Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար չզբաղվել պոլիտիկա

Մարտ 06,2010 00:00

Հնարավո՞ր է սա Հայաստանի պայմաններում

Ռումին մի լրագրող իր տարբեր հրապարակումների համար 62 անգամ դատ ու դատաստանի առաջ է կանգնել, եւ բոլոր դեպքերում դատարանը վճիռները կայացրել է լրագրողի օգտին: Իսկ այդ դատական գործերը հենց այնպես չեն հարուցվել, այլ հարուցվել են այս կամ պաշտոնյայի, քաղաքական գործչի կողմից, քանի որ տվյալ լրագրողը բացահայտել եւ հրապարակել է այդ գործիչների կատարած հակաօրինական քայլերը: Լրագրողը հաղթել է բոլոր դատական գործերում, եւ, պատկերացնո՞ւմ եք, նրան ոչ մի պաշտոնյա, քաղաքական գործիչ, գործարար կամ թաղի տղա չի փորձել վախեցնել, չի սպառնացել, կաշառք չի առաջարկել: Վերոհիշյալ անձանց կողմից հակաօրինական քայլ անելու միակ փորձը լրագրողների հանդեպ լինում է այն, որ իբր հենց այնպես հարցնում են՝ «ինչի՞ կարիք ունեք, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել քեզ եւ ընտանիքիդ» եւ, մերժում ստանալով՝ լրագրողին հանգիստ են թողնում:

Այս երկրում մեր չափանիշներով մի զարմանալի դեպք էլ է պատահել՝ ազատազրկման մեջ գտնվող գործիչն ընտրվել է ԵԽԽՎ-ում ռումինական պատվիրակության անդամ: Ընտրողներն այս նոր-նոր եվրոպականացված, ԵՄ անդամ դարձած երկրում փաստորեն ազատ ընտրելու իրավունք ունեն: Սակայն տպավորություն չստեղծվի, թե այս երկրում ամեն ինչ այդքան լավ է: Բուխարեստի քաղաքապետն, օրինակ, բացի քաղաքապետ աշխատելուց, նաեւ սեփական բիզնես է ունեցել՝ քարի բիզնես: Եվ, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, պարտադրել է, որ քաղաքի մայթերը եւ գետինը քարապատվեն իր սեփական արտադրության քարերով: Այդպես էլ արվել է, սակայն երբ այս ամենից հետո նա պաշտոնանկ է արվել, իր կուսակցության կողմից հիմա էլ նշանակվել է կարծեմ՝ բնապահպանության նախարար: Սակայն «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» նախաձեռնության մասնակիցները Բուխարեստում են գտնվում ոչ թե այս, այլ շատ ավելի օգտակար փորձի ուսումնասիրության համար: Մերոնք փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ գործարար աշխարհը չմղվի դեպի խորհրդարան, այլ գիտակցի, որ ինքը պետք է զբաղվի իր բիզնեսով, իսկ արհեստավարժները՝ օրենսդիր աշխատանքով եւ քաղաքականությամբ:

Ռումինիայի խորհրդարանի իրավաբանական կոմիտեի ղեկավարը երեկ հայ պատվիրակությանը բացատրում էր, որ իրենք հասել են այն իրավիճակին, երբ իրենց պատգամավորը օրենսդրական աշխատանքից բացի, զբաղվում է բացառապես մշակութային, գիտական, մանկավարժական գործունեությամբ, իսկ այլ բաներով ուղղակի չի կարող զբաղվել: Ի դեպ, չնայած մեզ մի քանի օր շարունակ հպարտ-հպարտ ասում էին, որ իրենք զրկել են պատգամավորին անձեռնմխելիությունից, երեկ պարզեցինք, որ ոչ թե ամբողջովին են այստեղ պատգամավորները զրկված անձեռնմխելիությունից, այլ՝ ճիշտ այնքան, որքան մեզ մոտ. անձեռնմխելի են քաղաքական հայտարարություններ անելիս եւ քվեարկության ժամանակ: Իսկ եթե մտադրություն կա պատգամավորին կալանել կամ նման մի բան, ապա այստեղ եւս անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի համաձայնությունը: Իսկ թե ինչ տվեց մերոնց ռումինական փորձը, թող իրենք պատմեն:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանը նկատեց, որ ինքն ամենեւին էլ չէր սպասում, որ Ռումինիայում կտան բոլոր հարցերի պատասխանները: Ըստ տիկին Կոստանյանի՝ «այլ երկրի փորձ հնարավոր չէ ուղղակիրեն տեղայնացնել Հայաստանում, քանի որ մենք ունենք «յուրահատկություններ», ամենակարեւորը՝ ցանկություն է պետք ունենալ ամենաբարձր մակարդակում՝ սկսել բարեփոխումները, ոչ թե թղթի վրա, ոչ թե միայն օրենքի ձեւով, այլ՝ իսկապես իրականացնել այդ բարեփոխումները: Այդ ժամանակ կարող ենք դատել՝ այս փորձն օգտակա՞ր էր, թե՞ ոչ»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանի նման երկրում հասնել նրան, որ գործարարները չձգտեն խորհրդարան, Ամալյա Կոստանյանը պատասխանեց. «Հնարավոր է, եթե իշխանությունը միայն իրավունք չլինի, այլ լինի առաջին հերթին պարտականություն»:

Կառավարության իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Սարգսյանի ներկայացմամբ՝ շահերի բախման, էթիկայի հարցերում մեզանում դաշտը բաց է, եւ ակնհայտ է, որ նախ, պետք է գործի քաղաքական պատասխանատվության սկզբունքը. «Մենք չենք կարող միայն օրենքում գրելով բավարարվել, պետք է լինի նաեւ բոլորի քաղաքացիական պատասխանատվության սկզբունքը»: Ըստ պարոն Սարգսյանի՝ իշխանությունների քաղաքական կամքն առկա է թեկուզ այն փաստով, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծն արդեն գրեթե պատրաստ է եւ վերջին շտկումներից հետո կմտնի շրջանառության մեջ:

ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը նկատեց, որ ռումինական փորձը, հստակ օրենսդրական շրջանները տալիս են ընդամենը այն սկզբունքները, որոնց շրջանակներում խորհրդարանականները իրենք պետք է կազմակերպեն իրենց վարքագիծը եւ գործունեությունը, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել մանդատը վայր դնելուն: Ըստ մեր զրուցակցի, «ձեռնարկատիրության մասին օրենքի նեղ լինելու հետեւանքով մարդիկ ձեւերը գտնում են այդ օրենքները շրջանցելու՝ շրջանցելով նաեւ Սահմանադրության համապատասխան դրույթը, հայտնվել խորհրդարանում: Այդ տեսակետից մենք, կարծում եմ, հնարավորություն կունենանք ստեղծել այնպիսի գործնական մեխանիզմներ, որոնք, եթե ոչ ամբողջությամբ, գոնե կկարողանան նվազեցնել պաշտոնյաների եւ պատգամավորների բիզնեսով զբաղվելու հնարավորությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել