Լրահոս
Օրվա լրահոսը

Տարին սկսվել է, խախտումներն էլ՝ հետը

Մարտ 06,2010 00:00

\"\"2010 թվականը բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը սկսել է ապօրինի ծառահատման եւ որսագողության դեպքերի բացահայտմամբ: Հունվար ամսին բաժինը Գորիսի տարածաշրջանում արձանագրել է ապօրինի ծառահատման մեկ դեպք, իսկ փետրվարին տեսչության աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ Մեղրու տարածաշրջանում հայտնաբերել են 5 քաղաքացու, որոնց մոտ եղել է 2 ինքնաձիգ ու մեկ որսորդական հրացան: Քաղաքացիները կասկածվում են որսագողության մեջ, հարուցվել է քրեական գործ:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի տեղեկատվությամբ՝ 2009 թվականին անտառխախտում կատարած 17 անձ տեսչության կողմից վարչական տույժի է ենթարկվել, 5 անձի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել: «Բացի այդ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ բնապահպանական կանոնների խախտման համար (Արաքս գետի հունի աղտոտման համար), 500 հազար դրամ տուգանքի ակտ ենք ներկայացրել: Ընդհանուր առմամբ, անցած տարում մարզում արձանագրված իրավախախտումներից եւ վարչական տուգանքներից պետբյուջե է մուտքագրվել 7,195 միլիոն դրամ»,- ասում է պարոն Պետրոսյանը:

2008-2009 թվականներին որսագողության խոշոր դեպքեր են արձանագրվել, որոնց ժամանակ 4 բեզոարյան այծ եւ մեկ այծյամի որս է արվել: «Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի արժեքը 3 միլիոն դրամ է, իսկ այծյամինը՝ 250 հազար դրամ: Ընդհանուր վնասը կազմել է 12,250 միլիոն դրամ: Առգրավվել է 107,5 կգ որսամիս եւ սահմանված կարգով բաշխվել մարզում գործող հատուկ դպրոցներին, ճամբարներին, ծերանոցին: Յոթ որսագողերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- նշում է Լեւոն Պետրոսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել