Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռեպորտաժ՝ առանց այցելության

Մարտ 05,2010 00:00

Մինսկի հայկական դպրոցը արձագանքում է   հայաստանյան մամուլի հրապարակմանը

Հայաստանում լույս տեսնող թերթերից մեկում «Ինչ շատ է գրելու բանը» վերնագրով հոդված է լույս տեսել, ուր գրված է, թե հեղինակը եղել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկի հայկական դպրոցում. «միջանցքում մի երկար ցուցապաստառ էր փակցված՝ «Մեր ճրագը վառվեց, ռուսաստանցի հայերի ճրագը մարեց» գրությամբ: Դահլիճում հային հատուկ ճոխ-ճոխ սեղաններ էին գցված: Ներս մտա թե չէ, կոնյակով լի բաժակը դեմ արեցին, թե` գնա~ց, վերջապես տարա՜ն, խմիր նրա գնալու-հետ չգալու կենացը: Խմեմ, համաձայնեցի ես, բայց այդ ո՞վ գնաց, ո՞վ տարավ, ո՞ւմ տարավ, ո՞ւր տարավ: Բայց լավ էր, շուտ գլխի ընկա, որ այս քեֆ-ուրախությունը տեղի հայ համայնքը կազմակերպել է Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի տեղափոխվելու եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ»: Այս առթիվ Մինսկի  հայկական դպրոցից պարզաբանեցին.
«Հարգելի խմբագրություն:
Հայաստանյան թերթերից մեկի այս տարվա փետրվարի 11-ի համարում պարզապես Գյուլիզար ստորագրությամբ «Ինչ շատ է գրելու բանը» հրապարակման մեջ հիշատակված է Մինսկի հայկական կիրակնօրյա դպրոցի անունը՝ ակնհայտ բացասական լույսի տակ: Հայտարարում ենք, որ հրապարակումը եւ թերթին, եւ թերթի միջոցով հանրությանը մոլորության մեջ գցելու եւ ապատեղեկատվություն տարածելու փորձ է, ինչը պատիվ չի բերում Գյուլիզարին:
Հիշատակված հրապարակման մեջ Մինսկի հայկական կիրակնօրյա դպրոցի մասին պարբերության հենց առաջին տողից են սկսվում իրականությանը չհամապատասխանող պնդումները: Ոչ Բելառուսի, ոչ Մինսկի հայկական համայնքը դպրոցի համար շենք չի գնել, ինչպես պնդում է Գյուլիզարը: Մենք վարձակալում ենք   դասարաններ Մինսկի թիվ 4  միջնակարգ  դպրոցում:
Միայն այս փաստը բավական է ապացուցելու համար, որ Գյուլիզարը ապատեղեկատվություն է մատուցել: Մենք չգիտենք,  նա ընդհանրապես եղել է Մինսկում, թե ոչ, որեւէ շենք-շինություն մտել է, թե ոչ, բայց որ Մինսկի հայկական կիրակնօրյա դպրոցում չի եղել՝ հաստատ է ու միանշանակ: Չենք կարծում, թե կարիք կա թերթին բացատրելու, թե ինչ պետք է աներ ցանկացած լրագրող կամ ռեպորտաժ պատրաստելու համար Մինսկ գնացած մեկը: Իսկ Գյուլիզարին խորհուրդ կտանք. եթե ուզում եք որեւէ կառույցի կամ կազմակերպության, օրինակ՝ Մինսկի հայկական կիրակնօրյա դպրոցի մասին հրապարակում պատրաստել, ապա առողջ տրամաբանությունն ու մասնագիտական էթիկան հուշում են, որ հարկ է խոսել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների, ծնողների, հովանավորների հետ՝ իրականության ամբողջական պատկերն ունենալու համար: Մինչդեռ Գյուլիզարի հոդվածում Մինսկի հայկական կիրակնօրյա դպրոցի մասին գրվել է առանց դպրոց այցելելու, դպրոցի շենքը, հարմարությունները, դասասենյակները, ուսուցիչներին ու երեխաներին տեսնելու եւ չգիտես որտեղ, չգիտես ում հյուրասիրած, չգիտես ինչ կոնյակով բաժակը դատարկելու տպավորության տակ: Ու էլի կրկնենք՝ առանց Մինսկի հայկական կիրակնօրյա դպրոցում թեկուզ մեկ վայրկյանով լինելու:
Մինսկի հայկական համայնքը կիրակնօրյա դպրոց բացելով՝ մեկ նպատակ է հետապնդում. Հայաստանից հեռու ապրող երեխաներին հայ պահել, հայ մշակույթին եւ պատմությանը հաղորդակից դարձնել, թույլ չտալ, որ երեխաները կտրվեն արմատներից: Այս նպատակին են ծառայում ոչ միայն դպրոցը, այլ նաեւ «Կարոտ» փառատոնը եւ այլ նման նախաձեռնություններ:  Մինսկի հայկական համայնքը եւ կիրակնօրյա դպրոցը բաց են համագործակցության համար, շատ ուրախ կլինենք, եթե հայաստանյան մամուլը անդրադառնա նաեւ մեզ, պատրաստ ենք արձագանքել ցանկացած թերթի ցանկացած հարցման: Վստահ եղեք, որ Գյուլիզարի հեղինակած ապատեղեկատվությունը չի նպաստում այդ համագործակցության կայացմանը:
Հարգանքով՝ Մինսկի հայկական  կրթօջախի տնօրինություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել