Պակիստանի զորքերը Աֆղանստանի հետ սահմանին ոչնչացրել են «Թալիբան» ահաբեկչական շարժման մոտ 30 գրոհայինների: «Reuters»-ի մատուցմամբ, գործողությունը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան. Մոհմանդ շրջանում գրոհայինները սպանել էին պակիստանյան զորքերի մեկ զինվորի եւ եւս չորսին վիրավորել էին, ինչին ի պատասխան՝ հակահարված էին ստացել: Մարտի ընթացքում 20-50 ահաբեկիչներ էին սպանվել: Իր հերթին երկրի սահմանապահ ռազմականացված ծառայությունը հաղորդել էր Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կոհատ քաղաքի մոտ մեկ շաբաթ տեւած գործողության արդյունքում եւս 38 գրոհայինների ոչնչացման մասին: Հիշյալ շրջանները, որոնք բնակեցված են թալիբներով, Պակիստանի իշխանությունների վերահսկողությունից դուրս են գտնվում եւ հաճախ դառնում են ահաբեկիչների, այդ թվում ե՛ւ «Թալիբան» շարժման, ե՛ւ «Ալ-Քաիդայի» ապաստան: