Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԻՆ ԱՆԱՍՆԱԿԵՐՈ՞Վ ԵՆ ՍՆՈՒՄ

Մարտ 06,2010 00:00

ՊՆ-ն տեր չի կանգնում իր փողերին

\"\"Մի ամիս առաջ՝ Շիրակի մարզի վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ, Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը (լուսանկարում) փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին տեղեկացրեց, որ գյուղերից ամենավատ որակի կարտոֆիլն է առաքվում զորամասերին: Պատճառը, ըստ գյուղապետի, այն է, որ այս գործի կազմակերպման համար մրցույթ շահող անհատը խաբում է պաշտպանության նախարարությանը. մրցույթը շահում է 60 դրամով, սակայն գյուղացիներից կարտոֆիլը գնում՝ 25-30 դրամով: «Պարզ է, որ 30 դրամանոց կարտոֆիլը լավ որակի չի կարող լինել, կներեք, բայց պետք է ասեմ, սա անասնակերի գին է: Բացի այդ, տենդեր շահողը խաբել է մեր գյուղացիներին՝ կարտոֆիլը «նիսյայով» տարել ու փողը չի տվել: Մի՞թե այս պետությանը հարազատ մի մարդ չկա, որ կարտոֆիլը բանակին հասցնում են տենդերի միջոցով»,- ասաց գյուղապետը: Փոխվարչապետը մտահոգվեց. «Դուք գիտե՞ք այս հայտարարության հետեւանքները, այսինքն՝ ուզում եք ասած լինել, որ բանակին անասնակերո՞վ են սնում: Եվ հետո՝ 21-րդ դարն է, ով ում ինչ ծախում է՝ թղթի վրա պետք է լինի»:

Երեկ «Առավոտը» Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանից հետաքրքրվեց, թե ընթացք ստացե՞լ է իր բարձրաձայնած խնդիրը, ՊՆ-ի անունից հանդես եկող անհատը վերադարձրե՞լ է գյուղացիներին իր խաբած գումարները: Պարոն Իկիլիկյանի տեղեկացնելով՝ փոխվարչապետն անմիջապես ահազանգել է պաշտպանության նախարարություն, եւ այնտեղ են հրավիրել թե մրցույթը շահած անհատին եւ թե նրա «աշխատակցին»՝ ոմն Կարենի: Իսկ գյուղապետին հաջողվել է Կարենից ստացական ստանալ առ այն, որ նա գյուղացիներին պարտք է 6 միլիոն դրամ: «Սկզբում Կարենը հայտարարում էր՝ «ես խաբել եմ, թե այդ կարտոֆիլը պաշտպանության նախարարության համար է, շուկա տանելու համար եմ գնել», հետո էլ տարածում էր, թե որպես անասնակեր է գնել: Ազատան եկավ ՊՆ մատակարարման բաժնի պետի տեղակալը, ուսումնասիրություններ կատարեց ու գյուղացիներից ստացական պահանջեց: Ես Կարենին ստիպեցի տալ այդ ստացականը, որից հետո նրան նախարարություն հրավիրեցին: Պարզվեց, որ ՊՆ-ն գումարը պարտաճանաչորեն փոխանցել է, բայց տենդերը շահողն այն գյուղացիներին չի հասցրել: Այդ Կարենը պայմանագիր չուներ ոչ տենդերը շահած անհատի, ոչ էլ մեր գյուղացիների հետ»,- ասաց Ազատանի գյուղապետը: Հարցիս՝ ի վերջո, ո՞վ է մրցույթը շահած անձը եւ ինչպե՞ս է կազմակերպվում այդ գործընթացը, գյուղապետը պատասխանեց. «Ինձ այդպես էլ չհաջողվեց նրա անձը պարզել, նույնիսկ մի անգամ չբարեհաճեց գալ, տեսնել, թե ի՞նչ որակի կարտոֆիլ է իր ներկայացուցիչը տանում: Ես գիտեմ, որ այդ մրցույթը պատահական մարդիկ չեն շահում, ըստ մրցույթի պահանջների, այդ մարդն առնվազն 5 հա հող պետք է ունենա՝ վարձակալության կամ սեփականության իրավունքով, ու պարտադիր կարտոֆիլ ցանի, որ իրավունք ունենա մրցույթին մասնակցելու: Բայց արի ու տես՝ այս գործում կարեւորվում է այս կամ այն պաշտոնյայի հետ լավ ծանոթություն ունենալը: Արդյունքում խայտառակում են նախարարությանը, զորամասերում ծառայող մեր երեխաներին էլ վատ որակի կարտոֆիլով են սնում: Այսպես ո՞ւր պիտի հասնի, պետությունն իր տված փողերին պիտի տեր կանգնի: Եթե էս գործին էդքան մատակարար ու միջնորդ է խառնված, ապա էդ գործը ձախողված է, քանի որ ամեն մեկն իր փայաբաժինը ունի: Եվ եթե ոմն Կարենի մեր գյուղ են ուղարկել, ուրեմն նրան էլ մի երկու կոպեկ փող են խոստացել»:

Հարցիս՝ ինչո՞ւ են գյուղացիները ամեն պատահական մարդու վստահում ու «նիսյայով» ապրանք տալիս, գյուղապետը պարզաբանեց, որ ժողովուրդը հնար չունի. չկա իրացման շուկա, ապրանքը մնում է, այդ պատճառով էլ դաշտից բերելով՝ անմիջապես տվել են պահանջողին: Ըստ Վարդան Իկիլիկյանի՝ նրանք նաեւ պահեստավորման տեղ չունեն, աշնանային վարկերն էլ խեղդել էին գյուղացիներին, հետեւաբար այլընտրանք չունեին: Նա ասաց, որ այդ Կարենը գյուղացիներին խոստացել է 10-12 օրում վերադարձնել գումարները, սակայն դեռ տեղից չի շարժվում: «Ցավալի է, որ միշտ մի անօրինական միջավայր է ստեղծվում ՊՆ-ի եւ ապրանքը մթերողների միջեւ, եւ ՊՆ-ն, մեղք չունենալով՝ գյուղացու մոտ հեղինակազրկվում է»,- ասում է Ազատանի գյուղապետը:

Նշենք, որ այս խնդիրն առկա է նաեւ մյուս գյուղերում, բայց Ազատանն ամենատուժած համայնքն է, այն նաեւ Շիրակի մարզի կատոֆիլ արտադրող ամենամեծ համայնքն է. այստեղի բնակիչները նույնիսկ հարեւան 6-7 գյուղերից են հողեր վարձակալել, եւ այս տարի պաշտպանության նախարարության համար մթերել էին 3-4 հազար տոննա կարտոֆիլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել