Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կլանային խմբավորում՝ գիտության բնագավառում

Մարտ 05,2010 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Ի սկզբանե հայտնում եմ, որ ես, որպես իրավաբան, հանդես եմ գալիս ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ Էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի թիվ 3 լաբորատորիայում կրտսեր գիտաշխատող Կարեն Կարապետյանի աշխատանքային իրավունքների իրավախորհրդատու:
Դիմումի այս ձեւի ընտրությունն ինձ հարկադրել է այն իրավիճակը, որ վարչապետին 09.09.2009թ. հղած Կ. Կարապետյանի դիմում-բողոքի ընթացքը մինչեւ օրս չի լուծվում, չնայած այն հանգամանքին, որ այն մի քանի անգամ անցել է ՀՀ ԿԳՆ-ի, ԳԱԱ նախագահության, ՀՀ գիտության պետական կոմիտեի՝ առանց դիմումատուի, քննարկման բովով: Արդյունքում նամակն ուղարկվել է Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ՌՖԷԻ) տնօրինությանը, որին մի շարք անգամներ դիմել է դիմումատուն եւ ստացել անօրինական գրավոր եւ բանավոր պատասխաններ:
Ուղղակի ՀՀ գիտության պետական կոմիտեն, ԳԱԱ-ն եւ ՌՖԷԻ-ն խուսանավում են, Կ. Կարապետյանի դիմում-բողոքներին տալով ոչ բավարար պատասխաններ ու արդյունքում՝ դիմումատուի օրինական հարցադրումները մնում են չպարզաբանված՝ ըստ պետականորեն գործող կարգի:
Ես որպես իրավաբան, արդեն մոտ մեկ տարուց ավելի է՝ ինչ ուսումնասիրում եմ Կ. Կարապետյանի բարձրացրած պարզաբանման ենթակա հարցադրումներն ու ՌՖԷԻ-ի, ԳԱԱ-ի ու Գիտության պետական կոմիտեի պատասխանները եւ եկել եմ այն հետեւության, որ գիտության բնագավառում ձեւավորվել եւ գործում է վտանգավոր կլանային խմբավորում: Այս հետեւության հիմքում ընկած է այն, որ նույնիսկ ԳԱԱ-ում գործում է խաբեության յուրօրինակ ձեւ՝ դեն նետել պետական օրինական կարգ ու կանոնները, հայտարարել, որ հանրապետությունում չկան գիտության ոլորտում աշխատավարձերի կարգավորման որոշումներ, որի հետեւանքով իրենք աշխատում են ավանդական, գուցեեւ «փարավոնյան» մեթոդներով՝ անտեսելով ՀՀ կառավարության 17.11.2001թ. N 1121 եւ 1122 որոշումները, որոնք շատ հստակ, կատարյալ ու գիտության զարգացմանը նպաստող որոշումներ են: Իսկ պետական կոմիտեում գործում է նշված ձեւի շատ նուրբ հովանավորման կարգ, որը հնարավոր չէ այս նամակում շարադրել՝ թերթի սահմանափակ հնարավորությունների պատճառով: Դրանք ես ձեզ կներկայացնեմ ավելի մանրամասն:
Հայտարարում եմ, որ ՀՀ ԳԱԱ-ի ու Գիտության պետական կոմիտեի աշխատաոճը, որը հանդիսանում է ՌՖԷԻ-ի՝ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրինությանը հովանավորելու յուրահատուկ ձեւ, ուղղակիորեն ազդել ու ազդում է ինչպես Կ. Կարապետյանի, այնպես էլ նրա աշխատակից ընկերների աշխատավարձերի չափերի եւ ձեւի վրա ու պետեկամուտների վրա, ինչի մասին բազմիցս ահազանգվել է Կ.Կարապետյանի կողմից ու մնացել անհետեւանք: Այսպես՝ Կ. Կարապետյանի ու մյուսների աշխատավարձից սխալ հաշվարկի հետեւանքով պակաս է գանձվում ամսական մոտ 6000 դրամի չափով եկամտահարկ, ինչը կազդի նաեւ նրանց թոշակի կուտակային ֆոնդի վրա:
ՌՖԷԻ-ն նույնիսկ չի կատարել ու չի էլ ուզում կատարել իրեն տրված պարտադիր կատարման ենթակա հանձնարարականը՝ ՀՀ աշխատանքային պետական տեսչության կողմից: Սա եւս գալիս է հաստատելու այն փաստը, որ ինստիտուտի տնօրինությունը արհամարհում է պետական օրինական կարգ ու կանոնը:
Կ. Կարապետյանը, իհարկե, իր հասանելիք աշխատավարձի վճարման հայցով կարող է դիմել դատարան, բայց ինչո՞ւ դիմի, երբ օրինախախտումներն ակնհայտ են, հաստատված նույնիսկ Աշխատանքի պետական տեսչության կողմից, դա չեն ժխտում տնօրինության վերադաս մարմինները, ուրեմն ինչո՞ւ շարունակվի քաշքշուկը: Գուցե միայն նրա համար, որ այդպես են ուզում տնօրեն Ա. Հախումյանը եւ նրան հովանավորող ԳԱԱ նախագա՞հը: Հետո էլ դատարանում միայն աշխատավարձի հարց կլուծվի, բայց ինչպես լուծել այն օրինախախտումների հարցը, որոնք տեղ են գտել տնօրինության աշխատաոճում (աշխատանքային պայմանների, աշխատավարձերի սահմանման գործում դիտավորյալ օրինախախտումներ, հաստիքային խախտումներ եւ այլն) եւ ընդհանրապես գիտության ոլորտում…
Խնդրում եմ ձեր հանձնարարությունը պատկան մարմիններին՝ հարցադրումներն ուսումնասիրել ըստ էության ու անկողմնակալ կարգով, որպեսզի վերջնականապես պարզաբանվի մինչեւ այժմ անհիմն չարչրկվող իրողությունը հանրապետության գիտական ոլորտում, ՌՖԷԻ-ի օրինակի հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել