Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննական անհավասար պայմաննե՞ր

Մարտ 05,2010 00:00

Չորս տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց, որ ասպիրանտուրայի դիմորդները պիտի հանձնեն անգլերենի՝ Toefl ծրագրով քննություն:
Իսկ քննությունն անցկացնելու մենաշնորհը տրված է Ամերիկյան համալսարանին, թերեւս դա է պատճառը, որ երբեմն ամեն ինչ չէ, որ տեղը տեղին է: Ամերիկյան համալսարանում այս քննությունը հանձնած մի խումբ ասպիրանտներ «Առավոտին» դժգոհեցին, թե քննության ժամանակ ստեղծված էին անհավասար պայմաններ: Ըստ նրանց՝ քննությունն ընթանում էր փոքր եւ մեծ դահլիճներում: Քանի որ քննությունն անցկացվում է համապատասխան քննական ձայնասկավառակների միջոցով, ապա, տեխնիկական միջոցներից ելնելով, ձայնը մեկ-մեկ կտրտվում էր, մեծ դահլիճում համեմատաբար առջեւում նստած անձինք խնդրում էին ձայնն իջեցնել, մինչդեռ հետեւում նստողներին լավ չէր լսվում: Դիմորդներից ոմանք էլ դժգոհում էին աղմուկից: Այս բողոքները փոխանցեցինք Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի հատուկ ծրագրերի ղեկավար Անահիտ Ղազարյանին: Նա պարզաբանեց. «Չեմ կարծում, որ ասպիրանտների համար ստեղծված էին անհավասար պայմաններ: Ես ինքս եղել եմ մեծ դահլիճում եւ վստահեցնում եմ, որ անգամ շշուկ չկար, ձայնն էլ շատ լավ լսվում էր: Անհավասար պայմանների մասին խոսք լինել չի կարող, քանի որ եւ՛ մեծ, եւ՛ փոքր դահլիճներում օգտագործել ենք նույն սարքավորումները: Պարզապես այդպիսի բողոքներ ներկայացնում են հիմնականում այն ուսանողները, որոնք այնքան էլ լավ չեն պատրաստվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել