Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը չի կարող մոռանալ, որ թուրքերը սպանել են իր պապերին
Երեկ «Հայելի» ակումբում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի մասին իրենց կարծիքները հայտնեցին Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի անդամ, փիլիսոփայության դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը եւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Լ. Հարությունյանը կարծում է, որ մենք այսօր առիթ ունենք շնորհավորելու ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ո՛չ թե մեզ, քանի որ կոնգրեսականները կարողացան քայլել ժամանակակից քաղաքակրթության նորմերին համապատասխան: «Մենք լրջորեն պետք է մեզ հարցնենք, թե ինչպես ենք շարունակելու սրանից հետո: Մեր խնդիրը երկրի կատարելագործումն է, երկիր՝ նոր արժեքներ բերելը, ժողովրդավար դարձնելը, եղեռնի ճանաչմանը հետամուտ լինելը կարեւորագույն հանգրվան է այդ ճանապարհին, որովհետեւ աշխարհն է ուզում նոր մշակույթ ունենալ եւ չլուծել խնդիրները բռնի ուժով: Մնում է՝ այնպիսի երկիր կառուցենք, որ ոչ թե խղճահարություն առաջացնենք, այլ աշխարհի արժեքների համար առաջամարտիկի դեր վերցնենք»,- նշեց տիկին Հարությունյանը:
Ի՞նչ կտա բանաձեւի ընդունումը՝ հարցին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը այսպես պատասխանեց. «Մեզանից է կախված… մարդկության պատմությունն ապացուցել է, որ ամեն տեսակ շահերից բարոյականությունը վեր է»: Այն, որ Թուրքիան ցնցումների մեջ է հայտնվել, հուշարձանագետը բնական է համարում. «Որովհետեւ խարխլվում է Թուրքիա երկրի հիմքը, որը ցեղասպանության արդյունքում ձեւավորված մի երկիր է, չլիներ Հայոց ցեղասպանությունը, չէր լինի Թուրքիայի ներկայիս սահմաններով պետությունը»: Ս. Կարապետյանին անհանգստացնում է այն, որ հայ հասարակությունը, անընդհատ շեշտելով պահանջատեր լինելը, լուր չունի, թե ինչ է պահանջում. «Մենք հայրենաճանաչ ժողովուրդ չենք, չունենք ազգային հասարակություն: «Կորուսյալ հայրենիք» ենք ցույց տալիս, այդպես մեր հերն անիծում: Պետք է առաջնորդվենք գաղափարով, որ ունենք գերեվարված հյուսիսային Արցախ, Նախիջեւան, Արեւմտյան Հայաստան, ախր կորուսյալը հաշտվել է նշանակում…»:
Սոցիոլոգ Լ. Հարությունյանը գտնում է, որ Եղեռնի ճանաչումը մեկ օրվա կամ տարվա գործ չէ. «Դա ո՛չ մեր, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի երկրների ջանքերով պսակվել չի կարող: Թուրքիան պետք է փոխվի եւ պետք է կարողանա իր քաղաքականության մեջ այնպիսի կարեւոր շրջադարձեր կատարել, որ հնարավոր լինի համատեղել Եղեռնի ճանաչումը եւ այսօրվա Թուրքիայի խնդիրները»:
Տիկին Հարությունյանը չի կասկածում, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Ես կասկած ունեմ այսօրվա համար, այսօր Թուրքիան պատրաստ չի ճանաչել Եղեռնը, դա պարզորոշ երեւում է նրանից, թե ինչ հայտարարություններ են անում, ինչ լոբբիզմ է իրականացվում, ինչպես է ներկայացվում խնդիրը: Թուրքիան իր մասին խոսում է որպես նոր ռազմավարություն իրականացնող երկիր, բարձրացնում իր երկրի նշանակությունը աշխարհում, տարածաշրջանում եւ սեփական երկրում»:
Հարցին՝ բանաձեւի ընդունումը ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, սոցիոլոգը պատասխանեց. «Մեծ տարբերություններ չեն լինի այդ հարաբերություններում, որովհետեւ դրանք խիստ բազմաշերտ են ու լայն: Կարծում եմ, որ լեզու կգտնեն իրար հետ»: Հայ-թուրքական հարաբերությունների «մասով» էլ Լ. Հարությունյանը գտնում է. «Հայ-թուրքական հարաբերություններ այսօր գոյություն չունեն, այս չնչին խոսակցությունը՝ սահմանների բացման կապակցությամբ, հարաբերություն կոչել դժվար է, այն պարզ պատճառով, որ խոսում ենք մի բանի մասին, որը վաղուց պետք է կատարված լիներ: Մյուս կողմից, գտնում եմ, որ պետք է համաձայնենք հաշտությանը, եթե նախապայմաններ չլինեն»: Տիկին Հարությունյանը կարծում է նաեւ, որ եթե Թուրքիան ներողություն խնդրի, մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու այն: Միաժամանակ սոցիոլոգը համոզված է, որ հայերս դեռ պատրաստ չենք ներելու: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանին միայն ներողությունը չի բավարարվում. «Պապերիս են սպանել, երկուսը մահմեդականություն ընդունելով ապրել են, ու ողջ են նրանց սերունդները: Էսօր թուրքը գա ասի՝ ներողություն եւ վե՞րջ: Չեմ ընդունում»: