Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԱԽԴ ՉԱՓԻ, ՆՈՐ ՃԱՄՓԱ ԸՆԿԻ»

Մարտ 05,2010 00:00

Յոթ համայնքի մեկ ճանապարհով անցնելու համար պետք է կամ սուր զգացողությունների սիրահար լինես, կամ էքստրեմալ սպորտի վարպետ:

\"\"

Մոտկոր աշխարհը Լոռվա թագուհին է՝ իր չնաշխարհիկ բնությամբ, գեղանի անտառներով, հուշարձաններ հիշեցնող բիրտ ժայռաբեկորներով, քար ու ծերպերին փաթաթված ծառարմատներով, անդնդախոր ու շառաչուն ձորերով: Անձեռակերտ այդ գեղեցկությունը շատերին է կանչում իր գիրկը շուրջ տարին, քանզի յուրաքանչյուր եղանակ այստեղ իր հմայքն ու հետաքրքրությունն ունի: Մոտկորն էլ հիանալի վայր է լիարժեք հանգիստ անցկացնելու համար: Բայց Մոտկոր հասնելը դյուրին չէ՝ ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով: Եթե ճանապարհը այդքան անմխիթար վիճակում չլիներ, Մոտկորի հյուրերն անհամեմատ ավելի շատ կլինեին, սակայն քարուքանդ եղած ճանապարհի արգելքները ոչ բոլորի համար են հաղթահարելի: Հատկապես ձմռան ամիսներին ճանապարհի փորձությունները հաղթահարելը մեծ վարպետություն ու նյարդեր է պահանջում անգամ ամենափորձառու եւ ճանապարհին քաջատեղյակ վարորդից: Տեղացիները թեեւ լավ ծանոթ են Մոտկորի ճանապարհին հանդիպող խոչընդոտներին ու խնդիրներին, սակայն ինչպես վարորդների, այնպես էլ 7 համայնքների՝ Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան, բնակիչների համար ամեն անգամ նոր փորձություն է դրանք հաղթահարելը: Դեպքեր են լինում, երբ ոչ թե ավտոբուսն է մարդկանց տեղափոխում, այլ մարդիկ ավտոբուսն են ուղղակի հրելով տեղ հասցնում, որովհետեւ հատկապես անձրեւների եւ ձյան ժամանակ մեքենաները խրվում են ցեխի ու ձյան մեջ: Հաճախ, երբ հրելն էլ չի օգնում, գյուղից տրակտոր կամ ծանրաքարշ մեքենա են օգնության կանչում: Հնարավոր է, որ դրանից հետո անգամ ստիպված լինեն ճանապարհի մի մասը ոտքով անցնել՝ տարբեր իրերով բեռնված: Չգիտեմ՝ իրական դեպք է, թե լեգենդ, սակայն Աթան, Շամուտ, Լորուտ գյուղերի ավտոբուսների վարորդները պատմում են, թե վերջերս տեղանքով հետաքրքրվող մի անձ այնքան է վախեցել ճանապարհից, որ չհասած Մարց գյուղ՝ հետ է դարձել: Նրանց հորդորները, որ ուղիղ իրենց ետեւից գա եւ կհաղթահարի ճանապարհը՝ զուր են եղել:
Անծանոթ ուղեւորն անգամ չի հասցնում զմայլվել բնությամբ, ճանապարհի ամբողջ երկարությամբ ձգվող ձորերին ու երկնաքեր ժայռերին նայելիս՝ միայն մտածում ես բարեհաջող տեղ հասնել, եթե սրան էլ հավելենք, որ «Մարցի տակին» պարբերաբար ժայռից մեծ քարեր են ընկնում՝ վերը նշված խնդիրներին ավելացնելով եւս մեկը, պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Մոտկորի ճանապարհը 27 կմ է եւ ձգվում է Թումանյան քաղաքից մինչեւ Աթան գյուղ, սպասարկում է 7 համայնք: Ավելի քան 20 տարի ճանապարհը չի հիմնանորոգվել: Միայն 2004 թվականին պետբյուջեի ստացված 41,6 միլիոն դրամով 3,1 կմ հատվածի խճապատում է կատարվել, եւ գործն այսքանով ավարտվել է: Ճանապարհի հիմնանորոգումը ընդգրկվել էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: Լուրը հասավ 7 համայնքների բնակիչներին, նրանք, իհարկե, ուրախացան, սակայն ուրախությունը կարճ տեւեց: «Վախտին մեր 4 գեղերի բնակիչները մատաղ էին խոստացել գործը գլուխ բերողներին, այժմ մատաղ են անում, երբ ամեն անգամ լավ ենք պրծնում վթարից, տենանք մինչեւ երբ պըտի մեր բախտը բերի»,- ասում է շամուտեցի մի գյուղացի:
Հայտնի է, որ 2008-ի ՀՀ նախագահի ընտրությունը, Մարտի 1-ը ու դրանց առնչվող զարգացումները դուրս են ժողովրդավարության ամերիկյան պատկերացումներից եւ հենց այս պատճառով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանում կծախսվի 180 միլիոն դոլար՝ խոստացված 235-ի փոխարեն: Մոտկորի ճանապարհը հենց այս պատճառով չի նորոգվի: Սա իմանալով, ճանապարհից օգտվող յոթ համայնքների բնակիչները բազում նամակներ ու դիմումներ են հղել կառավարություն, բայց ապարդյուն: «Այս տարվա համար էլ ենք դիմել, որ գոնե 14 կմ-անոց հատվածը նորոգվի, մերժվել է, պետբյուջեի միջոցներով դա հնարավոր չէ իրականացնել, մեծ գումարներ են պահանջվում, մնում է սպասել դոնոր կազմակերպությունների բարի կամքին»,- ասում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի բաժնի վարիչ Վարդան Գեւորգյանը; Գրեթե նույնն է ասում Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ու հավելում. «Ես ինքս ամեն ինչ անելու եմ, որ գոնե ճանապարհի մի մասն այս տարի վերանորոգվի»:
Վերջերս ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի Լոռու մարզ կատարած այցի ժամանակ հարցը կրկին բարձրացվեց: «Չգիտեմ, դա ձեզ համար մխիթարանք կլինի, թե ոչ, բայց ճանապարհի խնդրի մասին ամբողջ հանրապետությունը գիտի, տեղյակ են նաեւ ՀՀ նախագահն ու վարչապետը, եւ առաջին իսկ ճանապարհաշինարարական ծրագրում հարցը անպայման կընդգրկվի, բայց չգիտեմ, երբ կլինի», հայտարարել է Արմեն Գեւորգյանը: Տարածաշրջանի բնակիչները համբերատար սպասում են, նրանց կարելի է բացատրել, որ գումար չկա եւ պետք է համբերեն, ինչը աշխարհի ոչ մի լեզվով չես բացատրի ոչ բնության տարերքներին, որ ճանապարհին՝ Աստված չանի, անցյալ տարվա նման վարար մի հեղեղ կամ կարկուտ լինի՝ ճանապարհն ամբողջությամբ կփլվի:
Իսկ այսօր այս ճանապարհին, ցավոք, նաեւ վթարներ ու դժբախտ պատահարներ են լինում: Անցած տարի մի օտարերկրացի էր ձորն ընկել: 2009 թվականին ճանապարհատրանսպորտային հինգ պատահար է գրանցվել, բարեբախտաբար՝ առանց զոհերի, ի տարբերություն 2008-ի, երբ երկու զոհ է եղել: Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար Մերուժան Կարապետյանի, ամբողջ ճանապարհը վտանգ է ներկայացնում, որովհետեւ Վանաձորից հետո ձոր տանող ճանապարհը կտրուկ նեղանում է, ամբողջ ճանապարհն էլ կտրուկ վերելքներ ու շրջադարձեր են: 2010-ին, բարեբախտաբար, դեռ վթար չի գրանցվել:
Գյուղացիները դեռ դիմակայում են դժվարություններին, սպասելով, որ ճանապարհը տեսքի բերելու համար նախահաշվով պահանջվող 1,600 միլիարդ դրամը նվիրի որեւէ բարերար, բանկ կամ հիմնադրամ, իսկ վարորդները բարկանում են. «Ոնց կարելի է միայն ճամփի պատճառով կես ժամվա տեղը 3 ժամ քշել: Սեփական մեքենաները գոնե ճանապարհը շրջանցում են Դսեղով, բա գյուղական ավտոբո՞ւսը: Մոտ մի ամիս առաջ մի աղջիկ երեխա լաց էր լինում ու խնդրում, որ կանգնեմ՝ վախենում էր: Ի՞նչ ասեմ, ժողովուրդ ջան, ուրիշ ճար չկա, վախներդ չափեք, նոր ճամփա ընկեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել