Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

24. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Մարտ 05,2010 00:00

\"\"
 Հայրական տան առջեւ:

\"\"
Տեսարան Սարի թաղից: 

Սարիթաղցի բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի հետ փողոցով քայլեցինք դեպի ցած:
 –  Այս տանը քարտաշ Համոն է ապրում,- ասաց նա:
– Կարծես թե նման տողեր եմ տեսել, թող ընթերցեմ,- ինչ- որ կարեւոր բան հայտնաբերողի նման ասացի ես եւ ընթերցեցի բանաստեղծի տողերը.
Երբ նրա տղուն բռնեցին ոսկու
գողության
եւ նրա եղբայրորդիներին
գնդակահարեցին
Բանկի հանրահայտ գողության
համար,
Ամաչում էի եզրաքարերի
պատմության հուշից
եւ կրունկներիս մղկտոցը քիչ էր
թվում ինձ:
Զարմանալի է՝ այդ հզոր
քարտաշ Համոն ինչպե՞ս է
Մնում հողի տակ:
– Ժորան ու Կոլյան Գյումրիից էին եկել հորեղբոր՝ Համոյի տուն: Ինչքան գիտեմ, բանկի տնտեսագետ Զավենն էր նրանց պատմել, որ վերեւի հարկի մի սենյակ ազդանշանիչ չուներ: Փորձաքննության ժամանակ քննիչները զարմացել էին, թե առաստաղին բացած այդ նեղ անցքով ինչպե՞ս է Ժորան բանկ մտել, սա էլ պատասխանել էր՝ Աստծո օգնությամբ: Սարի թաղից մարդիկ ոտքով բարձրանում էին Նորք, Մարաշ: Իսկ քաղաքային վերջին տրանսպորտը տրամվայն էր, որը մինչեւ Թոխմախ էր հասնում: Ցանկացած լուր անմիջապես տարածվում էր ողջ թաղում: Լուրերի կենտրոնները խանութներն էին: Սարիթաղցիներին կարելի է աշխարհի ամենատարբեր ծայրերում հանդիպել: Աշխաբադում պոեզիայի օրեր էին, մեր հարեւան Ժորային տեսա: Լոս Անջելեսում մթության մեջ մի կին ինձ դիմեց. «Դու Ջեմմայի եղբայրը չէ՞ս»: Նոր ես զգում, թե ինչքան մեծ է Սարի թաղը: Ցավոք, հայրենադարձների մեծ մասը հեռացավ: Նրանց փոխարեն նոր մարդիկ եկան, որոնք պետք է մերվեն մթնոլորտին, իրենցը ավելացնեն: Դե, ի՞նչ ասեմ, որոշ բաներ էլ իմ հուշերից կքաղես:
– Լավ, պոետ, այս մի բանաստեղծությունն էլ կարդամ.
Այն օրը ես հասկացա՝ ինչ է
հարազատությունը,
Երբ պատուհանից, միջնակ
եղբորս գրկից
Տեսա առաջին անգամ
շառագույն
Լիալուսին:
Տան կավճավուն պատերը
մաքուր էին
Եւ տաք էր մորս կուրծքը
Ամոթխած դուրս եկած չթի
ճեղքից:
Իրերը թիթեռների պես մերթ
կպչում,
Մերթ պոկվում էին մտքիս թույլ
սոսնձից:
Ամեն բառս հրճվանքի ծաղիկ
էր
Լսողների ժպտացող շուրթերին
Ու ես՝ ապահով էի գազանիկի
Փափուկ մորթու մեջ:
Ժամանակն անցնում էր, ես
ընկնում էի
Իմ տեղը, որպես մանուկ, որին
դիպչելու չափ
Մոտենում էր անտառը,
քարհանքը բազալտի:
Թեքությամբ ցած էի իջնում ու լուսանկարում Սարի թաղի՝ իրար վրա թառած տները: Ես արդեն պատկերացնում եմ, թե չինովնիկները, ելնելով իրենց անձնական շահերից, տարիների ընթացքում ինչպես են ամեն ինչ այնպես խճճել, որ սատանան անգամ գլուխ չի հանի: Ինչպես հայտնեցին թաղապետարանում, Սարի թաղի յուրաքանչյուր բնակարանում տասնյակ մարդիկ են գրանցված, ու պարտադիր չէ, որ նրանք այդտեղ բնակվեն: Կարեւորը, որ նրանք մայրաքաղաքի բնակիչ են համարվում: Լինելով երկու՝ Նուբարաշենի ու Էրեբունու վարչական կենտրոններում, համոզվեցի, որ այսօր տեղական կառավարման այս մարմինը քիչ հարցեր լուծելու հնարավորություն ունի: Որեւէ խնդրով վարչական կենտրոն դիմող բնակչի չես հանդիպի: Հարցերի մեծ մասը քաղաքապետարանում է կենտրոնացվել: Հիշում եմ, ութսունականներին իմ հեղինակային «Հսկում է օբյեկտիվը» հաղորդաշարի «Կենտրոնացում՝ հանուն կենտրոնացման» հաղորդումը նվիրված էր կենցաղսպասարկման ծառայությունների անիմաստ կենտրոնացման թեմային, որի արդյունքում ազատեցին նախարարին, իսկ նրա տեղը վաճառեցին մեկ այլ չինովնիկի: Տեղեկանալով խորհրդային այրերի այս վարքի մասին՝ ես հրաժարվեցի հաղորդաշարից:
Սեւ փայլփլուն ավտոմեքենան կտրուկ արգելակեց:
– Այդ ի՞նչ ես լուսանկարում,- չոր դիմեց վարորդը:
– Իսկ ի՞նչ է, իրավունք չունե՞մ:
– Իհարկե՝ ոչ: Ես պետք է իմանամ, թե ինչու ես լուսանկարում:
– Ես լրագրող եմ:
– Առավել եւս: Ձեր անունը կասե՞ք ինձ:
– Իմ անունը ձեզ ոչինչ չի տա: Ես Բակուրն եմ:
– Ա՜հ, ես հո ձեզ գիտեմ, հորեղբայրս է պատմել ձեր մասին: Գնանք տուն, առանց հյուրասիրելու քեզ մեր թաղից բաց չեմ թողնի:
– Շնորհակալ եմ: Ես հիմա շատ եմ զբաղված:
Հաջորդ օրերին հորեղբայրն անընդհատ զանգում էր, համառորեն հանդիպում պահանջում:
– Այ ընկեր,- ստիպված պատասխանեցի ես,- անընդհատ նույն մարդու սարքած ծուղակը չեմ կարող ընկնել:
Նա խիստ անհանգստացած էր. հո իր անօրեն շինությունը չեմ լուսանկարել: Իմ հիշեցումից հետո նա ինձ հանգիստ թողեց:
Ի՞նչ ուղղությամբ շարունակեմ ճամփորդությունս: Ես անընդհատ ցանկություն եմ ունենում դուրս գալ նախանշած ուղուց: Մի առանձին կարոտ եմ զգում դեպի հեռուստատեսությունը, որտեղ էլ ձեւավորվել եմ որպես լրագրող եւ հեռուստամեկնաբան, աշխատել 20 տարի, եթեր տվել հարյուրավոր հաղորդումներ: Սակայն հիշեցի հանրային կոչվող, սակայն «հանրային» հասկացության հետ կապ չունեցող հիմնարկի ղեկավարների՝ ինձ համար դեռեւս անհասկանալի պատճառով անբարեհաճ վերաբերմունքն իմ նկատմամբ, խուսափեցի նրանց հետ հանդիպումից:
Դժվար էր Սարի թաղում իրար մոտ կամայականորեն ծնված ու հարեւաններին դժվարությամբ հարմարված տնակների արանքում դեպի երկաթուղի իջնելու անցուղի գտնել: Ստիպված ետ էի վերադառնում, փորձում շրջանցել անճոռնի տնակները, սակայն կրկին ու կրկին փակուղու էի հանդիպում: Թվում է, թե դուրս չեմ գա այս լաբիրինթոսից, երբ մի պատանի բացատրեց, որ պետք է ետ վերադառնամ, եկած ճանապարհով քաղաք իջնեմ, կամ թե՝ հասնեմ անտառին, նրա եզերքով ցած իջնեմ:
Այս մտքերով ես անտառ հասա: Հեռուստատեսությունում իմ աշխատանքային տարիներին հաճախ էինք ընկերներով այս անտառում հանգստանում: Անտառը մարդիկ հատել են 1992- 93 թվականներին: Ծառերը, ասես ինքնակամ զոհելով իրենց, էներգետիկ ճգնաժամի տարիներին փրկեցին Սարի թաղի շատ ընտանիքների: Սակայն անտառի հատումը պետական մի քանի վայ գործիչների խղճի վրա է ծանրացած, որոնք, իբր բնապահպանական նկատառումներով, իսկ իրականում՝ մեր թշնամիների թելադրանքով, կանգնեցրին ատոմակայանն ու ջերմաէլեկտրակայանները: Այն մարդիկ, ովքեր չկարողացան օգտվել անտառի փայտից, բռնեցին գաղթի ճանապարհը: Զանգվածային ծառահատումից 17 տարի է անցել: Ասես անտառն ուզում է խելքի գալ: Հիշեցի Ստեփանակերտի մոտ Կարկառ գետի աջ ափին գտնվող անտառը, որը եւս ճգնաժամի տարիներին ստիպված հատել էին մարդիկ: Սակայն այն բնական անտառ էր, ու արցախյան խոնավ կլիմայական պայմաններում վերականգնվում է: Իսկ ահա երեւանյան չորային կլիմայական պայմաններում մարդկանց ջանքերով տարիների ընթացքում ստեղծված Սարի թաղի մերձակա անտառը հատուկ խնամքի, ոռոգման կարիք ունի: Չգիտեմ, քաղաք- օրգանիզմն այսօր ի վիճակի՞ է տեր կանգնել իր օրգանական մաս կազմող անտառին: Անտառ ստեղծելը լուրջ մշակույթ է: Հայ ժողովուրդն ունեցել է այդ մշակույթը, որի վկայությունը Խոսրով թագավորի հիմնած անտառ- արգելոցն է, խորհրդային տարիներին հիմնած Հաղթանակի ու Սարի թաղի անտառները: Բնությունը փորձում է իր ուժերով վերականգնել Սարի թաղի անտառը: Գարնան անձրեւների ժամանակ հատած ծառերի արմատները շիվեր են արձակում, սակայն երեւանյան բնությանը օգնել է պետք: Գիտեմ, որ բնության պահպանության վարչությունը «սկզբունքային» պայքար է մղում մեկ քառակուսի խոտի ծածկույթի համար, անշուշտ, մոռացության մատնելով երեւանցիների աչքի առաջ անտեր մնացած Սարի թաղի լանջի անտառի հսկայական տարածքը:
Անտառից դեպի թաղամասը ճանապարհին հայտնաբերեցի Սարի թաղի ամենածայրի տունը: Այն ցեմենտբետոնե հիմքի վրա հրաբխային քարակույտերի մեջ տեղադրված փոքրիկ տնակ էր: Տնակին մոտեցող գազի կամ ջրի խողովակներ չէին երեւում: Հիսուն մետր հեռու՝ քարակույտերի մեջ արտաքնոցն էր: Դռան փոխարեն շոր էր կախած: Ես պատկերացնում եմ, թե ինչպես են պատասխանատու պաշտոնյաները պարբերաբար գալիս, տանտիրոջից պահանջում, որ քանդի «անօրեն» տնակն ու հեռանա: Բայց ո՞ւր, ոչ ոք չի ասում, դա իրենց գործը չէ: Բայց ես կարծում եմ, որ դա բոլորիս գործն է, քանի որ մենք թույլ ենք տվել, որ երկրի ընդամենը 173 ընտանիք չիմանա, թե որտեղ ծախսի հասարակության մնացած անդամների աղքատության հաշվին կուտակած հսկայական եկամուտները:
Տնակի դուռը ծեծեցի:
Ներսից լսվեց տղամարդու ձայնը:
– Ներս մտեք:
Բացվեց դուռը: Տղամարդը, առանց տեղից բարձրանալու, բացել էր դուռը: Երկու տղամարդ նստել էին անկողնուն, մյուս անկողնուն նստել էին մայրը, հարսն ու երեխան: Եթե երկու ուսանող աղջիկները տուն մտնեն, ապա նստելու տեղ չեն ունենա: Մայրը մի կողմ քաշվեց՝ տեղ տալով ինձ: Ներկայացա ու բացատրեցի այցելությանս նպատակը:
– Ամեն ինչ լավ է, պատմելու բան չունենք, գնա՛,- ասաց նիհար դեմքով տղամարդը, որը տան տերն էր:
– Լավ, ինչո՞ւ ես կոպտում, լավ նպատակով է եկել մարդը,- ասաց եղբայրը:
– Ես հասկանում եմ եղբորդ չարությունը,- ասացի ես,- նա իր տեսանկյունից ճիշտ է, ե՛ս եմ հանդիպել՝ ինձ վրա է թափում աշխարհի, ճակատագրի նկատմամբ դժգոհությունն ու ջղայնությունը:
– Դե, նաեւ եղբորս բնավորությունն է պատճառը: Պայմանների մասին ես հարցնում, այս նեղ տնակում յոթ հոգով են ապրում:
– Երկու անկողին ու յոթ հոգի՞:
– Որ գրում ես՝ մի օգուտ լինո՞ւմ է,- հարցրեց եղբայրը:
– Որ ասեմ, թե տպագրելուն պես հարցերը լուծվում են՝ սխալ կլինի: Ինքս ձգտում եմ քաղաքի ու նրա բնակիչների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի, մտածելակերպի մեջ կաթիլ առ կաթիլ փոփոխություն մտցնել: Համոզված չեմ, թե քաղաքապետարանում ընթերցում են իմ ռեպորտաժների շարքը: Քանի մարդու հետ խոսել եմ՝ անտեղյակ են, միայն քաղաքապետի օգնականներից մեկն ասել էր, թե քաղաքապետը ամենայն ուշադրությամբ ընթերցում է: Սակայն խնդիր ունեցող մարդիկ, որոնց մասին գրել եմ, ռեպորտաժը որպես փաստաթուղթ կցում են գործերին ու բարելավում պահանջում:
– Ապեր ջան,- չոր դիմեց տնակի տերը,- գնա՛, հա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել