Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բանակցային գործընթացում պաուզա է»

Մարտ 05,2010 00:00

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հավաստմամբ, վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն եղել, եւ մոտ ապագայում արմատական զարգացումներ եւս չեն սպասվում: Երեկվա ասուլիսում պարոն Աթանեսյանը կարծիք հայտնեց. «Բանակցային գործընթացում այսօր որոշակի պաուզա է՝ կապված այն բանի հետ, որ ադրբեջանական կողմը համառորեն փորձում է նենգափոխել, խեղաթյուրել կամ յուրովի մեկնաբանել կարգավորման մեթոդաբանության վերաբերյալ՝ մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունները, Ադրբեջանը խեղաթյուրում է ե՛ւ խնդրի էությունը, ե՛ւ բանակցային գործընթացը, ե՛ւ կարգավորման հեռանկարը առհասարակ»:
Պարոն Աթանեսյանի համոզմամբ, ղարաբաղյան խնդրի կարգավորման ամենակարճ տարբերակը ազգերի ինքնորոշման հիման վրա ԼՂՀ-ն գործուն պետություն ճանաչելն է եւ դրանից հետո բանակցային գործընթացում լիիրավ անդամ ներկայանալու եւ Ադրբեջանի հետ վիճելի հարցերը քննարկելու հնարավորություն ունենալն է. «Սա մեր պաշտոնական տեսակետն է՝ առանց ԼՂՀ լիարժեք ու լիիրավ մասնակցության՝ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը հնարավոր եւ իրատեսական չէ»: Պարոն Աթանեսյանը մեկնաբանեց նաեւ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլիի հայտարարությունը, թե իրենք կարող են երեք օրից վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, սահմանները բացել, բայց երեք ամսից, չկարգավորված խնդիրների պատճառով, փակել նորից: «Սա նշանակում է, որ Թուրքիան միանշանակորեն հանդես է գալիս որպես կոնֆլիկտային կողմ, այսինքն՝ թուրք պաշտոնյան խոստովանում է, որ 1993-ին Հայաստանի հետ սահմանը փակել են թշնամական վերաբերմունքով, եւ գործադրում է պատերազմական իրավիճակին հարիր գործողություններ»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել