Լրահոս
Օրվա լրահոսը

Եղունգները՝ առողջության հայելի

Մարտ 05,2010 00:00

Եղունգների անսովոր ձեւին, գույնին եւ հաստությանը մարդկանց
մեծ մասը կարեւորություն չի տալիս: Եվ շատ իզուր…

Փոփոխությունները, որոնք նկատվում են եղունգների վրա, կարող են օրգանիզմում տեղի ունեցող հիվանդագին երեւույթների հետեւանք լինել: Այն ամենը, ինչը ազդում է ամբողջ օրգանիզմի վրա, ազդում է նաեւ եղունգների վրա: Առողջ մարդու եղունգները վարդագույն են, փայլուն, հարթ եւ համապատասխանում են մատների ձեւին: Ընդհանրապես, աջ ձեռքի մատների եղունգներն ավելի լայն են, քան ձախինը: Եղունգն օրական աճում է 0,1 մմ, մեկ տարում՝ մոտ 3,5 սմ: Եղունգային հիմքից մինչեւ ազատ ծայրը եղունգը վերաճում է մոտ 4,5-5,5 ամսում: Երիտասարդների եղունգներն ավելի արագ են աճում, քան մեծահասակներինը, ամռանն ավելի արագ, քան՝ ձմռանը:
Սակայն ամենազարմանալին այն է, որ տղամարդկանց եղունգներն ավելի արագ են աճում, քան կանանց: Եղունգները հուզական սթրեսների ժամանակ դառնում են բարակ, անհարթ եւ ակոսավոր: Օրգանիզմում հանքային նյութերի եւ վիտամինների ոչ բավարար քանակություն լինելու դեպքում եղունգները դառնում են փափուկ, փխրուն, ի հայտ են գալիս սպիտակ գծեր, բծեր եւ շերտեր: Արյան պակասի (անեմիա) դեպքում եղունգները շուտ են կոտրատվում: Ներքին օրգանների հիվանդությունների ժամանակ եղունգների աճը խիստ դանդաղում է: Սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց մոտ եղունգները հաճախ ունենում են կապույտ երանգ, լյարդի հիվանդությունների ժամանակ՝ դեղին գույն: Այս դեպքերում անհապաղ պետք է դիմել բժշկի: Եղունգները փոփոխության են ենթարկվում նաեւ սնկային ախտահարումների ժամանակ: Այս դեպքում եղունգն անջատվում է եղունգային ակոսից եւ ընկնում, բայց աճում է նորը: Կանանց ձեռքերն է՛լ ավելի գեղեցիկ են դառնում, երբ եղունգները խնամված են: Եղունգներն ամրանում են, երբ ձեռքերը 7-10 րոպե սուզվում են 30-35 աստիճան ջերմություն ունեցող ձիթապտղի յուղի մեջ, որին ավելացված է մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Իսկ ժելատին օգտագործելիս եղունգներն աճում են ավելի արագ ու դառնում ամուր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել