«Պարալլելս Ֆիլմ պրոդաքշն» ընկերությունից եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացրին, որ հայ-նորվեգա-ֆրանսիական «Խճճված զուգահեռներ» ֆիլմը մարտին կցուցադրվի Արգենտինայում անցկացվող Լատինաամերիկյան եւ եվրոպական կինոյի 6-րդ «ՊԱՆՏԱԼԼԱ ՊԻՆԱՄԱՐ – 2010» կինոփառատոնին: Նույն ամսի 23-ին Մոսկվայի Կինոյի տանը կկայանա ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամների համար: Ֆիլմի ցուցադրմանը կնախորդի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մեդալի հանձնումը ֆիլմի ռեժիսորին: Ապրիլին ֆիլմը կմասնակցի 43-րդ Համաշխարհային կինոփառատոնին: Ի դեպ, ֆիլմը ներգրավված է Կինոփառատոնի գլխավոր՝ «ՌԵՄԻ մրցանակաբաշխություն» անվանակարգում: Ապրիլին կսկսվեն ֆիլմի շուկայական ցուցադրումները Երեւանում, իսկ մայիսին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը կներկայացվի Կաննի 63-րդ միջազգային կինոփառատոնի կինոշուկային: