Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Մարտ 06,2010 00:00

\"\"Կրթության դերը մեր քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում

Եթե երեխան շարունակ քննադատվում է, կսովորի մեղադրել: Եթե երեխան շրջապատված է թշնամանքով, կտրամադրվի պայքարի: Եթե երեխան ծաղրանքի է ենթարկվում, երկչոտ կդառնա: Եթե շարունակ ամոթանքի է ենթարկվում, մեղքի զգացումը չի լքի նրան: Եթե հանդուրժողականության մթնոլորտում է ապրում, համբերատար կլինի: Եթե խրախուսվում է, վստահություն ձեռք կբերի: Եթե գովասանքի է արժանանում, կսովորի գնահատել: Եթե ազնվության մեջ է մեծանում, արդարամիտ կդառնա: Եթե ապահովության մեջ է մեծանում, կսովորի հավատալ: Եթե հավանության է արժանանում, ինքն իրեն կգնահատի: Եթե ջերմությամբ է շրջապատված, կսովորի սիրել:

Դորոթի Լո Նոլթ

 

Աքսիոմա է՝ ինչպես կրթում ենք մեր աշակերտներին, այնպիսի հասարակություն էլ ունենք, եւ եթե այսօր ունենք մի հասարակություն, որտեղ մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, ովքեր իրենց աստվածատուր ընտրության իրավունքը պաշտպանելու փոխարեն նախընտրում են այն վաճառել, ովքեր իրենց իրավունքները սովորելու եւ պարտականություններն օրենքով կատարելու փոխարեն նախընտրում են կաշառքի միջոցով լուծել իրենց հարցերը եւ այլն, ուրեմն ճիշտ չենք կրթում մեր երեխաներին:

Մեր պետությունը դեռեւս չի կայանա որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվի այն քաղաքացիական հասարակությունը, որն իր կրթությամբ, մտածելակերպով ստանձնի պատասխանատվություն եւ առանց վախենալու պայքարի իր իրավունքների ու ազատությունների համար:

Սա հետեւանք է երկրում տիրող ավտորիտար քաղաքական համակարգի, որն իր իշխանությունը վերարտադրելու՝ ընտրությունները կեղծելու համար, ծառայեցնում է նաեւ շողոքորթ տնօրենների ու ուսուցիչների, հակառակ այն բանի, որ վերջին տարիներին կրթության բնագավառում ժողովրդավար կառավարման եւ կրթության բովանդակության բարեփոխումների նպատակով միլիոնավոր դոլարների վարկային ծրագրեր են իրականացվել, ծախսվել են գումարներ, որպեսզի գրվի «Կրթակարգ», «Շրջանավարտի կատարելատիպ» եւ 14 կետով սահմանվի անձի, քաղաքացու արժեքային համակարգին ներկայացվող պահանջները, որոնցից, օրինակ՝ «սովորողները կարեւորեն բարոյական չափանիշները եւ քրիստոնեական ու համամարդկային արժեքները, լինեն ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ»:

Այս արժեքները սովորողի մեջ դաստիարակելու համար անհրաժեշտ է, որ հանրապետության նախագահից մինչեւ ուսուցիչ եւ բոլոր պաշտոնյաները՝ օրենքով պահանջվող մարդկային բարոյական արժեքների առնվազն 14 կետերի կրողը լինեն, պետք է լինեն ազնիվ, ինքնավերահսկվող, ինքնակառավարվող, կարգապահ, խոնարհ եւ աշխատասեր անհատներ եւ իրենց կերպարով օրինակ լինեն ժողովրդի եւ հատկապես երիտասարդների համար եւ ըստ «Կրթակարգի», այդ արժեքներն ու հմտությունները պետք է ձեռք բերեն դպրոցից:

Իմ 37-ամյա մանկավարժական գործունեության ընթացքում, որից 17-ը որպես դպրոցի փոխտնօրեն եւ ապա տնօրեն, օրենքով հանրակրթության առջեւ դրված պահանջն իրականացրել եմ՝ առաջնորդվելով աշակերտակենտրոն կառավարման սկզբունքներով. Դա նշանակում է՝ բացառել վարչահրամայական ցանկացած մոտեցում տնօրեն-ուսուցիչ, տնօրեն-աշակերտ, ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում:

Մեծ դժվարությամբ, տարբեր բովանդակության վերապատրաստումների միջոցով՝ մարդու եւ երեխայի իրավունքներ, միջանձնային հարաբերություններ եւ այլն, դպրոցում հասանք նրան, որ բոլորս ճանաչենք իրար իրավունքներն ու պարտականությունները, այսպես ասած, իրար հետ «պայմանագիր» կնքեցինք փոխադարձ խաղի կանոնների մասին: Հայտարարեցինք, որ տնօրեն, ուսուցիչ ու աշակերտ՝ գործընկերներ ենք, որ յուրաքանչյուրիս առնչվող հարցերը պետք է լուծվեն միայն իրենց անմիջական մասնակցությամբ՝ հրավիրելով զրույցի, բաց քննարկման, պայմանով, որ ընթացքում բոլոր կողմերը՝ տնօրենից սկսած, պատրաստ լինեն լսել քննադատություն, գործունեության վերլուծություն: Անհրաժեշտ պայման էր նաեւ ինքնաքննադատությունը: Պետք է խոստովանեմ, որ այս գործընթացում ամենադժգոհը ուսուցիչներն էին, նրանց կարծիքով՝ ես աշակերտների հետ մեկ եղած, ոտնահարում եմ իրենց իրավունքները, «լեզու եմ դնում աշակերտների բերանը»: Պատասխանս հետեւյալն էր. «Առաջին. մենք մեր ընտրությամբ կրթական ծառայություն մատուցողներ ենք եւ կոչված ենք իրացնելու երեխաների կրթության սահմանադրական իրավունքը: Իսկ ինչպես ամեն ծառայություն, այնպես էլ մեր մատուցած ծառայությունը գնահատողը հասարակության այն անդամն է, որը օգտվում է այդ ծառայությունից: Ուրեմն մեր գործունեությունն առաջին գնահատողը երեխան ու նրա ծնողն են եւ պարտավոր ենք լսել եւ հաշվի նստել նրանց գնահատականի հետ:

Երկրորդ. դուք պաշտպանված եք աշխատանքային պայմանագրով, եթե գտնում եք, որ ձեր իրավունքները ոտնահարվում են, կարող եք դրանք պաշտպանել դատարանում:

Երրորդ. աշակերտները ձեզ շատ ավելի կհարգեն, իրենց պարտականություններն ավելի լավ կկատարեն եւ ձեր աշխատանքից շատ ավելի մեծ հաճույք կստանաք ու կբավարարվեք, եթե երեխաների պարտականություններն անընդհատ հիշեցնելուց առաջ՝ ձեր գործով ցույց տաք, որ նրա կրթության իրավունքը իրացնելը ձեզ համար հաճույք է, որքան հարգում եք իրեն, որքան կարեւորում եք նրա տեսակետը, որ պատրաստ եք նրա հետ քննարկել՝ ձեր տեսակետից տարբեր, թեկուզ սխալ, իր կարծիքը: Դուք դրանով կշահեք շատ կարեւոր բան՝ նրանց վստահությունը եւ նրանք ավելի պատասխանատվությամբ կվերաբերվեն ձեր հանձնարարություններին ու կջանան, որպեսզի ավելի արժանանան ձեր քաջալերանքի խոսքերին: Կխորանա աշակերտների եւ ձեր միջեւ հարգանքը, որը կգեղեցկացնի ձեր հարաբերությունները»:

Իսկ այս ամենը կարելի է իրականացնել միայն անկաշառ, արդարամիտ, վախը բացառող եւ հանդուրժող մթնոլորտում, երբ բոլոր կողմերը վստահ են, որ իրենց իրավունքները պաշտպանված են:

Այսպիսի մթնոլորտում որեւէ մեկը չէր համարձակվի նույնիսկ փորձել իր հարցերը լուծել կաշառքի, վերադասի կամ այլ անբարոյական միջոցներով:

Իհարկե՝ փորձեր եղել են:

Նման մթնոլորտի սերմերը գցվեցին, երբ 1999 թվականի սեպտեմբերից դպրոցի ուսումնական պլանում միաժամանակ ընդգրկվեցին քաղաքացիական կրթություն եւ Հայ եկեղեցու պատմություն առարկաները, որը մենք վերանվանեցինք քրիստոնեական կրթություն: Սրանով մենք լրջորեն դիմակայեցինք նաեւ աղանդավորական շարժմանը: Նույն տարում հատուկ դպրոցից ընդունելով հաշմանդամ երեխայի, դպրոցը սկսեց ներդնել ներառական կրթության սաղմերը: Տարբեր տարիների դպրոցի ուսումնական պլան ներառվեցին նաեւ տնտեսագիտություն, հոգեբանություն, մշակույթի պատմություն առարկաները: Վերջինը դասավանդում էր մշակույթի պատմության այնպիսի գիտակ, որպիսին է Դանիել Երաժիշտը: Ընդ որում՝ քրիստոնեական կրթություն, հոգեբանություն, մշակույթի պատմություն առարկաները չեն գնահատվել:

Դպրոցում քրիստոնեական կրթությունը ուսումնական պլան ներդրվեց առաջին դասարանից եւ այն լուծեց մի շատ կարեւոր խնդիր, այն է՝ մարդու մեջ փոքրուց ձեւավորել հոգեւոր մի զսպաշապիկ, որն ամբողջ կյանքում նրան կպահի իր աստվածաշնորհ կերպարի մեջ եւ կամրացնի թույլատրելիի եւ անթույլատրելիի միջեւ ընտրություն կատարելու անկոտրում կամքն ու քրիստոնյային վայել բարոյական արժեքների համակարգ:

Նրան կդաստիարակի որպես դիմացինի իրավունքները հարգող, հանդուրժող, սկզբունքային եւ խոնարհ անհատ:

Եթե ուզում ենք ունենալ օրինապահ, իրավունք եւ պարտականություն հարգող, ինքնակառավարվող, գիտակից քաղաքացի, մենք նրան պետք է կրթենք որպես ազատ մարդ, որովհետեւ միայն ազատ, ինքնավերահսկող մարդը կարող է պատասխանատու լինել իր արարքների համար: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ նրան տանք որոշումներ կայացնելու հնարավորություն, ինչ որ բան անելու իրավունք, խթանենք նախաձեռնությունները, հետո միասին քննարկենք՝ ասենք, որ դու շատ լավ արեցիր, կամ թերություններով արեցիր, կամ չարեցիր այսինչ գործը եւ վերլուծելու, եզրակացություններ անելու հմտություններ ու իր տեսակետը հիմնավորելու, պաշտպանելու կամքը ձեւավորենք նրա մեջ: Այդ հմտությունները երեխաները ձեռք բերեցին քաղաքացիական կրթության միջոցով, երբ իրենց գիտելիքները սկսեցին կիրառել որպես քաղաքացի, վարչապետ, նախարարներ կամ պատգամավորներ՝ «Տիր» աշակերտական հանրապետությունը կառուցելիս: Սովորեցին օրենքներ, նախընտրական ծրագրեր գրել, գրեցին իրենց պետության սահմանադրությունը, որը իրենց ձեռք բերած փորձին եւ կիրառությանը համապատասխան, տարին մեկ ենթարկում էին փոփոխության՝ աշակերտական խորհրդի որոշմամբ: Մեր աչքի առաջ երեխաները պարզապես կերպարանափոխվում էին, դառնում ինքնավերահսկվող եւ ինքնակառավարվող անհատներ: Քաղաքացիական կրթության ճիշտ կազմակերպումը տարեցտարի տալիս էր սպասված արդյունքը՝ ամրացնելով երեխաների անհատականությունը եւ հենվելով նրանց անհատական ուժեղ կողմերի վրա, մեզ հաջողվում էր բավարարել յուրաքանչյուրի կրթական իրավունքը: Այդպիսով, մենք նույնպես շատ բան սովորեցինք երեխաներից, համոզվեցինք, որ առանց խտրության յուրաքանչյուր երեխա կարող է եւ ուզում է սովորել, եթե սովորելու գործընթացը երեխայի համար իր հնարավորությունների չափով ստեղծագործելու հնարավորություն է, նրա երեւակայությունը խթանելու առիթ: Սրանում մենք առավել համոզվեցինք, երբ սկսեցինք խորանալ ներառական կրթության սկզբունքների մեջ եւ գործնականում իրականացնել «Կրթություն բոլորի համար» կարգախոսը:

Առանց խտրության կամ ներառական կրթությունն ապահովում է դպրոցական համայնքում կողք-կողքի նստել կրթության առանձնահատուկ պայմանների տարբեր կարիքներ ունեցող հասակակիցներին եւ ձեռք բերել միմյանց հետ հարաբերվելու հմտություններ, այսինքն՝ կրթություն բոլորի համար, անկախ երեխայի մտավոր եւ ֆիզիկական հնարավորություններից: Այսպիսի կրթության արդյունքում դպրոցում տիրում է առողջ մրցակցության այնպիսի մթնոլորտ, որը երեխաներին դարձնում է աշխատասեր, ստեղծագործող ու պատասխանատու:

 

Ավելի բարձր դասարաններում, երբ նրանք սկսում են ուսումնասիրել նաեւ տնտեսագիտության հիմունքները, լավ կրթության անհրաժեշտության շեշտադրումը դրվում էր «լավ կրթությունն է լավ ապրելու ամենակարեւոր պայման» կարգախոսը համոզմունք դարձնելու վրա: Ավագ դասարաններում հոգեբանության դասերի եւ մասնագիտական կողմնորոշմանն ուղղված դասընթացի ժամանակ շեշտը դրվում էր աշակերտներին իրենց ուժեղ եւ թույլ կողմերը առավելագույնս ճանաչելու կարողության վրա: Դպրոցի ուսումնական պլանում տնտեսագիտական կրթության տարրերի ներդրումը բավական օգնում է աշակերտներին ծանոթ լինել «շուկայական տնտեսության պահանջ» հասկացությանն ու ինչպես սեփական հնարավորությունները, այնպես էլ շուկայի պահանջերը հաշվի առնելով, ճիշտ ընտրել մասնագիտությունը:

Այսպիսով, դպրոցում կրթությունը կառուցվում էր իրար հետ բարձրացող 4 հենասյուների վրա՝ 1. քաղաքացիական կրթություն, 2. քրիստոնեական կրթություն, 3. ներառական կրթություն, 4. մասնագիտական կողմնորոշմանն ուղղված կրթություն:

Արդյունքում մեր դպրոցի շրջանավարտների քաղաքացիական կեցվածքը դրսեւորվում էր ամենուր՝ բանակում պատվով ծառայելուց մինչեւ պետական ընտրությունների գործընթաց, ամեն տեղ նրանք գործում են որպես հայրենասեր, պատասխանատու քաղաքացիներ: Նրանք դպրոցում արդեն հավատում էին, որ միայն լավ կրթությամբ կարող ենք կերտել հզոր պետություն եւ բոլորովին պատահական չէր մեր դպրոցի ճակատին փակցված կարգախոսը. «ԼԱՎ ԴՊՐՈՑ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ», որի հեղինակը «Տիր» աշակերտական հանրապետության վարչապետի թեկնածուներից մեկն էր:

Այս ամենի արդյունքում ստացել եմ մի բանաձեւ, որի ալգորիթմն է.1. հորդորել աշակերտներին առաջադրել իրենց հուզող խնդիրները, լսել նրանց, 2. տրամադրել լծակներ՝ նրանց հուզող խնդիրները լուծելու համար, 3. տալ լծակներն աշխատեցնելու լիարժեք հնարավորություն, 4. տալ որոշումներ կայացնելու իրավունք, 5. տալ պայմաններ եւ միջոցներ՝ որոշումներն իրականացնելու համար:

Այս բանաձեւը գտնելու վրա 37 տարի աշխատել եմ ոչ միայն ես, այլեւ, առանց բացառության, այդ տարիների իմ աշակերտներն ու գործընկերները: Այսպիսով, Պետական կրթակարգով ու չափորոշիչով սահմանված շրջանավարտի կատարելատիպը ձեւավորելու համար, իմ կարծիքով, հանրակրթությունը պետք է կառուցվի վերեւում նշածս առնվազն չորս հենասյուների վրա, որպեսզի մեր երկրում ապահովվի քաղաքացիական հասարակության կայացման համար անհրաժեշտ կրթությունը:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ 2007 թվականից

Մինչ այդ՝ Երեւանի Դ.Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոցի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել