Երեւանում է աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը
«21-ի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ լեգենդար ջութակահար, «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը՝ «Zukerman Chamber Players» խմբով: Ցուկերմանը վարում է կատարողական վարպետության ծրագիր Մանհեթենի կոնսերվատորիայում, ղեկավարում է մի շարք հեղինակավոր նվագախմբեր, 2009 թվականին՝ նաեւ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է եղել: Իբրեւ կամերային երաժիշտ, հանդես է եկել Դանիել Բարենբոյմի, Վլադիմիր Աշկենազիի, Իտցաք Պերլմանի, «Օրիոն» եւ «Տոկիո» լարային քառյակների, կատարողական արվեստի այլ վարպետների հետ: Պ. Ցուկերմանի կատարումները հնչում են նաեւ հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում: Երեկ աշխարհահռչակ ջութակահարը նաեւ լրագրողների հյուրն էր:
«Ինձ համար խայտաբղետ կազմ եմ ընտրել՝ մայրս լիբանանցի է, հայրս՝ գերմանացի: Շատ լավ մանկություն եմ ունեցել, միանգամից հասկացել եմ կյանքի իմաստը»,- իր մասին պատմում է երաժիշտն ու հավելում, որ 11 տարի ամուսնացած է նախկին ուսանողուհու՝ ծագումով հարավաֆրիկացի կնոջ հետ: Վերջինս իր խմբի լավագույն թավջութակահարն է:
Ջութակ նվագել Պ. Ցուկերմանն սկսել է 5-6 տարեկանից ու իր՝ շուրջ 50 տարվա ջութակ նվագելու փորձի մասին ասում է. «Դա մի հրաշալի ճամփորդություն էր»: Երաժիշտը հայ կոմպոզիտորներից ոչ մեկին չգիտեր, սակայն հույս հայտնեց, որ երեւանյան համերգն իրեն հնարավորություն կտա ճանաչել նրանց:
Ջութակահարը կարծում է, որ մարդը երբեք չպետք է մտածի, թե հասել է ինչ-որ բանի. «Որ պահին երաժիշտը մտածեց՝ ի՜նչ փայլուն կատարեցի, նույն պահին ինքը ցած է գլորվում»: Հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն է տարածված կարծիքին, թե աշխարհում դասական, բարձրարվեստ երաժշտության նկատմամբ սերը նվազում է: Երաժիշտը պատասխանեց. «Պետք է սեղանի վրա դնել եւ քննարկել շատ նրբություններ՝ մարդկանց նյութական վիճակը, հոգեբանությունը, հետաքրքրությունները, գլոբալ ճգնաժամը: Այդ ամենը անխուսափելիորեն կապված են դասական երաժշտության հետ: Համերգներին երբեմն կարող է հանդիսատեսի քչանալու տենդենց լինել, բայց մեզ մոտ թիվը ոչ թե նվազում, այլ՝ ավելանում է, գուցե այն պատճառով, որ ճիշտ հաշվարկով ու փիլիսոփայությամբ ենք առաջնորդվում»: Ջութակահարը կարծում է նաեւ, որ երաժշտությունը հաղորդակցման հզոր միջոց է: «Ես գաղափար ունեմ, թե ինչպես պետք է շփվել մարդկանց հետ, կարող ես օգտագործել այդ ուժը, բայց երբեք չպետք է չարաշահես այն: Դա կարող ես անել ճիշտ նվագելով…Երաժիշտն իրավունք չունի սխալ նվագել, գեղեցիկ ձայնով պետք է նվագես, անկեղծ լինես քո զգացմունքների հետ, իսկ զգացմունքները գալիս են ինտելեկտից»,- եզրափակեց մեր երկիր այցելած երաժիշտն ու ասաց, որ ուրախ կլինի կրկին լինել Հայաստանում: