Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բջնիից» անցան «Բյուրեղին»

Մարտ 06,2010 00:00

Երեկ Սուքիասյանների ընտանիքի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ. «Ռոբերտ Հարությունյանը եւ Գոռ Դավթյանը հանդիսացել են «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ 32 467 հատ (85,6%) բաժնետոմսերի սեփականատերերը: Այդ ՓԲԸ-ին էր պատկանում Բջնի գյուղում մի փոքր տարածք: Կանխատեսելով, որ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը կխլեն՝ 02.10.2008թ.-ին Ռոբերտ Հարությունյանից եւ Գոռ Դավթյանից առուվաճառքի պայմանագրով գնվել են նշված բաժնետոմսերը՝ Սարիբեկ Սուքիասյանի կնոջ՝ Ասպրամ Տոնոյանի անունով: Նշված պայմանագրի 9-րդ կետով Ռոբերտը եւ Գոռը հավաստել են, որ ՓԲԸ-ի այլ բաժնետերերի, ինչպես նաեւ ՓԲԸ-ի նկատմամբ պահպանվել են նախապատվության կիրառման օրենքով սահմանված բոլոր գործառույթները: Բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո այդ ՓԲԸ-ում 9% բաժնետոմս ունեցող ՀՀ գյուղնախարարությունը հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին, այն պատճառաբանությամբ, որ խախտվել է իր նախապատվության իրավունքը: Դատական գործընթացի ժամանակ Ասպրամ Տոնոյանը առաջարկել է գյուղնախարարությանը՝ նույն պայմաններով ձեռք բերել բաժնետոմսերը՝ իր կողմից վճարած գումարը վերադարձնելով, ինչը նախարարության կողմից մերժվել է: Դրանով նախարարությունը հաստատել է իր հայցի իրական նպատակները: 15.05.2009թ. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին: Վճռի հետագա բողոքարկումները որեւէ արդյունք չեն տվել: Սակայն Գոռը եւ Ռոբերտը պարտավորվել են բաժնետոմսերը կրկին վաճառել՝ այս անգամ խոստանալով պահպանել օրենքի պահանջները: Այդ կապակցությամբ 22.05.2009թ. բաժնետոմսերի առուվաճառքի նախնական պայմանագիր է կնքվել Ռոբերտ Հարությունյանի, Գոռ Դավթյանի եւ Ասպրամ Տոնոյանի միջեւ (նոտարական կարգով): 10.01.2010թ. Գոռ Համլետի Դավթյանը եւ Ռոբերտ Հարությունյանը գրավոր առաջարկներ են ուղարկել ՓԲԸ բաժնետերերին՝ որպեսզի սպառեն նախապատվության իրավունքի հետ կապված միջոցները:

Փոքր բաժնետերերից մեկը, ով հանդիսացել է Գոռ Դավթյանի եւ Ռոբերտ Հարությունյանի նախկին աշխատակիցը (հաշվապահը), գրավոր ցանկություն է հայտնել գնել առաջարկվող բաժնետոմսերը: Դրանից հետո, այդ նույն փոքր բաժնետերն իր բաժնետոմսերը նվիրել է Ռուբեն Հայրապետյանին, ով հանդես գալով որպես նրա իրավահաջորդ, 11.02.2010թ. Գոռին եւ Ռոբերտին թղթեր է ստորագրել տվել, որ ցանկանում է գնել այդ բաժնետոմսերը:

12.02.2010թ. Գոռ Դավթյանը փաստաբան Արա Զոհրաբյանից խնդրել է հանդիպում կազմակերպել Ս. Սուքիասյանի հետ, պատճառաբանելով, որ իր նկատմամբ Ռ. Հայրապետյանը եւ նրա մարդիկ ճնշումներ են գործադրում, ընդհուպ արգելանքներ են դրել կազմակերպությունների դրամական միջոցների վրա: Հանդիպման ժամանակ որոշվել է նամակ գրել Ռուբեն Հայրապետյանին՝ հաղորդելով, որ բաժնետոմսերի վաճառքի առաջարկը չի ուղղվել Ռ. Հայրապետյանին, հետեւաբար նա իրավասու չէ այդ գործարքը կատարել: Փաստաբան Արա Զոհրաբյանը՝ Գոռ Դավթյանի խնդրանքով, կազմել է նամակները, որը վերջինս ստորագրել է: Հանդիպումից հետո Գոռ Դավթյանը դուրս է եկել Ս. Սուքիասյանի գրասենյակի շենքից, որի բակից ոստիկանության աշխատակիցները նրան բերման են ենթարկել: ՀՀ ոստիկանության այլ բազմաթիվ աշխատակիցներ ներխուժել են Սուքիասյանի գրասենյակը եւ ավերածություններ անելով՝ բերման ենթարկել Ս. Սուքիասյանին, իսկ հարակից շենքից՝ նաեւ Ա. Ստեփանյանին: Ս. Սուքիասյանը եւ Ա. Ստեփանյանը ձերբակալվել են, ապա նրանց նույնիսկ մեղադրանք է առաջադրվել: Այս բոլոր գործողությունների արդյունքում, 22.02.2010թ., Ռուբեն Հայրապետյանը Գոռ Դավթյանից եւ Ռոբերտ Հարությունյանից գնել է (նրանց հետ կնքել է պայմանագիր) այդ պահին նրանց պատկանող բաժնետոմսերը, դառնալով Ընկերության բաժնետոմսերի շուրջ 90%-ի սեփականատեր»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել