«Առավոտի» նախորդ համարում տպագրված «Առգրավում եւ լռություն» լուրում տեղեկացրել էինք, որ քննչական մարմինը՝ ընթերակաների ներկայությամբ, շաբաթ օրը առգրավել է ՀՀ մշակույթի նախարարության այն համակարգիչը, որի վրա աշխատել է նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդական Արեգ Հայրապետյանը: Նշել էինք, որ քննչական մարմինն ունի լուրջ կասկածներ, որ Ա. Հայրապետյանի համակարգչում հնարավոր է լինեն այնպիսի տեղեկություններ, որոնք «ջրի երես» կհանեն նրա կողմից թույլ տրված անօրինությունները: Երեկ ոստիկանությունը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ Ա. Հայրապետյանը մարտի 3-ին կալանավորվել է եւ մեղադրվում է խարդախության ու պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Հիշեցնենք, որ Ա. Հայրապետյանի գործը գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում: