Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խիստ նկատողություն՝ գյուղնախարարին

Մարտ 05,2010 00:00

Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խիստ նկատողություն է հայտարարել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին:
«2010թ. մեզ համար կարեւոր նշանակություն է ունենալու: Գյուղատնտեսության ոլորտում մենք պարտավոր ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ապահովեն ոլորտի առնվազն 5% տնտեսական աճ: Սա նշանակում է, որ սուղ ֆինանսական միջոցները, որ բյուջեից հատկացնում ենք գյուղատնտեսության զարգացմանը, պետք է առավել արդյունավետ օգտագործվեն: 2008-09թթ. գնումների վերաբերյալ Վերահսկիչ պալատն իրականացրել էր ուսումնասիրություններ եւ բացահայտել լուրջ բացթողումներ, թերություններ, խախտումներ, որոնք պետք է շտկեինք, եւ այդ հարցերը պետք է գտնվեին նախարարի անմիջական հսկողության տակ: Վերահսկիչ պալատը մեր ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ձեռք են բերվում հակադաբաղային պատվաստանյութեր, որոնք գրեթե երկու անգամ գերազանցում են բացթողնման գները: Բնականաբար, 2010թ. մենք պետք է բացառեինք այսպիսի իրողությունը: Բայց իրավիճակը ոչ միայն չի շտկվել, այլեւ ավելի է վատացել: Վարչապետի վերահսկողական ծառայությունը, ստանալով ՎՊ նախագահի ահազանգը, կատարել է մանրակրկիտ ուսումնասիրություն եւ պարզել, որ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Գեւորգ Թովմասյանը, որը 2010թ. համար պատասխանատու էր գնումները պատշաճ կազմակերպելու համար, չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, ավելին, մրցույթի պայմաններն այնպես են կազմվել, որ ի սկզբանե հայտնի էր, որ ՀՀ-ում կա միայն մեկ ընկերություն, որը կարող է հաղթել այդ մրցույթում: Իսկ գներն առնվազն 50%-ով կարելի էր նվազեցնել, որովհետեւ պետք է կատարվեր նաեւ ինքնարժեքի թվաբանական ուսումնասիրություն: Եթե չլիներ վարչապետի վերահսկողական ծառայության միջամտությունը, մենք ունենալու էինք լուրջ կորուստներ, ուստի ես գյուղնախարարին հանձնարարում եմ միջնորդությամբ դիմել քաղծառայության խորհրդին՝ ծառայողական քննություն սկսելու վերը հիշատակված ծառայողների նկատմամբ՝ նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու համար: Եվ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խիստ նկատողություն եմ հայտարարում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Նման աշխատաոճը այլեւս պետք է բացառվի: ՀՀ նախագահը մեր առջեւ խնդիր է դրել, որ ինքներս բացահայտենք մեր թերությունները, բացթողումները, հրապարակավ խոսենք դրանց մասին: Սա է արդար պետություն եւ հասարակություն կառուցելու միակ ճանապարհը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել