Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտելեկտուալները փոքրամասնություն են

Մարտ 06,2010 00:00

\"\"Չնայած ընթերցանության ճգնաժամին եւ գրականության հանդեպ պետության ուշադրության պակասին, լույս է տեսնում մասնագիտական մամուլը՝ «Գրական թերթը», «Գրեթերթն» ու «Ցոլքերը», ինչպես նաեւ «Գարուն», «Նարցիս» ամսագրերը, որտեղ իրենց փորձում են «իրացնել» երիտասարդ գրողները:

Գրողական շրջանակներից «Ռոբինզոն», «Թափանցիկ շշեր», «Ճանապարհ հեծանիվով», «Ջազ», «Շախմատային նովել» եւ այլ պատմվածքներից ճանաչված է երիտասարդ ստեղծագործող Արամ Պաչյանը: Վերջապես այս տարի պետպատվերի շրջանակում կհրատարակվի նրա պատմվածքների առաջին ժողովածուն:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արձակագիր Պաչյանը ցավով փաստեց, որ երբ մարդիկ լսում են՝ ինքը գրող է ու ոչ թե ծրագրավորող, իրավաբան կամ պատգամավոր…, պարզապես ծիծաղում են: Ըստ մեր զրուցակցի, գրականության հանդեպ ոչ թե պակասել է հետաքրքրությունը, այլ առհասարակ բարոյականությունը՝ բառի իսկական իմաստով. «Նայեք ձեր շուրջը. ինչպիսի «հանճարեղ» հետաքրքրություններ կան՝ սերիալներից սկսած, հաց ուտելու օբյեկտներով ու ինտերնետային «խմբավորումներով» ավարտված»: Այսօրվա գրողի մասին էլ հետեւյալ կարծիքը հայտնեց. «Գրողը նման է մի քանի րոպե առաջ սառած դիակի, ում ուզում են վերակենդանացնել ընդամենը թույլ ապտակներով: Անշուշտ, ստեղծված վիճակն անհանգստացնում է երիտասարդ ստեղծագործողներիս»: Համոզված է, որ դեռ իր համար թվացյալ պատ կա՝ «գլուխդ խփիր ինչքան ուզում ես, սար բարձրացիր ու գոռա, հետո ցած իջիր, մտիր սենյակդ ու փակվիր… Եթե մղում, ձգտում, ներքին պահանջ կա, այնուամենայնիվ, գրիր՝ կստացվի, անպայման կստացվի»: Իսկ ո՞ւմ համար է գրում, արդյոք կարդո՞ւմ են… Արձակագիրը համոզված է, որ առայժմ ինտելեկտուալ որոշ շերտ կա, որը, ցավոք, փոքրամասնություն է կազմում: Հետո էլ հավելեց, թե կարդում են նաեւ բանասիրականի աղջիկները, սակայն ափսոսանք հայտնեց, որ տղաները չկան «էդ գործում»՝ հավանաբար ամոթ է պատմվածք կարդալը:

Մեր զրուցակցին հուսադրելու նպատակով հիշեցրինք, որ շուտով լույս կտեսնի պատմվածքների ժողովածուն եւ, ով գիտե, գուցե ձեռքից ձեռք խլեն այն: Այս դիտարկմանն էլ գրողը հակադարձեց. «Իհարկե, պետպատվերով շուրջ 500 տպաքանակով գիրքը կտպվի, որից ընդամենը 3-4-ը տեղ կգտնեն գրապահոցներում, մնացածը կբաժանեմ ընկերներիս: Սրանով կվերջանա երիտասարդ գրողի հոմերոսյան ճանապարհը (ժպտում է- Ս. Դ.)»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել