Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԻՐԵՆՑ ՎՍՏԱՀՈՐԴԻՆ

Մարտ 06,2010 00:00

Փաշինյանը չբերվեց Սահմանադրական դատարան

\"\"Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այս տարվա հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքից ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը: Դիմումը ՍԴ մուտքագրվել էր հունվարի 21-ին: Փաշինյանը վիճարկում է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը:

Դատական նիստին հարգելի պատճառով բացակայում էր ՍԴ անդամ Ռաֆայել Պապայանը: Դատարանի աշխատակարգային որոշումով զեկուցող էին նշանակվել ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանն ու Հենրիկ Դանիելյանը:

Պատասխանողներն էին թիվ 10 ընտրական հանձնաժողովի նախագահը, հարակից պատասխանող՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (Մարկոսյանը, Սմբատյանը):

Դիմումատու Փաշինյանի ներկայացուցիչներն էին Մեծ Բրիտանիայից վերջերս վերադարձած՝ ճանաչված փաստաբան Վահե Գրիգորյանն ու Վահե Հովսեփյանը:

Զեկուցող Ֆ. Թոխյանը ներկայացրեց այն հիմքերը, որոնք պահանջել են իրենք դատաքննությունը կազմակերպելու համար: Դրանց մեջ էին հիշյալ տարածքի (37 տեղամասերի) հետ կապված թվով 50 փաստաթղթեր, այն քրեական գործերի մասին տեղեկանքները, դիմում-բողոքները, որոնք տրամադրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը: ՍԴ անդամը հավելեց նաեւ, որ դիմումին կցվել էին հանցագործություն կատարելու մասին 3 հաղորդումները, դատախազության 5 պատասխանները, տեղամասերում կազմված 25 արձանագրությունները, 2 հատուկ կարծիքները, տեղամասային ընտրական հանձնաժողովներին ուղղված 3 դիմումները…

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա միջնորդեց, որպեսզի դատարան բերվի իր վստահորդը՝ Ն. Փաշինյանը: Վերջինս նույն այդ պահին տարվել էր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, ուր շարունակվում էր իր բողոքի քննությունը:

Վ. Գրիգորյանն ասաց. «Դիմողը միջնորդել էր իր ներկայությունը ՍԴ-ում ապահովելու համար: Չունենք դատարանի դիրքորոշումը: Որպես դիմողի ներկայացուցիչ՝ հայտնում եմ, որ առայսօր դիմողի ներկայացուցիչներից որեւէ մեկը դիմողի հետ ոչ մի հաղորդակցություն չի ունեցել: Բացառությամբ մի փոքր դեպք, երբ դիմողը իր պաշտպանների միջոցով լիազորագիր է տվել մեզ: Դիմողի դիրքորոշումը շատ հարցերի հետ կապված՝ մեզ համար անհայտ է: Խնդրում եմ ապահովել դիմողի ներկայությունը այս դատական նիստին: Դա մեզ համար, որպես առաջնահերթություն է, քանի որ այս պայմաններում մենք չենք կարող գործել»: Վ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանի դատավոր, Ն. Փաշինյանի գործով նախագահող Սերժիկ Ավետիսյանը հայտարարել է, որ ՍԴ կողմից դիմողի ներկայությունը սույն դատական նիստին անհրաժեշտ համարվելու դեպքում վերաքննիչ քրեական դատարանը անմիջապես կհետաձգի դատական նիստի քննությունը այնտեղ, հնարավորություն կընձեռի, որպեսզի դիմողը ներկա գտնվի այս նիստին:

ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Լուրը հասավ վերաքննիչ դատարան: Այնտեղից գալիս էին ՍԴ, կարծելով, թե դատարանը նախադեպ կստեղծի, եւ անազատության մեջ գտնվող դիմումատուն կներկայացնի իր դիմումը: 35 րոպե հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց իրենց որոշումը. «Դիմողը, կալանքի տակ գտնվելով, ընտրական գործընթացին մասնակցել է իր վստահված անձանց միջոցով: Ընտրությունների ողջ ընթացքում իր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ դատական կարգով, դիմողը նույնպես իրականացրել էր իր վստահված անձանց միջոցով: Դիմողի կողմից լիազորագիր է ներկայացվել ՍԴ՝ Վահե Գրիգորյանի ներկայության վերաբերյալ»: ՍԴ-ն իր որոշմամբ փաստեց, որ իր իրավազորության հարցը չէ կողմերի դատաքննությանը մասնակցության ապահովումը, փաստեց, որ նման իրավիճակների համար ՍԴ-ում չեն նախատեսված համապատասխան պայմաններ, հետեւաբար՝ ՍԴ-ն չի կարող բավարարել դիմողի խնդրանքը:

Դատարանը կասեցրեց գործի վարույթը, դիմեց արդարադատության նախարարին՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով ապահովելու դիմողի եւ նրա ներկայացուցիչների հանդիպումները:

Հանդիպումից հետո, երբ իրենք կտեղեկացվեն, կվերսկսվի գործի քննությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել