Հայ քաղաքական գործիչները չեն անում այլ կանխատեսում
«Ես եւ նախագահ Օբաման թե՛ նախորդ տարի եւ թե՛ այս տարի հստակ հայտարարել էինք, որ չենք կարծում, թե Կոնգրեսի կողմից որեւէ գործողություն նպատակահարմար է, եւ մենք դեմ ենք դրան,- մարտի 4-ի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 252 բանաձեւի վերաբերյալ:- Մենք չենք կարծում, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է միջոցներ ձեռնարկի այդ բանաձեւի առնչությամբ, եւ մենք դա պարզաբանել ենք ներգրավված բոլոր կողմերին»:
Նրա այս հայտարարությանը հղում անելով էլ՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «ԱրմԻնֆո»-ին ասել է. «Չեմ կարծում, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւն ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից»:
Մնացած կանխատեսումները նույնչափ հոռետեսական են:
ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը մի շարք լրատվամիջոցների է փոխանցել իր տեսակետը, թե 252 բանաձեւը չի հասնելու ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ. «Ինչպես ԱՄՆ Կոնգրեսի, այնպես էլ Օբամայի կողմից Ցեղասպանության ճանաչում չեմ կանխատեսում»: Նա նույնպես վկայակոչել է Հիլարի Քլինթոնի վերոհիշյալ հայտարարությունը՝ հեգնելով. «Եվ այս ամենի համար մենք պետք է շնորհակալ լինենք այն դիվանագետներին ու քաղաքական գործիչներին, որոնք նախաձեռնել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Քիչ հավանական էր, որ ԱՄՆ Կոնգրեսը, որտեղ այսօր մեծամասնություն են կազմում դեմոկրատները, իսկ ԱՄՆ նախագահ է Բարաք Օբաման, ով խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը՝ ավելի վատ արդյունք արձանագրեր հանձնաժողովում, քան Ցեղասպանության ճանաչմանը բացահայտ դեմ արտահայտված Բուշի վարչակազմը 2007թ.: Իսկ տեղի ունեցածն ընդամենը Թուրքիային սթափեցնելու եւ արձանագրությունների վավերացման, Աֆղանստան զորախումբ ուղարկելու, իր տարածքում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության կայան տեղադրելու, տարածաշրջանում Արեւմուտքի համար ընդունելի քաղաքականություն վարելու հարցերում թուրք-ամերիկյան համաձայնություններ ձեռք բերելուն դրդող հաշվարկված սարսափեցում է: Այդ խնդիրներով սակարկություններն անշուշտ սկսվելու են Թուրքիայում կրքերը հանդարտվելուց եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ բանակցելու անհրաժեշտության գիտակցումից հետո:
«Ժառանգությունը» մտահոգություն ունի, որ Հայաստանի իշխանությունները գերագնահատում են իրենց վարած արտաքին քաղաքականությունը, համարում, որ Հայաստանը վարձահատույց եղավ ԱՄՆ-ի ու միջազգային հանրության հորդորները բավարարելու եւ կառուցողական դիրքորոշման համար, որն իրականում ամենքին «այո» ասելու քաղաքականություն է, անգամ եթե դա մեր շահերից չի բխում: Այսօր վտանգն այն է, որ Հայաստանի իշխանություններն այս էյֆորիայի մեջ փորձեն շարունակել նույն ոգով, տեղի տան առաջիկայում սպասելիք հորդորներին ու ճնշումներին՝ վավերացնելով արձանագրություններն անգամ առաջինը, եւ սպասելով, թե Կոնգրեսը ուժ կտա՞ բանաձեւին: Իսկ սա կնշանակի՝ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբամային հերթական առիթը տալ վերընթերցելու 2009թ.-ի իր ուղերձը եւ հայտարարելու, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ հարվածել վավերացման փուլ թեւակոխած հայ-թուրքական գործընթացին: Նույնը կրկնվելու է նաեւ Կոնգրեսի լիագումար նիստում հարցի քննարկումը վիժեցնելիս»: