Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՂ ԱՍԻ ԻՐ ԽՈՍՔԸ

Մարտ 05,2010 00:00

Մինչեւ որ դպրոցները կունենան պարկեշտ տնօրեններ

Թերթերից մեկն օրերս անդրադարձել էր հանրապետության դպրոցներից մեկում Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվող դրամահավաքին. ծնողները բողոքել էին խմբագրությանը, դժգոհել, որ տնօրենն իր պահանջներն ունի, հետեւաբար՝ նաեւ դասղեկները, եւ բոլորը պետք է մուծվեն: (Դպրոցի անունը չեմ նշում, որովհետեւ հաստատ միակը չէ):
Հաջորդ օրը խմբագրություն են գալիս տնօրենն ու մի քանի համախոհ ուսուցիչներ եւ հերքում ծնողի բողոքը, պարտադրում, որ թերթը հիմա էլ իրենց ասածները տպի, ու թերթը տպում է, բայց դրանով հաստատ հարցը չի լուծվում:
Հիշեցի լրագրողական տարիներս, երբ առնչվում էի այս ոլորտին ու նման խնդիրների առաջ էի միշտ կանգնում: Տարիների փորձը ցույց է տվել, որ ոչ բողոքների եւ ոչ էլ դրանց հերքումների արդյունքում երբեք նման հարցերը չեն լուծվել: Հակառակը՝ արդյունքում լարվածություն է առաջանում տվյալ դպրոցի ներսում, ու դրանից կրթության որակը հաստատ ընկնում է:
Խնդիրն ավելի խորն է: Նախ՝ այն համոզմանն եմ, որ դպրոցներում այս կամ այն արատավոր երեւույթի պատճառը կամ մեղավորը նախեւառաջ տնօրենն է: Հենց տնօրենն է սահմանում որոշակի կանոններ ներսում, որոնց էլ հետեւում են դասղեկները, հետեւաբար նաեւ՝ ծնողները: Չմոռանանք, որ ուսուցչական կազմի ընտրությունը եւս տնօրենի հայեցողության տակ է: Ուրեմն՝ նախ պետք է դպրոցն ունենա պարկեշտ, բարոյական, քրիստոնյա տնօրեն, ինչն այսօր բացառիկ դպրոցների դեպքում կարող ես արձանագրել:
Շատերը չգիտեն, որ հանրապետության բազմաթիվ դպրոցների տնօրենների պաշտոնավարման ժամկետը վաղուց լրացել է, բայց ընտրություններ չեն անցկացվում, գործընթացը կանգնած է, ինչ-որ բարեփոխումներ են իրականացվում:
Վերջին անգամ 2005-ին եմ լուսաբանել տնօրենների ընտրություններ. դրանից հետո, որքան տեղյակ եմ, մրցույթ չի հայտարարվել: «Առավոտ» թերթում կարելի է գտնել իմ այն հոդվածաշարը, որտեղ պատմվում է, թե ինչպես էր այս կամ այն դպրոցում տնօրենի ընտրություն անցկացվում:
Կրթության ոլորտի պատասխանատուներն ասում են, որ առաջիկայում ընտրություններ են կազմակերպվելու: Մեծ հույս ունեմ, որ արդյունքում կընտրվեն իսկապես արժանավորները: Սա այն ոլորտն է, որին առնչվում է հասարակության ամեն մի անդամ: Բոլորիս հարազատների շրջանում էլ կան դպրոցականներ, եւ գիտենք, թե ինչ է կատարվում իրականում դպրոցներում, հատկապես՝ «էլիտար» դպրոցներում, ովքեր են տնօրենները, ինչպես են նրանք ընտրում իրենց աշխատակազմը, ում երեխաներն են սովորում այնտեղ եւ ինչ բարքեր են տիրում:
Սակայն անձամբ գործ ունեմ քաղաքի կենտրոնում գործող դպրոցներից մեկի հետ, որտեղ, ի պատիվ տնօրենի, երբեք ծնողներս «նեղություն չենք կրել»՝ պարտադրված գումար չենք հավաքել: Այնպես որ՝ այստեղ եւս ամեն ինչ անհատներից է կախված:
 Քանի որ այսօր կրթական համակարգի պատասխանատու պաշտոններում կան բանիմաց, գործունյա, խելացի անհատներ, մեծ հույս ունեմ, որ առաջիկայում տնօրենների անաչառ ընտրություններ կկազմակերպվեն, կընտրվեն իսկապես նվիրյալներ, իրենց գործը եւ երեխաներին սիրող մարդիկ, ովքեր վեր կլինեն չարչիական սովորույթներից, ովքեր կունենան կենսագրություն, ովքեր պատրաստ կլինեն ճիշտ կազմակերպել կրթական գործընթացը եւ սատար կլինեն իրենց վերադասին՝ համակարգը բարելավելու հարցում, եւ միայն բովանդակային ու գաղափարական հարցերի շուրջ կկիսվեն իրենց վերադասի հետ, ոչ՝ հավաքվող գումարների չափի եւ նվերների տեսակների:
Հիշում եմ, անցյալ տարիներին ԿԳ տարբեր նախարարների համապատասխան հրամանները բավականաչափ զսպում էին դպրոցներում դրամահավաքը. հետո, որոշ ժամանակ անց նորից, ինչպես ասում են, «գազն անցնում էր», ու նորից դրամահավաքը ծաղկում էր:
Առաջարկում եմ ԿԳ նախարարին՝ համապատասխան կարգադրություն կամ հրաման արձակել, զսպել դրամահավաքի ալիքը, մինչեւ որ նոր ընտրություններ կկազմակերպվեն ու արժանավոր տնօրեններ վերջապես կընտրվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել