Թուրքիայի կառավարությունը երեկ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Թուրքիան ափսոսանք է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած հայկական օրինագծի հետ կապված: Մենք քննադատում ենք թուրք ազգին անտեղի մեղադրող այդ օրինագիծը: Նախագիծն աջակցողներն անտեսել են պատմական իրականությունն ու պատմաբանների միջեւ խնդրի վերաբերյալ կարծիքները եւ որդեգրել են քաղաքական ու անարդար դիրքորոշում: Այդ նախագծում 1915-ի վերաբերյալ պատմական սխալների հետ մեկտեղ, ներկայացվել է միակողմանի մոտեցում:
Քաղաքական գործիչների՝ պատմաբանների ոլորտ մտնելը միշտ էլ բացասական ազդեցություն է ունեցել: Մենք լուրջ մտահոգություն ունենք, որ մեր բոլոր զգուշացումներին հակառակ՝ հանձնաժողովի ընդունած բանաձեւը կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը կմտցնի փակուղի: ԱՄՆ-ի հետ լայն գործակցության շրջանակում շարունակվող մեր աշխատանքի վրա այդ որոշումը, ցավոք, բացասական ազդեցություն կարող է թողնել, որը նախանշում է ռազմավարական տեսլականի պակասը»:
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, թե հիասթափված է հանձնաժողովի որոշումից. «Ես տվյալ որոշումը խելամիտ չեմ համարում եւ ափսոսանքով եմ այն ընդունում: Այն ոչ մի առնչություն չունի թուրք ժողովրդի հետ: Այն ընդունվել է՝ ելնելով քաղաքական շահերից, անարդարացի է պատմության նկատմամբ: Այդ իրադարձությունը վնաս կհասցնի Հարավային Կովկասում կայունության հիմքերին եւ ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերին»: