Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված երրորդություն է սիրում…»

Մարտ 06,2010 00:00

– Սիրածս աղջկա անունը Աննա էր, մինչեւ այն ժամանակ, երբ իմ կյանքւմ հայտնվեց Աստղիկը,- պատմում է Արտակը:

Արտակը 25 տարեկան է, մասնագիտությամբ ատամնաբույժ է, ապրում է Էրեբունիում: Չորս տարի առաջ նա սիրահարվեց Աննա անունով մի աղջկա, բայց Աննան նրա սիրուն չէր պատասխանում ու արհամարհում էր Արտակի նվերները: Մի օր էլ, այլեւս չդիմանալով Աննայի արհամարհանքներին, Արտակը որոշեց փախցնել նրան: «Ընկերներով որոշեցինք փախցնել նրան, եւ որպեսզի փախցնելուց հետո կասկած չտարվի, որ ես եմ փախցրել, ճիշտ համարեցինք, որ փախցնելու պրոցեսին ես չեմ մասնակցի, կլինեն մենակ ընկերներս»,- պատմում է Արտակը: Բայց ընկերները այդ օրը թույլ տվեցին մի ահավոր սխալ, որը ճակատագրական եղավ Արտակի համար: Փախցնելու օրը Աննան մենակ չի եղել, այլ ընկերուհու՝ Աստղիկի հետ (նույն տեղն էին սովորում, երկուսն էլ երեւանյան մի գեղեցկության սրահում վարսահարդարություն էին սովորում), ում էլ Աննայի փոխարեն սխալմամբ փախցնում են տղայի ընկերները: «Ես միայն հաջորդ օրը տեսա այն աղջկան, ում ընկերներս փախցրել էին: Այդ պահին զարմանքս միանգամից փոխվեց ծիծաղի: Այդ օրը մարտի 8-ն էր, որն էլ դարձավ ինձ համար ճակատագրական օր»,- պատմում է Արտակը:

Աստղիկից, իհարկե, ներողություն խնդրեցին եւ վերադարձրեցին տուն: Ամեն ինչ դրանից հետո կարծես հանգստացավ (զարմանալի էր, բայց Աստղիկը ոստիկանությունում բողոք չէր ներկայացրել Արտակի դեմ): Արտակը դրանից հետո դարձավ շատ անհանգիստ ու մտածկոտ: «Այդ օրվանից հետո ես չէի կարողանում մոռանալ Աստղիկի ահաբեկված աչքերը: Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ լուրջ սիրահարվել եմ, ու դա անցողիկ ինչ-որ բան չէ, ինչպիսին Աննայի հանդեպ զգացածս էր, այլ դա իսկական սեր էր, որի «թակարդը» ընկա մարտի 8-ի առավոտյան»,- պատմում է Արտակը:

Հետո սկսվեցին Արտակի ու Աստղիկի սիրային հարաբերությունները: «Արտակը անընդհատ գնում-գալիս էր, ինձ էլ թվում էր՝ գալիս է Աննային տեսնելու, բայց մի օր ինձ սիրո խոստովանություն արեց, ու ես նրան մերժեցի: Իհարկե, հոգուս խորքում խոստովանում էի, որ սիրում եմ Արտակին, բայց ռիսկ չէի անում դրա մասին ասել նրան: Մի օր էլ չհամբերեցի ու խոստովանեցի, որ սիրում եմ նրան»,- պատմում է Աստղիկը:

Մեկ տարի նրանք ընկերություն արեցին եւ որոշեցին իրենց առաջին «չարաբաստիկ» հանդիպման օրն էլ պաշտոնականացնել իրենց հարաբերությունները: Նշանվելուց հետո եւս մեկ տարի նրանք սպասեցին ու հաջորդ տարվա մարտի 8-ին արեցին իրենց հարսանիքը: «Մարտի 8-ը մեզ համար դարձավ շատ երջանիկ օր: Մի քանի օրից կտոնենք մեր ամուսնության մեկ տարին: Բայց մի հարցում ես ու կինս չկարողացանք պահպանել մեր կողմից ձեւավորված գեղեցիկ ավանդույթը, ու մեր երեխան կծնվի ոչ թե մարտի 8-ին, այլ ապրիլի վերջին, բայց մենք դրանից չենք տխրում, քանի որ, ինչպես ասում են, «Աստված երրորդություն է սիրում»,- ասում է Արտակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել