Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Հայ ասպետ» եւ ոչ թե «Հայ գիտակ»

Մարտ 06,2010 00:00

Երբ խաղի մասնակիցների մեծամասնությունը աղջիկներ են, նպատակը՝ զարգացած երեխաների հայտնաբերումը:

Անժխտելի է, որ վերջին մեկուկես տարում հայ հեռուստադիտողը հետաքրքրված է Հանրային ալիքով հեռարձակվող «Հայ ասպետ» խաղով: Չի կարելի ասել, որ այն արդեն հասել է ռուսական …

եւ մյուս մանկապատանեկան ինտելեկտուալ խաղերի մակարդակին, բայց նկատելի է ձգտումը եւ առաջընթացը: Ցանկալի է, որ վերանան այն թերությունները, որոնք նկատվում են որոշ հարցադրումների եւ դրանց պատասխանների ձեւակերպումներում: Դրանք պետք է լինեն հնարավորինս հակիրճ, կոնկրետ եւ չկրկնվող, իսկ ժյուրիի գնահատականները՝ ավելի օբյեկտիվ: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ մասնակի թերությունները կվերանան, եւ խաղը ավելի մեծ լսարան կընդգրկի:

Իմ հարցադրումը առավելապես վերաբերում է խաղի անվանմանը եւ հատկապես ասպետ բառին, որ առաջին իսկ օրից իմ մեջ տարակուսանք է առաջացրել: Ի վերջո, ինչո՞ւ ասպետ, երբ մասնակիցների թվով աղջիկները՝ ասպետուհիները, գերազանցում են տղաներին: Ուրեմն, եկեք նախ խորանանք այդ բառի ծագումնաբանության մեջ:

Հին հայերենում ասպետն այն անձն էր, որը ուներ ձի եւ ազնվական, իշխանական ծագում: Ինչո՞ւ անպայման ձի, որովհետեւ բառը ունի իրանական ծագում եւ կազմված է asp-ձի եւ pati- պետ արմատներից: Հետեւաբար ասպետը ձի ունեցող ազնվական հեծյալ իշխանն էր, որոնցից ամենապատվավորները Բագրատունիներն են եղել, որոնց էլ վստահում էին թագավորին թագադրելու պատիվը: Սա ամենեւին էլ չի նշանակում, որ մեր օրերում ձի ունեցող, հետիոտն երթեւեկող կամ ավտոմեքենայով շրջող մարդը չի կարող կոչվել ասպետ՝ ասպետին սազական կեցվածքի եւ վարվելաձեւի համար: Հիշենք առօրյա խոսակցություններում եւ գեղարվեստական գրականության մեջ հաճախ հանդիպող ասպետական քայլ, ասպետական արարք, ասպետական վարմունք եւ այլ նման արտահայտությունները, որոնք ընկալվում են մեծահոգի, վեհանձն, պատվախնդիր, բարեգութ, ինքնազոհ, խիզախ իմաստով: Չի բացառվում, որ այսպիսի դրական հատկանիշներով օժտված միջնադարի եւ մեր օրերի ասպետ տղամարդիկ այնքան էլ չփայլեն իրենց մտավոր ունակություններով եւ լավ չիմանան մայրենի լեզու, պատմություն կամ երաժշտություն: Ուրեմն, խաղի նպատակը ոչ թե ասպետ հայտնաբերելն է, այլ մտավոր մեծ ներուժ ունեցող, գիտելիքներով (բազմակողմանի) հարուստ պատանիների ու աղջիկների բացահայտումը: Սա առաջին հերթին գիտակների մրցույթ է եւ այդպես էլ պետք է կոչվի՝ «Հայ գիտակ»: Այդ անունը պակաս պատվաբեր չի հնչում, իսկ ասպետներին՝ իրենց ազգի պատվի համար պայքարողներին կամ զոհվողներին լավ կլինի, որ մենք ավելի հաճախ հանդիպենք ոչ միայն մեր շրջապատում, այլեւ ուրիշ մրցույթներում:

Հ. Գ. Թերեւս դրա լավագույն հավաստումը այն զինվորների մրցույթն էր, որը նվիրված էր հայոց ազգային բանակի 18-ամյակին: Տղաները ձիեր չունեին, բայց նրանց հագուստը, պահվածքը, պատասխանները, իրոք, հիանալի էին եւ ավելի շատ էին համապատասխանում այս խաղի անվանմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել