Ելքեր եւ լուծումներ՝ ըստ Վահան Շիրխանյանի
– Երբ ՍԴՀԿ-ում անառողջ գործընթացներ սկսվեցին, դուք հայտարարում էիք, որ շարունակելու եք ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, մինչդեռ ՀԱԿ-ից հայտարարություններ հնչեցին Լյուդմիլա Սարգսյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին: Դուք ՀԱԿ-ի հետ հիմա համագործակցո՞ւմ եք կամ ի՞նչ ծրագրեր ունեք այդ առիթով:
– ՍԴՀԿ-ում եղած անառողջ վիճակի առողջացման պրոցեսներ են սկսվել: Ոչ թե հակառակը: Մասնավորապես, վերաբացվել են «Հայկ Բժշկյանցի», Արմավիրի մասնաճյուղերը, ստեղծվում են նոր կառույցներ Մասիսում, Արտաշատում եւ այլն: ՀԱԿ-ի հետ համագործակցությունը կուսակցության համար ինքնանպատակ կամ գոյության պայման լինել չի կարող: ՍԴՀԿ-ի գլխավոր նպատակը հայ ժողովրդին ծառայելն է, ներհայաստանյան եւ համահայկական խնդիրների ազգանպաստ լուծումներին օժանդակելն է: Այս գաղափարական, ազգային դաշտում ՍԴՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր համախոհ ուժերի հետ:
– Դուք Հայ ազգային կոնգրեսի այն անդամներից էիք, ովքեր քննադատաբար էին վերաբերվում ՀԱԿ-ի որդեգրած համեմատաբար պասիվ գործունեությանը՝ ակնկալելով ավելի ակտիվ գործողություններ: Մասնակցե՞լ եք, արդյոք, ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքին, եւ դրանից հետո որքանո՞վ է փոխվել ձեր վերաբերմունքը:
– Չեմ կարողացել մասնակցել, նյութերին ծանոթացել եմ եւ կարծիքս չի փոխվել: Համարում եմ, որ գործելաոճը հայտարարված նպատակին՝ սահմանադրական կարգի վերականգնում, օրինականության եւ ժողովրդավարության հաստատում, ադեկվատ չի:
– Որքանո՞վ են իրատեսական հանրահավաքում հնչած պահանջները, մասնավորաբար, մինչեւ աշուն արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը:
– Իհարկե, իրատեսական են, եթե Հայաստանի պայմաններում գտնվեր որեւէ մեկ այլ պետություն, որտեղ լիներ կայացած հասարակություն, քաղաքական էլիտա եւ քաղաքական դաշտ: Հայաստանում արտահերթ ընտրություններ հնարավոր են միայն մի դեպքում, եթե հանձնվեն ազատագրված տարածքները եւ դրան հաջորդի Արցախի հայաթափումը: Իսկ իշխանափոխություն հնարավոր է:
– Առանց նոր ընտրությունների՞:
– Իհարկե, իշխանափոխությունները հիմնականում իրականացվում են ընտրությունների միջոցով: Բայց դրանք շատ անգամ լինում են անձերի փոխարինում եւ պահպանում են գոյություն ունեցած համակարգը: Մեզանում անհրաժեշտ է իշխանության փիլիսոփայության, տրամաբանության եւ գործելաոճի արմատական փոփոխություն: Վարչակազմի այսօրվա որդեգրած փիլիսոփայության «իշխանություն հանուն իշխանության» սկզբունքը պետք է փոխարինվի «իշխանություն հանուն ժողովրդին ծառայելու» սկզբունքով: Տրամաբանությունը պետք է ձեւավորվի համապետական հանրաքվեով՝ հաստատված Ազգային ծրագրի պահանջներին համապատասխան: Գործելաոճի հիմքում պետք է դրվեն արդար կառավարման եւ սոցիալական արդարության սկզբունքները: Սրանց իրականացումն է, որ կբերի իրական իշխանափոխության: Իսկ տեսականորեն այդ բոլորը կարող է իրականացնել նաեւ այսօրվա վարչակազմը: Կամքի եւ վճռականության խնդիր է:
– ՀԱԿ-ը տնտեսական բարեփոխումների ծրագիր հրապարակեց, խոսվում է գազի սակագնի բարձրացման առիթով դատարան դիմելու մասին եւ այլն. ձեզ՝ սոցիալիստական գաղափարներ կրող մարդուն, հոգեհարազա՞տ է այս կերպ հանրությանն ակտիվացնելու գործընթացը:
– Հայաստանի տնտեսական համակարգը բարեփոխման ենթակա չէ: Այն պետք է փոխել հիմնովին: «Միացյալ Նահանգներում սկիզբ առած գլոբալ ֆինանսական ճգնաժամը թաղեց ոչ միայն Ուոլ-ստրիտի լեգենդար ֆինանսական կորպորացիաները, այլեւ լիբերալ կապիտալիզմի կոնցեպցիան…»,- ասում է ԱՄՆ ամենաառաջատար վերլուծաբաններից մեկը՝ Ֆրանսիս Ֆուկոյաման: Հատվածական լուծումները ոչ միայն ակտիվացում, այլեւ ոչինչ չեն տա: Գազի նախկին գինը նույնպես կրկնակի անգամ բարձր էր օպտիմալ գնից, էլեկտրական հոսանքի գինը կրկնակի անգամ բարձր է օպտիմալից: Հացի գինը թանկ է 2-3 անգամ: Ցեմենտը թանկ է բազմապատիկ անգամ: Այս շարքը անվերջ է: Միակ ելքը տնտեսական համակարգի փոփոխումն է: Այս համակարգում քաղաքացին կա ու մնալու է ընչազուրկ, իսկ գործարարը՝ հետապնդման եւ սնանկացման մշտական վտանգի մեջ:
– Երեկ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձեւը. հայկական կողմը ոգեւորվել է, Թուրքիան անգամ ԱՄՆ-ում իր դեսպանին ետ կանչեց: Ի՞նչ զարգացումներ կհաջորդեն:
– Այո, արդեն 4-րդ անգամ է բանաձեւը հաղթահարում հանձնաժողովի շեմը: Եվ ոգեւորությունն էլ հերթական անգամ է: Միացյալ Նահանգների քայլերը Ցեղասպանության հարցում այնքան կանխատեսելի են, որ մեր ոգեւորության վրա կարելի է զարմանալ: Հայաստանը պետք է շարունակի բացատրել մեծ տերություններին այնքան, մինչեւ նրանք վերջապես հասկանան, որ կա Թուրքիա-Հայաստան հակամարտություն, որը անհրաժեշտ է կարգավորել, եւ կա Հայություն-Թուրքիայի միջեւ Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման խնդիր: Իսկ նրանք ձգտում են մի ճանապարհ (այն էլ՝ հիմնականում իրենց համար, ոչ թե Հայաստանի) բացել եւ համարել, որ Հայկական հարցին լուծում տվեցին: Կարծում եմ, որ բանաձեւը, կամա թե ակամա, կարող է նոր ճնշումների ալիք բարձրացնել Արցախի վրա: