Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ՝ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՆՑ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մարտ 06,2010 00:00

Սպորտի բնագավառի ուժեղ սեռի ներկայացուցիչների համար հայ կանայք ամենացանկալին են

Մարտի 8-ը միլիոնավոր մարդկանց սիրած տոներից մեկն է: Հայաստանն ու հայերն էլ բացառություն չեն։ Հայ կանանց տոնական տրամադրության վրա չեն ազդում ոչ համաշխարհային ճգնաժամը, ոչ տարադրամի փոխարժեքի մշտական տատանումները, ոչ, անգամ, ցածր աշխատավարձն ու շուկայի օրեցօր աճող գները: Դրա ապացույցն ստանալու համար բավական է, պարզապես, շրջել Երեւանի փողոցներով ու առեւտրի կենտրոններով: Ամենուր աշխույժ մարտիության աժիոտաժ է, թանկարժեք իրերի, զարդերի խոշոր գնումներ, սարսափ առաջացնող գներով ծաղիկների պատվերներ… Եվ այս ամենը մեկ ամիս շարունակ:

Մարտի 8-ը համարվում է կանանց միջազգային օր, բայց եվրոպական երկրներում այն գրեթե մոռացության է մատնված: Մինչդեռ Հայաստանը տոնում է միանգամից երկու տոն՝ Մարտի 8 եւ Ապրիլի 7, ավելի կոնկրետ՝ մարտի 8-ից ապրիլի 7 տեւողությամբ միամսյակ: Անկախությունից հետո Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից եւ որպես այլընտրանք, ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության եւ գեղեցկության օր: Սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել եւ այնքան սիրված տոն էր, որ ձեւավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր: Եվ մարտի 8-ը վերականգնվեց:

Հայ կանայք եւ աղջիկներն այս մեկ ամսվա ընթացքում իրենց ամուսիններից, հարազատներից, գործընկերներից թեկուզ ոչ մեծ, բայց հաճելի նվերներ են ստանում։ Տղամարդիկ, դե դիմացեք…

Քանի որ «Առավոտը» տղամարդկանց տոնի առիթով կանանց միջոցով «ուսումնասիրել» էր հայ տղամարդկանց՝ նրանց առավելություններով ու թերություններով, Մարտի 8-ի առիթով էլ մարզաշխարհի ուժեղ սեռի ներկայացուցիչներին հնարավորություն տվեց՝ «պատռել» հայ կնոջ դիմակը, բացահայտել նրանց կերպարի, բնավորության, սեքսուալության ու այլ առանձնահատկությունները:

\"\"Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը գնահատում է հայ կնոջ՝ տարիներից եկած ընտանեկան դաստիարակությունը, «ընտանիքս» հասկացողությունը բարձր գնահատելը: «Հայ կանայք մյուսներից տարբերվում են նրանով, որ ավելի ընտանիք սիրող են, ինչը, ասենք, ամերիկացի, գերմանացի կանանց մոտ բացակայում է: Նրանց մեջ սիրում եմ նաեւ այն, որ շատ լուրջ են վերաբերվում յուրաքանչյուր գործին, ինչով զբաղվում են: Նրանք ավելի շախմատային բնավորություն ու կերպար ունեն՝ մտածող ու կենտրոնացող…»,- ասաց Վ. Զաքարյանը: Նա կնոջը միայն խոհանոցում չի տեսնում. «Կինն ինձ համար նախ պետք է լինի որպես լավ ընկեր, որի հետ տղամարդն անցկացնում է իր օրը: Պարտադիր չէ, որ նա անպայման աշխատի, պարտադիր է, որ նա չլինի միայն խոհանոցում»: Իսկ որպես բացասական գիծ ընդգծեց հայ կնոջ խանդոտ լինելը. «Ի տարբերություն այլազգի կանանց՝ հայուհիները շատ ավելի խանդոտ են եւ հաճախ այն անհիմն է»: Երիտասարդ սերնդի մասով էլ նկատեց. «Ես հիմա շատ առիթ եմ ունենում շփվելու նրանց հետ. շատ գեղեցկացած են ու բավականին զարգացած տարբեր բնագավառներում, իսկ նախկինում հայ կանայք այդքան զարգացած չեն եղել»:

\"\"«Կիլիկիա» առագաստանավի նավապետ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը խոստովանեց, որ հայ կնոջը շատ բարձր է գնահատում. «Որովհետեւ շատ դրական կողմեր ունեն: Բացասակա՞ն՝ ոմանք կարող են ունենալ, բայց ընդհանուր այդպիսի գիծ չեմ տեսնում, որովհետեւ ավանդական դաստիարակությունը բոլոր դեպքերում առկա է, եւ դա ես դրական եմ գնահատում»: Նավապետից հետաքրքրվեցինք՝ հայ կինը կարողանու՞մ է ճիշտ սիրել: Ըստ նրա. «Իհարկե, այն էլ ինչպես, կասկած չկա: Դա ուղղակի երանություն է…»: Իսկ սեքսուա՞լ են, թե՞ ոչ հարցին էլ պատասխանեց՝ «Միանշանակ՝ այո»:

\"\"Ազատ ոճի ըմբիշ, աշխարհի առաջնության մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Ենոքյանը աղջկա մեջ գնահատում է համեստությունն ու խելացիությունը, ինչն ունի իր ընտրած աղջիկը. «Հայուհիները հենց այդպիսին են մեծամասամբ: Չնայած հիմա կա մի խավ, որ չգիտի անգամ՝ ինչ է խոնարհ աղջիկ լինել: Այ, այդ տեսակներին չեմ սիրում: Գնահատում եմ, երբ աղջիկը հասկացող է լինում: Շատերին թվում է՝ ժամանակակից լինելու համար իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ, բայց դա այդպես չէ: Ժամանակակից լինելը լրիվ ուրիշ հասկացություն է, դրա հետ կապ չունեցող բան»: Նա, լինելով սպորտի բնագավառի մարդ, խոստովանեց, որ չի սիրում, երբ աղջիկը զբաղվում է կոպիտ մարզաձեւով. «Միշտ չեմ ընդունել այն կանանց ու աղջիկներին, որոնք զբաղվում են ըմբշամարտով, բոքսով, ծանրամարտով: Սրանք կանանց սպորտաձեւ չեն»:

\"\"Աղջիկնե՛ր, երիտասարդ, գեղեցկադեմ, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը դեռ չի գտել իր կեսին. «Ինչ անեմ, որ չեմ գտնում այն մեկին, որ զգամ՝ հետը լուրջ հարաբերություններ կարող եմ ունենալ ու մտածեմ ընտանիք կազմելու մասին: Անցողիկ աղջիկներ եղել են, իհարկե՝ ոչ ամուսնանալու նպատակով, բայց դա ժամանակ անցկացնելու եւ օրս տխուր չլինելու համար է եղել»: Նա դժգոհեց, որ հայուհիները լավ տղաներին չեն նկատում. «Վատին միշտ լավ էլ տեսնում են: Դրա համար մի սիրուն, լավ աղջիկ մեզ ռաստ չեկավ… (ծիծաղում է- խմբ.)»: Նա նաեւ նշեց, որ աղջիկների թերությունն այն է, որ շատ շուտ են համոզվում. «Կարելի է ասել՝ շուտ են «կուտ» ուտում: Կոնկրետ ինձ համար Հայաստանի աղջիկներն ավելի գեղեցիկ են, քան դրսինը, թեկուզ՝ մաշկի առումով, իսկ արտասահմանում տեսնում ես, աղջիկն ինչքան էլ սիրուն լինի, բայց մաշկը…»: Ըստ նրա, բացի գեղեցիկ ու «մաքուր» լինելուց, հայ աղջիկները շատ սեքսուալ են ու կրքոտ:

\"\"Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, կանանց մեծ երկրպագու Լյովա Հովհաննիսյանն անկեղծացավ, որ հայուհուց բացի, ուրիշ ազգի կին չի ուզում ճանաչել. «Հայ կնոջ հոգեբանությունն ուրիշ է, մյուս ազգերի կանանցից շատ տարբեր: Իմ աչքերը միայն հայ կանանց են տեսնում: Մեր կանայք, ամենագեղեցիկ եւ նուրբ էակներն են: Նրբազգաց են, քնքուշ: Նրանց վիրավորելը եւ շատ հեշտ է, եւ շատ ցավալի: Հայ կինը նրբության հոմանիշ է: Հիմա երիտասարդ աղջիկները ինձ խեղդում են, ուզում են կանանց բռցքամարտ անցկանցնենք, ես էլ ասում եմ՝ այ մա՜րդ… կանանց պետք է սիրել, գուրգուրել, համբուրել, ոչ թե խփել, հարվածել: Բայց դե նրանց ցանկությունն է, իսկ ես, համենայնդեպս, այն տղամարդկանցից եմ, որ կնոջ ցանկությունն ինձ համար օրենք է»: Աշխատա՞նք, թե՞ խոհանոց՝ հարցին պատասխանեց. «Կնոջն աշխատանքի մեջ տեսնում եմ, բայց չեմ սիրում, երբ կինը տղամարդուն հավասար աշխատում է: Սիրում եմ, երբ կինը խոհանոցում է, նրանք առաջին հերթին այնտեղ պետք է լինեն, որովհետեւ, եթե այնտեղ չլինեն, մենք՝ տղամարդիկս, սոված կմնանք»: Իսկ թե Մարտի 8-ին ի՞նչ նվեր է անելու կնոջը՝ տարակուսեց. «Դեռ չեմ որոշել: Բայց որ մի ջերմ համբույր նվիրելու եմ, դա հաստատ է»:

\"\"Ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը շեշտեց, որ հայ կնոջ մեջ սիրում է մոր կերպարը. «Հայուհու կերպարն ինձ համար ավելի շատ մայրական է: Նա ընտանիքի հենասյուներից մեկն է: Այլազգիները, համեմատած հայերի հետ, ավելի ինքնուրույն են եւ այդքան բարձր չեն գնահատում մոր դերը: Երեւի իրենց դեմոկրատիան է թելադրում, որ, ասենք, որոշակի տարիքից եվրոպացիները դառնան ինքնուրույն: Իսկ մեզ մոտ, իմ կարծիքով, մինչեւ կյանքի վերջը մայրը փորձում է պահպանել իր երեխային: Սրանք դրական հատկանիշներ են, արժանիքներ, որոնք յուրաքանչյուր հայ տղամարդու էլ դուր է գալիս»: Ա. Մխիթարյանը հայուհուն պատկերացնում է առաջին հերթին խոհանոցում. «Հայ կինն իր խոնարհությամբ մարմնավորում է հայկական խոհանոցը եւ քաղաքական գործընթացներին՝ քիչ մասնակցություն: Ես գտնում եմ, որ մեր հայ կանանց ապրելու ձեւը ճիշտ է»: Նա մեզ որպես գաղտնիք ի լուր աշխարհի ասաց, որ ամեն Մարտի 8-ին իր հնարավորությունների սահմաններում թանկարժեք նվեր է գնում կնոջ համար, իսկ թե ինչ՝ չբացահայտեց:

\"\"Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը «Առավոտի» լրագրողների հետ զրույցում ցանկություն հայտնեց, որ հայ կանայք շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեին իրենց կառուցվածքին եւ շատ զբաղվեին սպորտով: «Լավ կլիներ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը եւ բոլոր սպորտային կազմակերպությունները ավելի ուշադիր լինեին կանանց շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի տարածմանը, ինչը լուրջ խթան կհանդիսանար մեր հայազգի աղջիկների գեղեցկության, հետագայում նաեւ՝ առողջ մարմնով խնդիրները կարգավորելու: Իմ կարծիքով, որքան կանայք առողջ լինեն եւ կենցաղում սպորտային, այնքան գեղեցիկ կլինեն, քանի որ կնոջ գեղեցկությունը յուրաքանչյուր տղամարդու համար առաջին պայմաններից մեկն է»,- ասաց նա: Բացասական եւ դրական գծերից էլ խոսեց միայն դրականի մասին, քանի որ, ըստ նրա, մեր աղջիկների ու կանանց մեջ բացասական ոչինչ չի տեսնում:

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն, լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանի փոխանցմամբ, հայ կինը հայկական ավանդույթների արտացոլանքն է. այսինքն, եթե ուզում ես հասկանալ, թե ինչ ավանդույթներ, սովորույթներ ունի հայ ազգը՝ ուսումնասիրիր հայուհուն. «Մի բառով հնարավոր չէ նկարագրել հայ կնոջ կերպարը: Իհարկե, հայուհին կորցրել է իր դեմքը, ինչ որ եղել է տարիներ առաջ, բայց սա բացասական գիծ համարել չի կարելի, քանի որ դա ժամանակի շունչն է: Չի կարելի ասել՝ սրանից 50 տարի առաջ կինը երկար մազեր էր պահում ու երբեք էլ չէր մտածում կտրելու մասին, իսկ հիմա կտրում են, այն էլ՝ կարճ… կամ այն ժամանակ կանայք տղամարդու մոտ չէին խոսում, ուրեմն հիմա էլ պետք է չխոսեն: Ես այն տղամարդկանցից չեմ, որ դեմ խոսեմ ժամանակակից հայուհուն»: Թերություններից նշեց երիտասարդ աղջիկների՝ ընդօրինակելու հակումը. «Նայում են եվրոպացիներին՝ ինչպես են ծունկը պատռած ջինս հագնում, նույնը կրկնօրինակում են: Տգեղ է»: Աշխատա՞նք, թե՞ խոհանոց… տարբերություն չդրեց. «Կինն էլ իրավունք ունի աշխատելու եւ ոչ մի տեղ գրված չէ, որ կինը միայն պետք է ճաշ պատրաստի, որ իր տեղը գազօջախի մոտ է: Միակ բանը, որ չեմ ընդունում, այսինքն՝ միակ ոլորտը, որ կնոջը չեմ տեսնում, դա որոշ սպորտաձեւերն են, օրինակ՝ բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ: Այս սպորտաձեւերում կանանց մրցում չպետք է լինի, տգեղ է: Կինը կարիք չունի այդ կերպ իր ուժը չափելու եւ, ընդհանրապես, կինը ուժ չափելու կարիք չունի, դրա համար կան գեղեցկության մրցույթներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել