«Առավոտը» տեղեկացրել էր, որ շուրջ 40 թատերական գործիչներ հունվարի 20-ին նամակով դիմել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ առաջարկելով Գ. Սունդուկյանի անվան Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել ռեժիսոր Արմեն Էլբակյանին: Նշել էինք նաեւ, որ առայսօր նախարարը չի պատասխանել թատերական գործիչներին, որովհետեւ Մայր թատրոնի ղեկավարի իր նախընտրելի թեկնածուն Արմեն Մազմանյանն է: Օգտվելով առիթից, որ Հ. Պողոսյանը մասնակցում էր աշխարհահռչակ երաժիշտ Պ. Ցուկերմանի ասուլիսին, պարզաբանումներ խնդրեցինք նրանից: «Նամակով չէին դիմել, ես ինձ մոտ՝ մշակույթի նախարարությունում հրավիրել էի Թատերական գործիչների միության նիստ, որի ժամանակ քննարկել էինք մի շարք հարցեր, ներառյալ Սունդուկյանի թատրոնի հարցը: Իրենք տեղերից առաջարկեցին Արմեն Էլբակյանի թեկնածությունը: Ես Սունդուկյանի թատրոնի հարցում պատասխանել եմ հետեւյալը՝ հիմա բոլոր ռեժիսորները, ում անունները շրջանառվում են, Սունդուկյանի թատրոնում դնում են ներկայացումներ, որոնց պրեմիերաները կավարտվեն մինչեւ մարտի վերջ կամ ապրիլի կեսը: Էն ժամանակ մենք կընդունենք համապատասխան որոշում, երբ ամբողջ իրավիճակի վերլուծությունը կունենանք»,- պատասխանեց նա:
Ձգձգման «մասով» էլ այսպես պատասխանեց. «Իսկ ո՞ւր ենք շտապում, ինչո՞ւ ենք անվերջ շտապում մեր որոշումները կայացնելուց, ո՞վ է սահմանել կարճ ու երկար ժամկետը… բոլորը հետաքրքրված են, բայց չէ՞ որ պատասխանատվությունը մշակույթի նախարարությանն է: Հիմա նախարարությունը ենթադրում, կարծում է եւ որոշել է, որ պետք է տեսնենք, թե այդ ռեժիսորները ինչ հնարավորություններով են հանդես գալիս այդ բեմի վրա (Սունդուկյան թատրոնի- Լ. Խ.), որից հետո մեր որոշումը կկայացնենք: Դրանից հետո բոլոր շշուկները կփակվեն»: Ինչ վերաբերում է Ա. Էլբակյանի թեկնածությանը, Հ. Պողոսյանը հավելեց. «Եթե համամիտ լինեի նրա թեկնածությանը, արդեն նշանակած կլինեի: Ամեն դեպքում, այս պահին չեմ բացառում որեւէ տարբերակ»: