Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎԻՑ-ՎԱՏԻՑ

Մարտ 06,2010 00:00

ՀՀ մարզպետները հատկապես վատ են աշխատում մշակույթի, սպորտի, տեղական ինքնակառավարման եւ պետական կառույցների հետ համագործակցության ոլորտներում:Առաջինն ու վերջինը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան, Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյան:

\"\"\"\"
Առաջինն ու վերջինը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան, Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյան:

«Առավոտը» 2009թ. մարտի 10-ին «Մարզպետներին «կչափեն» լուրով տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչները. 13 հիմնական եւ 9 լրացուցիչ: Սա Հայաստանում մարզպետների աշխատանքի գնահատման առաջին փորձն է: Այս տարվա փետրվարի 25-ին «Գերազանցիկը» էլի Տավուշն է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ գործադիր իշխանությունը գնահատել է մարզպետների աշխատանքը՝ ըստ հաստատված չափորոշիչների: Տեղեկացրել ենք նաեւ, որ առավելագույն միավորներ է հավաքել ՀՀ Տավուշի մարզը: Մարզպետների աշխատանքի պատկերը, ըստ առանձին չափորոշիչների, ուշագրավ է:

Գնահատողները ՀՀ նախարարություններն են եւ կառավարությանն առընթեր որոշ օղակներ՝ ոստիկանություն, ԱԱԾ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե եւ այլն: Հիշեցնենք, որ մարզպետները կարող են ստանալ առավելագույնը 100 միավոր: ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրամանով սահմանվել է, որ մինչեւ 60 միավորը գնահատվում է անբավարար, 60-85-ը՝ բավարար, 85-ից բարձրը՝ լավ: Առաջատար Տավուշը ստացել է 93,51 միավոր, վերջին՝ 10-րդ տեղում Արարատն է՝ 81,20 միավոր: Հիշեցնենք, որ Արարատի մարզպետի 2009թ. առաջին հինգ ամիսների աշխատանքը գնահատվել էր խիստ անբավարար: Բացի Արարատից, բավարար՝ 84,73 ստացել է մեկ էլ Արագածոտնը: «Լավի» շեմը հազիվ է հաղթահարել Վայոց ձորը՝ 85,22: Մյուսները 85-ից բարձր են ստացել:

Մարզային ենթակայության կազմակերպությունների եւ հաստատությունների աշխատավարձերը բոլոր մարզերում էլ վճարվել են առանց ուշացումների եւ բոլոր 10 մարզպետներն էլ այս հարցում առավելագույն 1 միավոր են ստացել: Նկատենք, սակայն, որ այս գործը, պատկերավոր ասած, սովորական հաշվապահությունից էլ պարզ է. հարկ է ըստ հասցեների բաժանել պետական բյուջեով ստացված փողերը: Իսկ ահա «բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին աջակցության» հարցում 10 մարզպետից 7-ը 0 (զրո) միավոր է ստացել: Առավելագույն 1 միավորի դեպքում 0,5 միավոր են ստացել Լոռին, Տավուշը, Վայոց ձորը:

Ըստ գնահատողների, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետները շատ լավ բացահայտել են մարզի տնտեսական հնարավորությունները եւ առավելագույն 2 միավոր ստացել: Մյուսներն էլ այս հարցում վատ չեն աշխատել՝ 1,5 են ստացել, բայց ոչ ոք առավելագույն 7 միավոր չի ստացել մարզի տնտեսական զարգացմանն աջակցելու համար: Արարատը ստացել է 4, մյուսները՝ 5,5-6: Բոլորը, բացի Տավուշից, 0 (զրո) են ստացել՝ ոչ պետական միջոցներով ճանապարհաշինություն իրականացնելու համար: Այլ խոսքով՝ մարզի ճանապարհները տեսքի բերելու համար մատը մատին չեն խփել:

Ոչ մի մարզպետ չի ապահովել ֆինանսների բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքությունը: Առավելագույնը վեց միավորով գնահատվող այս չափորոշիչից բոլոր մարզպետներն էլ 5,25 են ստացել: Քաղաքաշինության բնագավառում էլ մարզպետները աշխատանքների լիարժեքություն չեն ապահովել. ոչ ոք առավելագույն 5 միավոր չի ստացել. այս հարցում 4,57 միավորով առաջատարը Կոտայքն է, 3,87-ով՝ հետնապահը՝ Արագածոտնը: Մարզպետները չեն կարողացել աշխատանքների լիարժեքություն ապահովել եւ առավելագույն միավորներ ստանալ նաեւ հողօգտագործման, կրթության, բնապահպանության, առեւտրի եւ հանրային սննդի, տեղական ինքնակառավարման եւ գործադիր իշխանության տարածքային մարմինների համակարգման, մշակույթի եւ սպորտի ոլորտներում: Սակայն եթե կրթության ոլորտում առավելագույն 5 միավորի պարագայում մարզպետները 4,8 կամ 4,75 են ստացել, ապա մշակույթի եւ սպորտի պարագայում վեց հնարավորից առավելագույնը 3 են ստացել, այն էլ ոչ բոլորը: Իսկ ՏԻՄ-ի հետ համակարգված աշխատելու հարթությունում վիճակը էլ ավելի վատ է. վեց հնարավորից հազիվ 1-2,5 եւ մի քանի հատ՝ 3:

Արագածոտնը, Գեղարքունիքն ու Շիրակը ՀՀ օրենքների, նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության եւ վարչապետի որոշումների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի կատարումը ապահովել են կիսով չափ եւ 4 առավելագույնից 2 են ստացել: Մնացած յոթ մարզերը առավելագույն հնարավորը՝ 4 են ստացել:

Առաջավորները հետադիմել են կամ՝ հետգրություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ 2010 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, բոլոր մարզերում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հողի հարկի մասով աճ է արձանագրվել, գույքահարկի մասով երեք մարզերում՝ Արագածոտնում, Շիրակում եւ Սյունիքում արձանագրվել է նվազում: Գույքի վարձակալության մասով ութ մարզերում արձանագրվել է 50 տոկոսից ցածր կատարողական, մի քանի մարզերում կան նաեւ աշխատավարձերի գծով պարտքեր՝ ընդհանուր 74 միլիոն դրամ: Եթե 2009-ի կատարած աշխատանքների արդյունքներով 10 մարզերի մեջ 9-րդ տեղը զբաղեցրած Արագածոտնի պարագայում այս վատ արդյունքը կարելի է համարել 2009-ից եկող, ապա երկրորդ տեղում գտնվող Շիրակի եւ լավագույն եռյակը եզրափակող Սյունիքի պարագայում, ստացվում է, որ լավ գնահատականից հետո մարզպետարանը սկսել է վատ աշխատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել