Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ»

Մարտ 06,2010 00:00

\"\"Ըստ սերբ կինոռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցայի՝ փոքր ազգերն ավելի շատ ունեն արվեստի կարիքը

Մարտի 4-6-ը Հայաստանում է աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ, պրոդյուսեր Էմիր Կուստուրիցան՝ «The No Smoking orchestra» խմբի հետ: Նա հանդես է գալիս որպես այդ խմբի կիթառահար: Է. Կուստուրիցային Հայաստանի հետ է «կապել» բելգիահայ ջութակահար Խաչատուր Ալմազյանը: Կուստուրիցան այցելել է Ս. Փարաջանովի տուն-թանգարան, Ծիծեռնակաբերդ, այսօր նրան ընդունելու են Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ՀՀ նախագահը, արվեստագետը կշփվի արվեստի բուհերի ուսանողների հետ, իսկ մինչ այդ հանդիպել է վարչապետի եւ մշակույթի նախարարի հետ:

Երեկ ազգային օպերային թատրոնում կայանալիք համերգից առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Է. Կուստուրիցայի մամուլի ասուլիսն էր:

Նա ասաց, որ ամեն անգամ Հայաստան բառը լսելիս՝ այն ասոցացնում է ինչ-որ էկզոտիկ բանի հետ, նաեւ գիտի, որ հայ եւ սերբ ժողովուրդները ընդհանուր բաներ ունեն՝ սկսած աշխարհագրական դիրքից, վերջացրած անցյալում ունեցած թշնամիներից: «Ձեր երկիր նախեւառաջ ինձ բերեց հետաքրքրասիրությունը: Ու հենց այստեղ զգացի, որ Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար շատ ավելին է, քան ԱՄՆ-ում… Մեր պատմական ենթագիտակցությունները նման են: Դրանով է պայմանավորված նաեւ այն, որ Հայաստանում շատերը գնահատում են ինձ, ֆիլմերս ու իմ երաժշտությունը…Դուք ցեղասպանություն եք ունեցել, մենք եւս ցեղասպանության զոհ ենք դարձել 2-րդ աշխարհամարտի տարիներին: Հայերն ու սերբերը, լինելով փոքր ժողովուրդ, աշխարհով մեկ սփռված մարդիկ ունեն, որոնք ներկայացնում են ազգային մշակույթը: Մի խոսքով, ես համոզված եմ, որ ֆիլմերս այստեղ կընկալվեն այնպես, ինչպես սերբերն են ընկալում: Ուզում եմ վերահաստատել իմ այն հավատամքը, որ փոքր ազգերը անպայմանորեն պիտի համախմբվեն»,- ասաց Է. Կուստուրիցան:

Հավելեց, որ ցնցված է Փարաջանովի թանգարան այցելությամբ ու դեռեւս 25 տարի առաջ տեսած նրա ֆիլմերով, ափսոսեց, որ «աշխարհի այս վիճակում դժվար թե նոր փարաջանովներ ցանկություն ունենան ծնվելու»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա մեկնաբանեց, թե ինչ նկատի ուներ, երբ ժամանակին բելգրադյան միտինգներից մեկի ժամանակ հայտարարում էր՝ մի վերցրեք Կոսովոն, մեզ թողեք մեր միֆը: «Ամերիկյան ազգի առասպելաբանությունը Հոլիվուդն է… Իրենք նյարդայնանում են, երբ ուրիշն էլ է ուզում իր առասպելաբանությունը ունենալ»,- ասաց նա՝ զարմանք հայտնելով, թե ինչու գերտերություններն աջակցեցին թմրամոլներին ու մարդասպաններին՝ ոչնչացնել շուրջ 300 ուղղափառ եկեղեցի:

Է. Կուստուրիցան իր մասին պատմելով ասաց, որ սիրում է գրականություն ընդհանրապես՝ սկսած ամերիկյան ժամանակակից գրականությունից, վերջացրած ռուս դասականներով, ուրախ է, որ աշխարհում կան որակյալ արվեստագետներ: Եվ եթե իրեն բախտ վիճակվեր Նոյի առաքելությունն ունենալու, հաստատ հետը տապան կտաներ Ֆելինիի ֆիլմերը: Այս ամենի հետ մեկտեղ, արվեստագետը նաեւ փաստեց. «Այսօր արտադրվող ֆիլմերի մեծ մասը արվեստի հետ կապ չունի… Օրինակ, ամերիկացիները սիրում են գիտության վերածել արվեստը, փոխել նրա ուրվագիծը, աշխարհը վերաձեւել վիդեոխաղի, իսկ մենք՝ փոքր ազգերս, միշտ ունենք իսկական արվեստի կարիք»: Նա կես կատակ-կես լուրջ հայտնեց, որ ներկայումս գիրք է գրում, որտեղ 12 պատմվածք է լինելու ու վերջինն էլ ավարտելու է ասուլիսից հետո: Նշեց նաեւ, որ իր ֆիլմերը նեղ շրջանակի համար են, ինքն ի վիճակի չէ կոմերցիոն կինո նկարել եւ փորձում է փոխզիջում գտնել կոմերցիայի ու արվեստի համար: Հայտարարեց, որ առանձնապես ցանկություն չունի ֆիլմերը «Օսկարի» ներկայացնելու՝ մի քանի պատճառով, նախ «Օսկարը» ԱՄՆ քաղաքական վարչակազմի ամենաուժեղ գործիքներից է, ինչից էլ ածանցվում է նրա՝ արտասահմանյան կինոյի անվանակարգը, եւ հետո ինքը փոքր ազգի «համը հանող» ներկայացուցիչ է:

Է. Կուստուրիցան ասաց, որ երջանիկ մարդ է համարում իրեն, անգամ, եթե տեսքը հակառակն է ասում. «Ես շատ բաներ եմ արել ու ասել, որոնց համար չեմ զղջում, նաեւ ունեմ որոշ պատրանքներ արվեստի շուրջ…»:

Էմիր Կուստուրիցայի հայաստանյան այցելության մասին երկու ֆիլմ կնկարահանվի, հեղինակներից մեկը ճապոնացի Կոհկի-Ստեֆան Հասեին, մյուսը՝ լիտվահայ Մարատ Սարգսյանն է լինելու: Կուստուրիցան ասաց, որ գուցե մի օր մի ֆիլմ էլ ինքը նկարի հայաստանյան թեմայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել