(Սկիզբը՝ նախորդ համարներում)
Արմաղանի եւ նրա հակառակորդ Իսմիլ Խաթունի միջեւ պայքարը ծպտված է ընթանում: Վերջինս որդի ունենալու համար Մեծ Մհերին հարբեցնելով՝ պահում է իր տանը: Մհերը սթափվում է այն ժամանակ, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Իսմիլն իրենց որդուն՝ կրտսեր Մսրա Մելիքին խրատում՝ քանդել հայի տունը: Մեծ Մհերը, թողնելով որդուն եւ օտար ցեղի կնոջը, վերադառնում է պապենական տուն: Որդի ունենալուց հետո մահանում են ինքն ու կինը: Նրա որդին՝ մանուկ Դավիթը, անցնում է հորեղբոր՝ Ձենով Օհանի (նախկինում Որոտի աստված) խնամքի տակ: Պատանի Դավթին սիրահետում է հորեղբոր կինը՝ Սառյեն: Դավթին առաջարկում է իր գլխին ջուր լցնել՝ հուսալով, որ Դավիթը կտեսնի իր մարմինն ու իրեն կցանկանա: Բայց տեսնելով, որ Դավիթն աչքերը փակած է ջուր լցնում ու իրեն չի նայում՝ արյունոտում է դեմքն ու զրպարտում Դավթին՝ սեռական նկրտումների համար: Դավթի առաջ փակվում է հայրական տան դուռը: Դավիթը, հորեղբորն ասելով, որ նա իր լիրբ կնոջից խաբված է, հեռանում է քաղաքից: Ավելորդ չէ նշել, որ ցեղի կացարանից հեռացվելն անհատի համար հավասար էր ոչնչացման: Հետաքրքիր իրողություն է այն, որ էպոսում բեղունության արական խորհրդանիշ Ջրհոս Վերգոն եւս ապաստան չի տալիս եղբորորդուն: Դավիթը գնում ու ապաստանում է Արտատեր Պառավի մոտ: Դավթի եւ Պառավի կոնֆլիկտայնությունը զուրկ է բացահայտ էրոտիզմից, սակայն, ինչպես եւ սլավոնական կամ հունական պառավ-կերպարները, նա եւս հերոսին առաջնորդում է դեպի կյանք, հավատ, հաղթանակ, սեր (ծպտված Նանե դիցուհի):
Սասունցի Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն արձագանքում է Խանդութ Խանումի սիրո հրավերին: Սկզբում նա մենամարտում է զինվորի շոր հագած Խանդութի հետ: Երբ Դավիթը գետնում է նրան ու պատրաստվում սպանել, Խանդութը բացում է կուրծքը եւ խնդրում խնայել իր կյանքը: Դավիթը թուրն իջեցնում է ու ամուսնանում նրա հետ: Տարիներ անց Դավիթը սպանվում է իր այն աղջկա ձեռքով, որ ծնել էր իր կողմից լքված Չմշկիկ Սուլթանը: Այն բանից հետո, երբ Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում, Համբարձման գիշերը նրա քարայրն է մտնում մի մոլորված հարս, որ տնից դուրս էր եկել ջուր կամ լույս գտնելու: Փոքր Մհերը նրա հետեւից դուրս չի գալիս իր ապաստանից՝ սպասելով մարդկային մտավոր ու բարոյական առաջընթացին: Կարեւոր է այն, որ Սասնա տան տղամարդիկ կարող են ջարդել բանակներ, զոհվել կնոջ ձեռքով, բայց զենք չեն ուղղում նույնիսկ հակառակորդ երկրի կանանց դեմ՝ Իսմիլ Խաթուն, Չմշկիկ Սուլթան, Մսրա Մելիքի քույր…
Կնոջ կողմից ամուսնուն սպանելու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Ալեքսանդր Մակեդոնացու կենսագիրներից Ռուֆուսը. «Եվ (կնոջ) կեղծ հնազանդությունից խաբված Սպիտամենը հրամայում է օրը ցերեկով խնջույք սկսել. նրան, գինուց ու կերակրից ծանրացած, քունն աչքերին տանում են ննջասենյակ: Կինը համոզվելով, որ նա խոր քնած է, մերկացնում է հագուստի տակ պահված սուրը եւ գլխատում ամուսնուն: Մյուս կողմից (Մակեդոնացու մոտ) զազրանք է առաջացնում այն, որ կինը նենգորեն սպանել էր մի մարդու, ով այդքան սիրել է իրեն, իր զավակների հորը»:
Կանացի ագրեսիայի վերաբերյալ շատ գունեղ գործ է ստեղծել նաեւ Հովհաննես Թումանյանը՝ «Թմկաբերդի առումը» պոեմով: Ինչպես գտնում են թումանյանագետները, պոեմի ստեղծումն ունեցել է գրական-բանահյուսական եւ կենսական ազդակներ:
Շարունակելի