Աբեղեանի հակասականութիւնը
Սկիզբը՝ «Առավոտ» 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10
Անհրաժեշտ է նշել, որ նախքան լենինեան լեզուական դեկրետային առաջադրանքների կատարման յանձնառութիւնը, Աբեղեանը նախկինում ունեցել է որոշ առաջարկներ, որոնք եղել են սրբագրական կարգի կարծիքներ, բայց ոչ արմատական յեղաշրջող ռեֆորմի մակարդակի: Եւ ընդհանրապէս հնչել են կարծիքներ՝ տարբեր ժամանակներում ու տարբեր անձանց կողմից, այդ թւում են նաեւ յայտնի դէմքերի՝ Ղազարոս Աղայեանի, Նիկոլայ Ադոնցի, Նահապետ Ռուսինեանի («Կիլիկիա» երգի հեղինակը), Ստեփան Մալխասեանցի կողմից: Նիւթը չծանրաբեռնելու համար միայն նշենք, որ Աղայեանը առաջարկում էր Վ-գրանշանը լրիւ հանել եւ գրել միայն ւ-ով (կով- կու, ծով- ծու), այդ սկզբունքով կազմուած նրա դասագիրքը, սակայն, կաթողիկոսի հրամանով արգելուեց: Ադոնցը առաջարկում էր ու-ն փոխարինել ւ-ով (գրուած- գրւած, զինուոր-զինւոր), Ռուսինեանը առաջարկում էր գաղտնավանկ ը-ն գրել (ըսկըսել) եւ բառամիջում ե-ն փոխարինել է-ով (որբէր, գրէցի), Մալխասեանցը ւ-ն առաջարկում էր փոխարինել վ-ով (հաւ-հավ): Հետագայում, սակայն, Մալխասեանցը եւ Ադոնցը քննադատեցին Աբեղեանին եւ պաշտպանեցին դասական ուղղագրութիւնը:
Այնուամենայնիւ, վերոյիշեալ առաջարկութիւնները երբեք ընդհանրական ճանաչում չեն գտել, չեն ընդունուել ազգի եւ նրա մտաւորականութեան կողմից:
Մինչեւ ռեֆորմը, Աբեղեանը ընդունում էր միակերպ ուղղագրութեան կարեւորութիւնը. «Ուզենք թէ չուզենք, բայց դա մի պատրաստի ընդհանուր գործիք է, որ կարելի չէ մի կողմ դնել… Ուստի ստիպուած ենք կապուած մնալու բառերի հին գծագրութիւններին…» եւ ապա. «Իսկ մի անգամից հիմնովին նորոգելու համար ոչ մի հնարաւորութիւն չկայ, ոչ թէ նրա համար, որ լեզուագիտութիւնը անզօր է այդ անելու, այլ որովհետեւ մէկմէկու գրածը հեշտութեամբ չեն հասկանալ, քանի որ բառերի պատկերները մեծ փոփոխութեան կ՝ենթարկուեն…»: Նա ընդունել է աշխարհում ընդունուած ընդհանուր գրաբանական տեսութեան հիմնահարցը՝ աւանդական եւ անաղարտ պահուած գրահամակարգը փոխելու անթոյլատրելիութիւնը. «Եթէ ուզում ենք գրական լեզու ունենալ, արեւելեան աշխարհաբար իմացողի համար հասկանալի պիտի լինի արեւմտեան աշխարհաբարը եւ հակառակը… ուղղագրութեան միասնութիւնն էլ ընդհանրական պայման է, այլապէս բաբելոնեան խառնակութիւն կ՝ունենանք… պէտք է գերադասենք հին աւանդական ուղղագրութիւնը… որ յամենայն դէպս լաւագոյնն է»: Այստեղ նա շատ իրաւացի է, շարունակելով. «Շատ անգամ յայտնուած ճշմարտութիւն է, որ աշխարհաբարը չէր կարող այնպէս արագ զարգանալ, եթէ չլիներ գրաբարը, գրաբարի ուղղագրութիւնը եւ ճշմարտօրէն պէտք է ընդունել՝… մեր երկու աշխարհաբարները այնքան հեռու կը լինէին իրարուց, որ կը կարդային, բայց դժուար կը հասկանային»: Այսօր մենք այդ վիճակում ենք՝ սփիւռքի արեւմտահայերը չեն հասկանում հայրենի արեւելահայերի գրածը եւ հակառակը, եւ դա չի անհանգստացնում հայրենիքի պատասխանատուներին: Հաւանաբար ընդհանրական ուղղագրութիւն ունենալու այս գործօնը խիստ էական է մեզ համար, որ դեռ մէկ դար առաջ Աբեղեանը ստիպուած էր ընդունել. «Եթէ չլինի, ուրեմն, ուղղագրական այս ընդհանուր եւ տեւական միութիւնը, չի կարող գոյութիւն ունենայ եւ գրական լեզու: Հայերէնի համար աւելի\’ մեծ է այս պայմանի նշանակութիւնը, քանի որ ունենք այսօր երկու գրական լեզուներ, որոնք նոյնանում են գոնէ միակերպ ուղղագրութեամբ»: Ցաւօք, հայրենի իրաւասու անձինք այսօր չեն ուզում ընդունել մեր երկու գրական լեզուների մերձեցման համար միակերպ դասական ուղղագրութեան վերահաստատումը: Անկախ իր հետագայ դեկրետային գործունէութիւնից, Աբեղեանը գոնէ այդ ժամանակ (1913թ.) ազնւութիւն ունեցաւ գրութեան հնչական դրութեան՝ իր քարոզած տեսութեան սխալը ընդունել (որի դէպքում արտասանութեան փոփոխութեան հետեւանքով ուղղագրութիւնները անընդհատ պիտի փոփոխուէին), գիտակցելով, որ. «Իր առաջարկները ընդունելի կը լինէին, եթէ չլիներ միակերպ ուղղագրոթեան հիմնական սկզբունքը, պահանջը… խօսքը թռչում է, գիրը մնում է. մեր նախնիների արտասանութիւնը անհետացել է, բայց նրանց արտասանած բառերի պատկերները մնացել են… Լեզուի հնչիւնները մշտական բազմազան փոփոխութիւնների մէջ են, բայց բառերի թանձրացած պատկերները չեն կարող փոփոխութիւնների մէջ լինել: Հետեւաբար, եթէ որեւէ փոփոխութիւն մեր ուղղագրութեան մէջ աւելի խառն գրութիւն մտցնի եւ մեր գրական լեզուները իրարուց աւելի հեռացնի, աւելի լաւ է, որ չլինի»:
Եւ վերջապէս, Աբեղեանը չի ժխտում, որ ուղղագրութեան ուսուցման հարցերում առկայ դժուարութիւնները չեն կարող պատճառ լինել ուղղագրութիւնը «պարզեցնելու» կամ փոխելու համար, վկայակոչելով դժուար համարուող եւրոպական լեզուները. «Մեծ ազգերը, ինչպիսիք են ֆրանսիացիները, գերմանացիները կամ անգլիացիները, հարկադրանքի տակ չեն իրենց աւանդական ուղղագրութիւնից հրաժարուելու՝… ինչքան դժուար էլ լինի դրանց ուսուցումը…», եւ ապա. «ֆրանսիացիք չեն կարող մի օրում փոխել այն ուղղագրութիւնը, որ մանկութիւնից սովորել են մեծ ջանքերով եւ գործածել»:
Գրաբանական տեսութեանը համապատասխան այս միանգամայն ճիշտ դատողութիւնները, սակայն, յօդս ցնդեցին հետագայում, երբ լեզուի դեկրետի քաղաքական պարտադրանքը պայմաններ ստեղծեց Աբեղեանի համար՝ յեղաշրջիչ փոփոխութիւնների դիմելու իր վաղեմի երազանքը կատարելու, ինչը իրականացնելուն խանգարում էին «ապրող գրագէտները» եւ լեզուական գրահամակարգային միջազգայնօրէն ընդունուած չափանիշները: Այժմ նա արդարացնում էր իր ռեֆորմը՝ անգրագէտի մակարդակին ուղղագրութիւն համապատասխանեցրած լինելու հանգամանքով: Վերջապէս հնչական համակարգով ուղղագրութեան կարկատաններ դնելու անհնարինութիւնը փոխհատուցուեց ուղղագրական օրէնքների զրոյացումով արմատական փոփոխութիւնների հնարաւորութեամբ: Նա նաեւ արդարացի էր համարում հայերի ուղղագրութեան նկատմամբ անել այն, ինչը, ըստ իրեն, եւրոպական ազգերի դէպքում չի կարելի, որովհետեւ հիմա արդեն հնարել է արդարացում՝ հայ գրագէտների քանակը քիչ է, Ֆրասիայում գրագէտները շատ են։ Սա էլ մի նոր, քանակական տեսութիւն էր լեզուական խնդիրներում: Պարզապէս լեզուի բոլշեւիկեան դեկրետների ձեռքը չէր կարող հասնել մեծ ազգերին:
Խեղագրութիւնը մասնակիօրէն տապալուեց 1940-ին՝ գուրգէնսեւակեան որոշ սրբագրումներով. սակայն մինչ այդ, արդէն խեղագրութիւնը քննադատուել ու վարկաբեկուել էր ոչ միայն հայրենի եւ սփիւռքի մտաւորականների շրջանում, այլեւ խեղագրութեան հովանաւորողների շրջանակում:
շարունակելի