Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ

Մարտ 06,2010 00:00

\"\"«Ժառանգության» պատգամավորը բողոքում է, որ ոստիկանությունը SMS-ներին արձագանքում է, բայց ընթացք չի տվել հանցագործության մասին իր հաղորդումներին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, երեկ շարունակվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնական անգործության:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանությանը՝ 2009 թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին եւ նոյեմբերի 12-ին Երեւանում անցկացված բողոքի խաղաղ գործողությունների ընթացքում մասնակիցների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների մասին: Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը գրություն էր ուղարկել պատգամավորին՝ տեղեկացնելով, թե ապացույցներ չեն ձեռք բերվել, որ մեղադրանք առաջադրվի ոստիկաններին: Նաեւ նշել էր, թե ոստիկանների գործողությունները պայմանավորված են եղել հասարակական կարգը պահպանելով: Դատական նիստին Ներսես Նազարյանը երեկ չէր ներկայացել՝ դատարանում որպես իր ներկայացուցիչ լիազորելով ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ավագ իրավախորհրդատու, մայոր Սոնա Մելիքյանին:

Ի դեպ, «Հետքի» թղթակիցը նշել է, թե դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավերեւում բացակայում էր Հայաստանի զինանշանը, նաեւ պետական դրոշը: Փոքրիկ դահլիճում նույնիսկ պատասխանողի առջեւ սեղան չկար դրված, իսկ դատավարությանը ներկա անձինք նստել էին Փոստանջյանի ու նրա փաստաբանի մոտ, լրագրողները՝ Երեւանի ոստիկանապետի ներկայացուցչի կողքին:

Նիստի սկզբում Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է բողոքի հիմնավորումները: Երեւանի ոստիկանապետի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Ներսես Նազարյանը 2010 թվականի փետրվարի 26-ին կայացրել է որոշում՝ հանցագործությունների մասին պատգամավորի հաղորդումները Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին: Այդ որոշումը, գործող օրենսդրության համաձայն, պետք է ուղարկվեր նաեւ Զարուհի Փոստանջյանին, բայց չի տրամադրվել: Եվ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ մինչեւ որոշման հանձնումը:

Երեկ տարածած հաղորդագրության մեջ Զարուհի Փոստանջյանը պնդել է. «Ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները գործել են օրենքից դուրս՝ դրսեւորելով պաշտոնեական անգործություն»: Եվ մասնավորապես հիշեցրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի համաձայն՝ «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»: Իսկ ՔԴՕ 181 հոդվածի համաձայն՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը՝ քրեական գործ հարուցելու կամ հարուցելը մերժելու մասին, հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: «Ակնհայտ է, որ վերը թվարկված օրենքի պահանջները կոպտորեն խախտվել են Ներսես Նազարյանի կողմից, քանի որ շուրջ 4 ամիս նրա կողմից դրսեւորվել է անգործություն: Միայն Զարուհի Փոստանջյանի կողմից Ներսես Նազարյանի անգործությունը դատական կարգով վիճարկելուց հետո Ներսես Նազարյանը որոշել է որոշակի լրջություն ցուցաբերել իր ծառայողական բուն պարտականությունների հանդեպ,- նշված է հաղորդագրության մեջ:- Նախքան Ներսես Նազարյանի անգործությունը դատարանում բողոքարկելը՝ Զարուհի Փոստանջյանն այն բողոքարկել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, ով իր հերթին փաստացի ցուցաբերել է նույն վարքագիծը»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ նշել է. «Հազարավոր քաղաքացիներ հիմնավորված հաղորդումներ են ներկայացնում ՀՀ իրավապահ մարմիններին հանցագործությունների մասին, սակայն դրանց մեծամասնությունը գործող օրենսդրության համապատասխան գնահատական չեն ստանում: Փոխարենը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից կամ պատվերից, նույն իրավապահները կարող են, ըստ իրենց ներկայացրածի, SMS-ով ստացած հանցագործության մասին հաղորդմանը օպերատիվ արձագանքել, այն էլ՝ օրենքները կոպիտ խախտելով եւ չարաշահելով իրենց լիազորությունները»:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում «Ժառանգության» պատգամավորը նշել է. «Եթե Հայաստանի ատյաններում չկարողանանք հասնել արդարադատության, նաեւ կդիմենք Եվրոպական դատարան, որովհետեւ այստեղ խախտվել է մարդու իրավունքների հիմնարար ազատություններից մեկը՝ դա երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու իրավունքն է: Մի քանի անգամ տեղի է ունեցել այդ իրավունքի ոտնահարում, եւ այդ իրավունքի ոտնահարման վերականգնումը դեռ տեղի չի ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել