Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեռուստաեթերը կարիք ունի արհեստավարժ մասնագետների

Մարտ 06,2010 00:00

Մասնագիտական մտորումներ

Հեռուստաեթեր, մարդիկ, բարքեր, կենցաղային խոսակցություններ, արժեքային համակարգի անկում, մարդկային կերպարի վերածումը հրեշավոր գազանի. այս ամենը կոչվում է հայկական հեռուստատեսություն: Հայաստանի մեկ հանրային եւ բազմաթիվ մասնավոր հեռուստաընկերություններ ամեն օր «հյուրընկալվում» են յուրաքանչյուր հայի օջախ, դառնում նրա մեկ մասնիկն ու մտնում կենցաղ: Հեռուստատեսային մասնագետի համար շատ դժվար է դիտել հեռուստաեթերը, ուսումնասիրել հեռուստածրագրերը, առավել քան դժվար է վերլուծություն կատարել: Առաջին հարցը, որ կարող է հնչել՝ ո՞ւմ է հարկավոր այդ ուսումնասիրությունը, մի՞թե մինչեւ այսօր տեսել եք որեւէ հեռուստաընկերության ղեկավարի, որն իր ձեռքն է վերցրել հեռուստատեսային մասնագետների կողմից հրատարակված գիտական հոդված, ծանոթացել է, ընդդիմացել, քո գրածներում բացահայտել անճշտություններ: Սրանք հայաստանյան իրականությունում անլսելի բաներ են: Ընդհակառակը, եթե դու դասախոսում ես Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, մասնակցել ես բազմաթիվ միջազգային ուսուցողական ծրագրերի, գիտաժողովների, ուսումնասիրել ես արտերկրի հայտնի հեռուստաընկերությունների աշխատանքային մեթոդները, դա ոչինչ է հայաստանյան հեռուստաընկերության ղեկավարի համար, որովհետեւ ինքն էլ իր հետաքրքրությունների շրջանակն ունի, իր բիզնեսը, իր ծանոթներն ու խնամիները, որոնց անհրաժեշտ է աշխատանք, որոնք, ոչինչ որ, չեն տիրապետում մասնագիտական որեւէ հմտության, բայց մի քանի տարի հետո դառնում են հեռուստաընկերության դեմքը՝ հաղորդավարը, լրագրողը, օպերատորը, ռեժիսորը եւ էլի ինչ ուզեք…

Կադրային սխալ քաղաքականության արդյունքում հայաստանյան հեռուստաընկերությունները վերածվել են շուկայի, ի՞նչ արհեստավարժության մասին կարող է խոսք լինել, եթե 30 րոպեանոց հաղորդումը կարող են պատրաստել՝ հաղորդավարը, օպերատորը եւ վարորդը: Եթե հաղորդաշարը կամ հաղորդումը ունի հովանավոր, ապա բոլոր հարցերը լուծված են՝ մեկ հոգին իր վրա կարող է վերցնել մի քանի մասնագետների գործառույթներ, ի՞նչ կա որ: Հեռուստատեսային հաղորդում պատրաստելու համար դասական հեռուստաընկերություններում պահանջվում են մի շարք մասնագետներ՝ հաղորդավար, խմբագիր, լրագրող, ստեղծագործական տնօրեն, պրոդյուսեր, օպերատոր, ռեժիսոր, օգնականներ, լուսավորող, մոնտաժող, լուսագրերի մասնագետ, հեռուստահաղորդման շապիկի, գլխագրի, բյումներ ձեւավորող եւ այսպես կարելի է շարունակել: Կարեւոր է, թե հաղորդումը ինչ ձեւաչափում է նկարահանվում՝ ռեպորտաժներով է հարուստ, տաղավարում հյուր կա, թե՞ թոք-շոու է: Խոսքը ստեղծագործական թիմի, խմբի մասին է. հեռուստատեսությունը ստեղծագործական թիմային աշխատանք է, յուրաքանչյուր մասնագետ կարեւոր է, յուրաքանչյուր աշխատանք պահանջում է լայն գիտելիքների, հմտությունների առկայություն: Ինչ ենք անում մենք՝ վերցնում ենք լավագույն հաղորդավարին՝ օգտագործում մինչեւ վերջին կաթիլը, փորձարկում տարբեր տիպի հաղորդումներում (հաճախ ոչ համապատասխան), փչացնում մարդուն եւ ստիպում, որ հեռուստադիտողը փոխի ալիքը: Ինչո՞ւ, կհարցնեք, հեռուստատեսության ղեկավարը չի գիտակցում, որ վարկանիշի անկում կնկատվի, նա չի՞ ուզում, որ իր հեռուստատեսության «դեմքերը» արժեւորվեն, իրենց տեղում լինեն: Կարծում եմ, որ տվյալ հեռուստաընկերության ղեկավարին դա ամենաքիչն է հուզում, նա տնտեսում է գումարը, էժան աշխատուժն իրեն ձեռնտու է, շահույթն էլ իր հերթին գնալով մեծանում է:

Հեռուստատեսությունում կան լրագրողական մասնագիտություններ, որոնք ստեղծագործական աշխատանքով են զբաղված, եւ յուրաքանչյուր մասնագետի առկայությունը կարեւորվում է հեռուստամասնագետի համար, ով գրեթե ամեն օր ուսումնասիրում է եթերը: Առաջին ակնառու սխալը, որը տեսնում ես բոլոր հեռուստաընկերություններում՝ այն է, երբ տեղեկատվական հաղորդում վարողները, այսինքն՝ հաղորդավարները հայաստանյան հեռուստատեսությունում դառնում են մեկնաբաններ, հարցազրուցավարները՝ վերլուծաբաններ կամ քաղաքական մեկնաբաններ: Ի գիտություն՝ հեռուստաընկերությունների ղեկավարներ, նշեմ, որ մեկնաբան հեռուստատեսային մասնագետ ամբողջ աշխարհում ամենաթանկ վճարվող, ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնագիտությունն է հեռուստաոլորտում: Մեկնաբանը հիմնվելով փաստերի եւ իրադարձությունների վրա, փորձում է իր տեսակետը, կարծիքը հայտնել: Մեկնաբանը որոշակի փորձ, գիտելիք, հմտություն, ինչպես նաեւ՝ հեղինակություն ունեցող լրագրողը կարող է դառնալ: Օրինակներ ունենք՝ «Շանթ» հ/ը-ում՝ Ա. Երկանյան, TV 5-ում՝ Ռ. Հովհաննիսյան. լավ են, վատ են՝ թողնենք հեռուստադիտողին, մեկնաբաններ են: Մեկ կարեւոր բան էլ՝ «մեկնաբանություն» ժանրը հեռուստատեսությունում դասվում է հրապարակախոսական-վերլուծական հաղորդումների շարքում: Սա էլ համոզիչ լինելու համար, որ տեղեկատվական հաղորդումների կամ լուրերի թողարկումների հաղորդավարներին չի կարելի անվանել մեկնաբաններ: Ինչո՞ւ են մեր հաղորդավարները (ՊՌՍՑՏՐ) իրենց նսեմացած զգում, չէ որ ամբողջ աշխարհում տեղեկատվական հաղորդումների վարողները համարվում են տվյալ հեռուստաընկերության դեմքը, որովհետեւ նրանք անաչառ եւ անկողմնակալ մատուցում են օրվա իրադարձային ռեպորտաժը կամ լուրը: Նորությունների թողարկում վարողը պետք է լինի միջին տարիքի, կենսափորձ, գիտելիքներով հարուստ, հավասարակշիռ, վստահություն ներշնչող, այս ամենի հետ էլ ունենա հաճելի եւ գրագետ եթերային խոսք:

ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031