Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԴՐՎԱԳԸ ՓԱԿՎԵԼ Է

Մարտ 05,2010 00:00

Սպասվելիք նոր զարգացումները՝ Փաշինյանի գործով

\"\"

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել նաեւ մեղադրող կողմը, պահանջելով, որպեսզի զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրանքին ավելացվի նաեւ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելը: Խոսքը ոստիկան Վազգեն Դաբաղյանի մասին է, որին 2007թ. հոկտեմբերի 23-ին երթի ժամանակ իբր հրել էր Նիկոլը:
Հիշեցնենք, որ այս դրվագով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ն. Փաշինյանին արդարացրել էր: Սպասվելիք նոր զարգացումները «Առավոտին» հեռախոսով ներկայացնում է դիտորդ-իրավաբանը:
– Նիկոլ Փաշինյանի մեղավորության եւ անմեղության վերաբերյալ գործը ըստ էության լուծող դատական ակտը զուրկ է իրավական հիմքերից:
Քրեական օրենսգրքի հիշյալ 316 հոդվածի 1-ին մասով մեղադրանքը կարճվել է՝ կատարված հանցագործությանը  մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները (Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդված, 2-րդ մաս):
Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու պարագայում հանցագործությունը համարվում է չբացահայտված, ըստ այդմ՝ վարույթը կասեցվում է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավի մեղադրյալի, իսկ ոստիկանությունը պարտավոր է որոնել հանցանքը կատարողին:
Եթե դիմենք պարզ տրամաբանությանը, ուրեմն 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան եւ Կորյուն փողոցներում հայտնի միջադեպին Նիկոլը ներկա չի եղել, իսկ ոստիկանները, տուժողը եւ վարժեցրած վկաները սուտ մատնություն են կատարել: Շատերը կպատկերացնեն, թե դատարանը վերակենդանացել է: Ցավոք, այդպես չէ, իրականում դատավորը կատարել է նուրբ աճպարարություն: Խնդիրն այն է, որ Նիկոլը դիմադրել  է իշխանության ներկայացուցիչների անօրինական եւ անհամաչափ գործողություններին՝ Սահմանադրությամբ հռչակված  իր եւ այլոց իրավունքները հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու համար, եւ այս պարագայում առաջանում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, ինչը իրավաչափ գործողություն է եւ բացառում է քրեական պատասխանատվությունը: Նման հանգամանքներում քրեական հետապնդումը դադարեցվում է՝ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ հիմքով (Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մաս, 3-րդ կետ):
Տրամաբանական հարց է ծագում. դատավորը ինչո՞ւ է խախտել օրենքը կամ դրսեւորել իրավական անգրագիտություն: Դրա պատճառը հետեւյալն է. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ նույնպես իշխանության ներկայացուցիչների գործողությունները եղել են անօրինական եւ անհամաչափ, եւ եթե  հոկտեմբերի 23-ի միջադեպով Նիկոլն անպարտ ճանաչվեր արարքը քրեական օրենքով իրավաչափ լինելու հիմքով, ապա բանաձեւը վերաբերում է մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ դեպքերին, եւ բոլոր դատապարտյալներն ու հետապնդվողները պետք է արդարացվեն: Հաջորդը, եթե հանցանք կատարող անձը հայտնի չէ, հեշտ է պարտակել հավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելուն խոչընդոտելը քրեական օրենքով արգելված արարքը, ինչը իշխանությունները կատարել են հոկտեմբերի 23-ի եւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ:
7 տարվա
ազատազրկում

«Զանգվածային անկարգությունների կազմակերպում» հանցագործությունը կատարելու համար Նիկոլը ազատազրկվել է 7 տարի ժամանակով: Հիշյալ արարքում նրա անմեղությանն անդրադարձել ենք բազմիցս՝ շեշտադրելով նորացված Քրեական օրենսգրքի պարզաբանումները, մինչդեռ հայրենի դատարաններն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ վարչակազմի թելադրանքով, եւ դատավորը կայացրել է  ռեժիմին ցանկալի հատուցման ակտը: Դատավճիռը բողոքարկվել է, ուստի վերաքննիչ դատարանի ուշադրությանն է հրավիրվում հանգամանքներ, ինչն առաջին ատյանի դատարանը անտեսել է:
ա) Ապացուցված չէ, որ Նիկոլն է կազմակերպել մարտի 1-ի անկարգությունները, անմիջական կատարել 225 հոդվածի  դիսպոզիցիայում թվարկված որեւէ արգելված արարք, դրդել կամ օժանդակել կատարողներին: Այս առումով դատարանը պետք է նկատի, որ Մյասնիկյան հրապարակում հավաքված բազմությունը անկարգություններ կատարելու նպատակով ստեղծված խմբավորում չէ, այլ շարժառիթը եղել է Ազատության հրապարակում իշխանության ներկայացուցիչների կողմից խաղաղ, առանց զենքի հավաքը անօրինական եւ բռնությամբ արգելելու կանխամտածված սադրանքը: Այս պարագայում արարքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը:
բ) Զանգվածային անկարգություններ հանցագործությունը  սուբյեկտիվ կողմից կատարվում է միայն մեղքի ուղղակի դիտավորությամբ, ըստ այդմ, հանցավորը գիտակցում է իր գործողությունների (անգործության) վտանգավոր բնույթը, նախատեսում  վտանգավոր հետեւանքները եւ ցանկանում է դրանք վրա հասնեն: Ապացույցներ չկան, որ Նիկոլի գործողության կամ անգործության պատճառով  առաջացել են մարտի 1-ի դեպքերի վտանգավոր հետեւանքները: Դատարանը պետք է նկատի, որ անկարգությունները եւ բռնարարքները կատարող հանցավոր խմբավորումների (բանդաներ) կազմակերպողներն ու անմիջական կատարողները դեռեւս բացահայտված չեն, եւ Նիկոլը դրանց հանցակից չէ: Այս պարագայում էլ արարքում բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը:
Հաճախ քննադատում ենք «տոտալիտար» խորհրդային օրենքները, մինչդեռ այդ օրենքների դեպքում  եւս Նիկոլը մեղք չունի, օրինակ, «67»  հոդվածով (զանգվածային անկարգություններ) պատասխանատվության են ենթարկվում ոչ թե բոլոր անձինք, ովքեր ամբոխի հետ են եղել, այլ միայն նրանք, ովքեր կազմակերպել են անկարգությունները եւ ընթացքում կատարել ջարդեր, հրկիզումներ եւ այլ արարքներ» (հՎ. ՍՏՎՎպվՑՈՐՌռ ձԽ ՀհՂհՀ, Շխ 1964չ. րՑՐ. 183, տցվՍՑ 3, 5): Կարելի է շեշտել այլ օրենքներ էլ, սակայն անիմաստ է՝ անկախ Հայաստանում  անձի անվտանգությունը  կախված է առանձին անհատներից կամ խմբերից:

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը: «Իմ նկատմամբ այս քրեական գործը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում»,- ասաց Ն. Փաշինյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իր հետ բողոք են բերել նաեւ դատախազները, այլ ոչ թե «Հոկտեմբերի 23»-ի դրվագով «տուժող» Վազգեն Դաբաղյանը, որին իբր բռնության է ենթարկել ինքը:
Երեկ ռեպլիկների համար դատական նիստերի դահլիճից դուրս հրավիրվեցին գրող Լիզա Ճաղարյանն ու «Մարտի 1»-ի զոհերից՝ Գոռ Քլոյանի հայրը:
Դատական նիստը կշարունակվի այսօր: Ի դեպ, այդ նույն ժամին ՀՀ Սահմանադրական դատարանում լսվելու է թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցված Ն. Փաշինյանի դիմումը՝ ընտրությունների հետ կապված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել