Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 4-րդ մասնաշենքում բնակվող Ալբերտ Լազարյանը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, ուր բնակվել է մինչեւ 1951թ., հետո մեկնել է Բաքու, շարունակել ուսումը, ամուսնացել եւ ունեցել 3 զավակ: 1988-ին ընտանիքով ստիպված թողել են Բաքուն, դարձել փախստական: Երեւանում սկզբնական շրջանում բնակվել են երկու սենյականոց մի բնակարանում, որի համար ունեցել են օրդեր եւ մշտական գրանցում: Սակայն դատարանի որոշմամբ նրա ընտանիքին վտարել են այդ բնակարանից, իսկ վտարման ժամանակ Ա. Լազարյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Երկրորդ կարգի հաշմանդամ Ա. Լազարյանի ընտանիքը ապրում է կոմունալ հարմարություններից զուրկ, հանրակացարանային 16 քմ տարածքով սենյակում: Քանի որ այլեւս հնարավոր չէ ապրել այդ պայմաններում, նա որոշում է օգտագործել Վանք գյուղում նախկինում կառուցած տունն ու տնամերձ հողամասը, որը սեփականաշնորհված է իր անունով:
«Առավոտին» Ա. Լազարյանը պատմեց. «Տները սարքողը ես եմ եղել եւ կառուցել եմ 2 հատ 2 հարկանի տուն, եղբայրս՝ Ռասիմը, շարունակել ու կառուցել է լրացուցիչ 3 սենյակ, որտեղ եւ մտնում է խոհանոցը, բաղնիքը եւ այլն: Շինությունից, մեր երկուսի պայմանով, ինձ բաժին է ընկել շենքի ձախ կողմը, իսկ Ռասիմին՝ աջը, երկուսիս համար էլ հաշվելով նկուղային տարածքի հետ, հիմքից»: Սակայն ներկայումս Ռասիմ Լազարյանը գրավել է եղբոր բաժնի առաջին հարկը, դարձրել գոմ, քանդել է դրսի աստիճանները եւ զրկել եղբորը տան իր բաժինը տնօրինելու հնարավորությունից:
Ա. Լազարյանը դիմել է ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պատասխանող Ռ. Լազարյանին իր ընտանիքով եւ գույքով վտարել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան մասից։
Պատասխանող Ռասիմ Լազարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Ալբերտ Լազարյանի եւ ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ Մարտակերտի տարածքային ստորաբաժանմանը՝ խնդրելով անվավեր ճանաչել ստորաբաժանման կողմից Մարտակերտի շրջանի Վանք գյուղի տան եւ տնամերձ հողամասի մի մասի նկատմամբ եղբոր սեփականության իրավունքի գրանցումը եւ ճանաչել տան եւ տնամերձ հողամասի նշված մասի նկատմամբ իր սեփականության իրավունքը։
2009թ. մայիսի 19-ին կայացվել է վճիռ, որով սկզբնական հայցը մերժվել է, իսկ Ռասիմ Լազարյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել։
ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի նշված վճիռը Ա. Լազարյանը բողոքարկել է։ Սակայն 2009թ. մայիսի 22-ին նա կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նույն թվականի սեպտեմբերին վերաքննիչ բողոքը վերադարձվել է վերակազմման։ Հաշվի առնելով, որ դատարանի կողմից սահմանված ժամկետում գտնվել է հիվանդանոցում, եւ հնարավոր չէր տվյալ ժամկետում բողոքը վերակազմել, Ա. Լազարյանը խնդրել էր բաց թողնված ժամկետը հարգելի համարել։
Հոկտեմբերի 6-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանը, քննելով բողոքը, մերժել է Ա. Լազարյանի հայցը, ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Վերաքննիչ դատարանի վճռի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ վիճելի տունը սեփականության իրավունքով պատկանել է Ծովինար Մուխանի Լազարյանին, որի ամուսինը՝ Պողոս Լազարյանը, զոհվել է 1944թ. Հայրենական մեծ պատերազմում։ Ծովինար Լազարյանի ավագ տղան՝ հայցվոր-պատասխանող Ալբերտ Լազարյանը, 1951 թվականից սկսած՝ բնակություն է հաստատել Բաքու քաղաքում, իսկ 1988թ. տեղափոխվել է Երեւան։ Ա. Լազարյանը հայրական տան կառուցման աշխատանքներին ունեցել է որոշակի ներդրում։
Ծովինար Լազարյանի կրտսեր տղան՝ Ռասիմ Լազարյանը, ընտանիքով ապրել է մոր հետ եւ համատեղ տնտեսություն վարել որպես կոլտնտեսային մեկ ծուխ, իսկ երբ 1973 թ. մահացել է մայրը, Ռ. Լազարյանը նշված տունը շարունակել է տիրապետել, օգտագործել եւ վճարել բոլոր հարկերը։ Վանք գյուղում պահպանվող 1983թ. տնտեսական գրքում տունը եւ տնամերձ հողամասը ամբողջությամբ գրանցվել է Ռասիմ Լազարյանի անվամբ, իսկ Ալբերտ Լազարյանի անվամբ ոչ մի գրանցում չի կատարվել։
2003-2004թթ. կատարվել է Վանքի գյուղական համայնքի բնակիչներին պատկանող բնակելի տների ու տնամերձ հողամասերի չափագրում եւ քարտեզագրում։ Համաձայն Ալբերտ Լազարյանի անվամբ 15.05.2004թ. լրացված եւ Վանքի գյուղապետարանի կնիքով կնքված տնտեսական գրքից քաղվածքի՝ Ալբերտ Լազարյանին հատկացվել է 0.02 հա տնամերձ հողամաս։ Քաղվածքի վրա բացակայում են համայնքի ղեկավարի ստորագրությունը, տնտեսական գրքի եւ անձնական հաշվի համարները։
Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ Ա. Լազարյանի կողմից հայրական տան վերակառուցման աշխատանքներին որոշակի ներդրում ունենալը չի կարող սեփականության իրավունք ձեռք բերելու հիմք հանդիսանալ։