Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ՝ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿՐՈՒՄ

Մարտ 06,2010 00:00

Արաբական Միացյալ Էմիրությունները կազմավորվել է 1971 թվականի դեկտեմբերին: Պետությունը տնտեսապես արագորեն բարգավաճել է, սկսվել է լայնածավալ շինարարություն, բարենպաստ պայմաններ են ստեղծվել օտարերկրյա ներդրումների համար: 1975-80-ական թվականներին է եղել հայերի առաջին զանգվածային հոսքը ԱՄԷ՝ Լիբանանից, Սիրիայից եւ Իրանից:

\"\"
Դուբայի հայկական եկեղեցու մուտքը եւ խորանը:
\"\"

\"\"
Դուբայի հայկական վարժարանը:

\"\"
Համերգ «Կոմիտաս-140»-ի շրջանակներում:

Նոր երկրում հայերն օտարություն չեն զգացել, քանի որ մշակութային միջավայրն արաբական էր, որին հայերն արդեն ծանոթ էին: Հավատարիմ մնալով գաղութային կյանքի ավանդույթներին՝ իրենց ինքնությունը պահպանելու բնազդով հայերը գաղութ են կազմավորել: 1980թ. մարտին արդեն կային ազգային կառույցներ եւ երկու տարով նշանակվել էին առաջին ազգային վարչության անդամները, հիմնվել էր հայկական մեկօրյա վարժարան: 1996թ. ազգային վարչության ջանքերը վերջապես պսակվում են հաջողությամբ՝ ապրիլի 16-ին Շարժայի կառավարիչ՝ դոկտոր, շեյխ, սուլթան Պին Մուհամեդ ալ-Քասամին եկեղեցի կառուցելու համար հայությանը հողամաս է հատկացնում, ինչը նշանակում է տեղաբնակ հայությունը պաշտոնապես ճանաչվել է համայնք: Եկեղեցու համալիրը, դպրոցը եւ հանդիսասրահը կառուցվում են երկու տարում: Օծումը կատարվում է 1998 թվականի նոյեմբերին՝ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ, ավելի քան 2000 հայերի ներկայությամբ:

Արաբական Միացյալ Էմիրությունները գրավիչ «ժամանակավոր հանգրվան» կամ «տարանցիկ երկիր» է բոլոր օտարերկրացիների համար, քանի որ այս երկրի օրենսդրությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր օտարերկրացի, պահպանելով իր երկրի քաղաքացիությունը, կարող է ապրել ԱՄԷ-ում՝ երեք տարին մեկ թարմացնելով իր կացության իրավունքը: Նույնիսկ ԱՄԷ-ում ծնված ու հասակ առնող նոր սերունդն է ապրում նույն կարգավիճակով: Այդ է պատճառը, որ 30 տարիների ընթացքում հայերն աշխատել են այս երկրում, բարելավել նյութական վիճակը, ու մի մասը վերադարձել է իր մշտական բնակության երկիր, մի մասն էլ արտագաղթել է Ամերիկա կամ Կանադա: Վիճակագրական տվյալներով՝ ԱՄԷ եկողներն ավելի շատ են, քան մեկնողները: Ներկայումս Արաբական Միացյալ Էմիրություններում 4000-ից ավելի հայ կա:

Պարզելով ԱՄԷ-ում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հասցեն՝ ուղեւորվեցի այնտեղ: Այս թաղամասում են գտնվում Էմիրության բոլոր ազգերի եկեղեցիները, կառավարությունն էլ օժանդակում է ազգային փոքրամասնություններին. եկեղեցիների ջուրը եւ էլեկտրական էներգիան անվճար են՝ կառավարությունն է վճարում:

Հայկական եկեղեցու պարսպապատ տարածքի դարպասը բացող հնդիկ պահակին բարեւեցի անգլերեն, ստացա հայերեն պատասխան եւ ներս մտա: Անմիջապես ուշադրությունս գրավեց եկեղեցու մուտքի ձախ կողմում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը, որի մոտ մեկ րոպե լուռ կանգնելուց հետո մտա եկեղեցի եւ… կարկամեցի: Եթե մուտքի հայերեն ցուցանակը մանրակրկիտ ուսումնասիրած եւ կարդացած չլինեի, կմտածեի, որ եկեղեցին շփոթել եմ, քանի որ սրահում հարյուրավոր սեւամորթներ իրենց ազգային եկեղեցական, կրոնական-հոգեւոր արարողությունն էին անում: Շփոթված դուրս եկա, մոտեցա բակում կախված ցուցատախտակին, որտեղ խնամքով գրված էր ընթացիկ ամսվա եկեղեցական ծիսակատարությունների եւ համայնքի միջոցառումների ցանկը: Իրազեկվելով, որ առաջիկա ուրբաթ օրը հայկական ծես կա՝ դարձյալ այնտեղ էի: Հարյուրավոր սեւամորթների փոխարեն, սրահում երեք տասնյակ հայեր էին, տեր Արամ քահանան կիրակնօրյա պատարագ էր մատուցում: Ի տարբերություն հայաստանյան եկեղեցիների՝ այստեղ մոմավաճառ չկար. մուտքի մոտ դրված արկղից կարող ես վերցնել քեզ անհրաժեշտ քանակի մոմ՝ կողքի ժանյակագործ ափսեում թողնելով սրտիդ ուզած գումարը: Կիրակնօրյա (ԱՄԷ-ում հանգստյան օրը ուրբաթն է) ժամերգությանը ներկա էին նաեւ մեկօրյա վարժարանի սաները, ովքեր ժամերգության ավարտից հետո ուսուցչուհու ուղեկցությամբ մտան վարժարան՝ դասը շարունակելու: Մի քանի ծնող բակում՝ նստարաններին նստած հանգիստ զրուցում էին, մինչ երեխաները կավարտեն դասը: Մոտեցա եւ զրույցի բռնվեցի նրանց հետ: Ծնողներից մեկը՝ Սիլվա Մարգարյանը, արդեն տասը տարի ընտանիքով տեղափոխվել է Բեյրութից եւ ապրում է Դուբայում: Ամուսինն այստեղ ծաղկի խանութ ունի եւ, տիկին Սիլվայի ներկայացմամբ, բիզնեսը վատ չէ, աշխատում են, փող հավաքում, որպեսզի հետագայում վերադառնան Բեյրութ, մի գործ դնեն-ապրեն: Նույն նպատակով է Հալեպից եկել նաեւ տիկին Վարդուհին:

Նվարդ Հովհաննիսյանը ծնունդով Երեւանից է, ամուսնացել է հալեպցի հայի հետ, հետագայում ընտանիքով տեղափոխվել են Դուբայ: Ամուսինը զբաղվում է մեքենաների առքուվաճառքով, նորոգման արհեստանոց ունի: Տիկին Նվարդը բժշկական կրթություն ունի, բայց 15 տարի լինելով արեւմտահայ ընտանիքի հարս, սովորել է նրանց լեզուն եւ այժմ դասավանդում է վարժարանում: Վարժարանում ուսուցիչները չեն վարձատրվում, աշխատում են բարեգործական-հասարակական հիմունքներով: Վարժարանը գործում է միայն ուրբաթ օրերը, 3 ժամով, ուսուցումը 8-ամյա է, դասավանդում են հայոց լեզու, հայոց պատմություն, երգ եւ կրոն: Կրթօջախի պատասխանատուների խոսքերով՝ վարժարանի նպատակը գաղութի երեխաներին մայրենի լեզուն ուսուցանելն ու հայեցի կրթություն տալն է: Այս տարի վարժարանն ունի 150 աշակերտ: Ծնողների տեղեկացմամբ, յուրաքանչյուր երեխայի ուսման վարձը տարեկան 650 դրհամ (65 հազար դրամ) է, ինչը ծախսվում է դասագրքերի ձեռքբերման եւ կրթարանում տրվող նախաճաշի վրա: Քանի որ ուսուցումը արեւմտահայերեն է, ուստի վարժարանում սովորում են միայն արեւմտահայերի երեխաները: Վերջին տարիներին Հայաստանից ներգաղթած ընտանիքների երեխաները, տիկին Նվարդի խոսքերով՝ «վարժարան չեն հաճախում, քանի որ ունեն լեզվի խնդիր եւ իրենց այստեղ օտար են զգում»: Հայաստանցիները երեխային ուղարկում են ռուսական կամ անգլիական դպրոց, որտեղ ուսուցումը շատ թանկ է: Արեւմտահայերը նախընտրում են արաբական դպրոցները՝ ոչ թե նրա համար, որ համեմատաբար էժան են (տարեկան մոտ $4000, որին գումարվում է $2500՝ փոխադրամիջոցի համար), այլ որ արաբական երկրներում արաբերենի իմացությունն օգնում է լավ գործ գտնել:

Դուբայի եւ Հյուսիսային Էմիրության ազգային վարչության ատենապետ Մուշեղ Պետիրեանը եկել է Սիրիայից՝ 1984թ., հաստատվել Շարժայում: Լինելով Սիրիայի քաղաքացի, հաճախ է այցելում հայրենիք: Նա գտնում է, որ մոտ հարյուր տարի հայերն ապրելով Սիրիայում եւ Լիբանանում, ավելի շատ հայ են մնացել, իրենց պատմությունն ավելի լավ գիտեն, ավելի ակտիվ պայքար են մղում մեր հողերի, ազատ-անկախ Հայաստան ունենալու համար, քան հայաստանցի հայերը. «Մեր եկեղեցին միշտ եղել է մեր պետությունը, կրթել է, պահել հայությանը: Մինչդեռ հայաստանցի հայերը, ԽՍՀՄ տարիներից սկսած, հեռացել են եկեղեցուց, ազգային արժեքներից, անգամ տեր հորը պարոն են կոչում»: Ատենապետը նշեց, որ հայաստանցի հայերը չեն ներգրավվում գաղութի կյանքին: Նրա ներկայացմամբ, հայաստանցիներին անգամ ազգային վարչությունում պաշտոններ են առաջարկել, սակայն մերժվել են՝ հայաստանցիները պատճառաբանել են, թե իրենք այստեղ ժամանակավոր են եւ լինելով Հայաստանի քաղաքացի, հայապահպանման խնդիր չունեն: Պարոն Պետիրեանը տեղեկացրեց, որ հայաստանցի հայերի ինտենսիվ ներգաղթը սկսվել է 1991-ից, մի մասը գալիս է ընտանիքներով, հաստատվում երկար ժամանակով, մյուս մասը գործարարներ են, որոնք կարճատեւ այցով են լինում:

Հայկական եկեղեցում սեւամորթների ծեսի վերաբերյալ ատենապետը պարզաբանեց. «Մինչեւ 1998թ. մենք էլ եկեղեցի չունեինք եւ մեր պատարագները հնդկական կաթոլիկ Սուրբ Մայքլ եկեղեցում էինք կատարում: Այժմ հունական ուղղափառ, քրիստոնյա արաբական, ռուսական եւ եթովպական համայնքներն իրենց եկեղեցին չունեն եւ քանի որ հավատքով համարվում են մեզ քույր եկեղեցի, ուստի ընդառաջել ենք նրանց խնդրանքին եւ թույլ տվել, որ մեր եկեղեցում պատարագ մատուցեն»: Ի՞նչ կարգով է տրվում տարածքը՝ հարցին նա ասաց. «Մենք աղոթքը վաճառքի չենք հանում, եկեղեցին տրամադրում ենք բարեգործական հիմունքներով, նրանք էլ իրենց հերթին սիրահոժար մասնակցում են հայերի տոնական արարողություններին եւ սրտաբուխ նվերներ անում»:

Մուշեղ Պետիրեանը նշեց, որ վերջին տարիներին սերտացել է գաղութի կապը Հայաստանի հետ, ինչին նպաստել է Աբու Դաբիում ՀՀ դեսպանատան բացումը: Համայնքի մոտ 50 անդամներ երկքաղաքացիության մասին օրենքով հայկական անձնագիր են ստացել, աշխուժացել է նաեւ մշակութային կյանքը, Հայաստանից պարբերաբար հրավիրում են երաժշտական խմբեր եւ համույթներ: Դուբայում իմ գտնվելու օրերին, Կոմիտասի ծննդյան 140-ամյակի տոնակատարության շրջանակներում, հրավիրել էին Հայաստանի կամերային նվագախմբին, որը Արմեն Ղուկասյանի ղեկավարությամբ Շարժայի հանդիսասրահում անմոռանալի երեկո պարգեւեց հանդիսատեսին: Ատենապետը ցավով նշեց, որ գլոբալիզացիան ներառել է նաեւ իրենց երիտասարդներին, որոնք հեռանում են ազգային արժեքներից, եկեղեցուց, տարեցտարի մեծանում է խառնամուսնությունների թիվը (100-ից 46-ն ամուսնանում է այլազգիների հետ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել