ԱՄՆ դեսպանատան միջոցով իրականացվող տասնյակ կրթական ծրագրերը այս տարի կհամալրվեն եւս մեկով: Երեկվա ասուլիսում ԱՄՆ դեսպանատան կրթամշակութային հարցերի կցորդ Սյուզան Բրայդենսթայնը տեղեկացրեց, որ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարելու է «Ֆուլբրայթի» ծրագիրը՝ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում. «Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են ԱՄՆ-ում հետբուհական կրթությունը շարունակել գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, բացի այդ, այս ծրագրով Ամերիկայից Հայաստան ժամանող մասնագետների թիվն է ավելացել, այս տարի ունենք անգլերենի դասավանդման մասնագետ, ով արդեն դասավանդում է տեղական բուհերում»: Տիկին Բրայդենսթայնի խոսքով, ԱՄՆ կառավարությունը կրթական փոխանակման ծրագրեր է ֆինանսավորում ավելի քան հիսուն տարի, եւ այդ ծրագրերով ԱՄՆ մեկնած հայ ուսանողների թիվը հասնում է տասնյակ հարյուրների: Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե միջազգային ֆինանսական ճգնաժամի պատճառով ԱՄՆ կառավարության կրթական ծրագրերի ֆինանսավորումը ինչքանո՞վ է կրճատվել, տիկին Բրայդենսթայնն ասաց. «Փոխանակման ծրագրերի համար հատկացվող գումարները ամեն տարի տարբեր են եղել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ասեմ, որ արդեն ավելի քան երկու տարի Հայաստանում եմ, եւ կրթական փոխանակման ծրագրերին հատկացվող գումարների ծավալի կրճատում չի եղել, դեռ ավելին, ես կասեի՝ նոր ծրագրեր են ավելացել»:
Ամերիկյան կրթական ծրագրերի իրականացման համար դեսպանատունը համագործակցում է «Irex» եւ «Ամերիկյան խորհուրդ» կազմակերպությունների հետ: Ի դեպ, վերջերս («Առավոտ», 16.02. 2010) «Irex» կազմակերպության կրթական ծրագրերի պատասխանատու Ժաննա Խաչատրյանն «Առավոտին» ասել էր, որ վերջին տարիներին ամերիկյան կրթական ծրագրերով ԱՄՆ մեկնող ուսանողների թիվը նվազել է՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորման կրճատման հետեւանքով: ԱՄՆ դեսպանատան կրթամշակութային հարցերի կցորդի համոզմամբ՝ «Մեր իրականացրած ծրագրերը ոչ միայն կրթական են, այլեւ մասնագիտական եւ մշակութային, մեր գործունեության մեջ ավելացավ նաեւ մարզական փոխանակումը, մեր ծրագրի շահառուները ավագ դպրոցի սաներից սկսած՝ մինչեւ գիտական կոչումների հավակնող մասնագետներ են: Այս ծրագրերի շրջանակում մեզ դիմողները հնարավորություն ունեն մասնագիտական վերապատրաստում ստանալ եւ որոշ ծրագրերի շրջանակում բնակվում են ամերիկացի ընտանիքներում»:
Տիկին Բրայդենսթայնի գնահատմամբ, այս ծրագրերը կարեւոր են եւ շեշտադրում են ԱՄՆ-Հայաստան գործընկերության խորությունը: Բրայդենսթայնի խոսքով, կրթական ծրագրերի մասնակիցների ընտրությունը թափանցիկ ու օբյեկտիվ է, եւ այս հարցերում ծանոթ-բարեկամ կապերը ոչ մի նշանակություն չունեն: Նա նաեւ հերքեց, թե ԱՄՆ մեկնած հայ ուսանողները դժգոհ են ամերիկյան բուհական կրթությունից. «Ոչ ոք չի ասում, թե ամերիկյանն ավելի լավն է, քան հայկականը, այն պարզապես տարբեր է»: