Ըստ edu.am-ի, Հայաստանի Հանրապետությունը «Կենսաբանության միջազգային օլիմպիադա» կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Դրա շնորհիվ մեր աշակերտներն առաջին անգամ մասնակցել են Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված կենսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էր 56 երկրից՝ 221 աշակերտ: Տիրապետելով բավականին խորը տեսական գիտելիքների՝ մեր մասնակիցները խնդիրներ ունեցան օլիմպիադայի գործնական փուլի առաջադրանքները կատարելիս, որի պատճառն ուսումնական հաստատություններում համապատասխան լաբորատորիաների բացակայությունն էր: Խնդիրը լուծելու նպատակով, ԿԳՆ նախաձեռնությամբ, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2009 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1522-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:
Փոփոխությունը հնարավորություն կտա ավագ դպրոցներից մեկում ձեւավորել կենսաբանության առարկայի գործնական պարապմունքների կազմակերպման համար ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիա՝ հագեցած սարքավորումներով եւ փորձերի համար անհրաժեշտ նյութերով: Վերջինս կնպաստի ինչպես օժտված աշակերտների բացահայտմանը, այնպես էլ հանրապետական եւ միջազգային օլիմպիադաների մասնակից հայ աշակերտների գործնական գիտելիքների ձեռքբերմանը: