանի որ չկար, գոյություն չուներ պետական ապարատ, որպեսզի պետականորեն կառավարեր երկրի անհրաժեշտ ճյուղերը, սկսվեցին մեզ վերաբերող յուրաքանչյուր լավ բան վերագրել օտարներին: Եվ այսօր էլ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց համար անհրաժեշտ է եւ ժամանակ, եւ հոգածություն: Նախ ուզում եմ, որ մեր իշխանավորներին, որոնք միշտ չէ, որ իրենց քայլերով ի շահ Հայաստանի են գործում, հիշեցնել, որ Հայաստանի պատմական, պետական լեզուն հայերենն է: Հաճախ ենք հանդիպում, որ, մեր երկրի նախագահից սկսած՝ երբեմն պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսում են օտար լեզուներով: Հայաստանի դիվանագետները օտար երկրներում պաշտոնական հանդիպումները եւ գրությունները կատարում են տվյալ երկրի լեզվով: Այսպիսի պահվածքները նսեմացնում են մեր ժողովրդի եւ պետության պատմական անցյալն ու ներկան, դրանով իսկ խախտելով մեր օրենքն ու օրենսդրությունը: Նմանատիպ դրսեւորումները առիթ են տալիս օտարներին վերը նշված վերաբերմունքի համար: Մեր ժողովուրդը ինչպես վաղ անցյալում, այնպես էլ մեր ժամանակներում ունեցել է հաղթական էջեր, որոնք, ի դեպ, ավելի շատ են, քան պարտությունները: Մեր թշնամիները հազարամյակներ շարունակ մեր մեջ սերմանել են թուլամորթություն, պարտվածի հոգեբանություն, որպեսզի մեզ հաղթեն նախ հոգեբանորեն, այնուհետեւ՝ ֆիզիկապես: Սակայն, ինչպես ցույց տվեց 1988-ի մեր միասնության արդյունքի հաղթանակը, մեր մեջ հզոր ուժ կա եւ ահռելի պոտենցիալ: Զինադադարից մինչ այսօր մեր ախոյանները նորից նույն ձեռագրով ահռելի աշխատանք են կատարում, որպեսզի նորից ջարդեն մեր ողնաշարը եւ դա անում են տարբեր միջոցներով: Բայց ինչպես համոզվեցինք, 1988-ին անհնար էր հային կոտրելը եւ մեր մեջ դրված է, ինչպես վերը նշեցի, ահռելի ուժ եւ պոտենցիալ: Աստծո առաջնորդությամբ վերջապես պիտի կրկին վեր հառնի Հայաստան պետությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը, հանուն մեր երկրի պետականության կայացման, իր ակտիվ մասնակցությունը բերի հայրենիքաշինության վերածնության գործին: Պետք է առաջնորդվել միայն ազգային եւ աստվածային օրենքներով, եւ մենք հաղթանակած կլինենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել