Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուրքը բեռ չի դառնա

Մարտ 05,2010 00:00

Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներով տարատեսակ ու հակասական գնահատականներ են հնչում ընտանի կենդանիների համար Երեւանի ավագանու կողմից իբր նոր սահմանված հարկատեսակների առնչությամբ: «Հարկեր շներ ու կատուներ պահելու համար», «Երեւանի ավագանին հարկ է սահմանել ընտանի կենդանիների համար». սրանք մեջբերումներ են մամուլից:
ԶԼՄ-ների ու բնակիչների մտահոգությունները, իհարկե, հասկանալի են, թյուրընկալումից եւ ապատեղեկատվությունից խուսափելու համար նշենք, որ նախ Երեւանի ավագանին որեւէ նոր հարկատեսակ չի սահմանել, այդպիսի լիազորություն ավագանուն վերապահված չէ: Երեւանի ավագանին ընդամենը կիրառել է դեռեւս 1997-ին ԱԺ-ի ընդունած «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» օրենքը: Ի դեպ, կենդանիներ պահելու համար հարկ ընդհանրապես չի նախատեսված: Խոսքն իրականում տուրքի մասին է, որն այս դեպքում գանձվում է տարին մեկ անգամ՝ 5000 դրամ: Հիշյալ օրենքով ՏԻՄ-երը իրավասու են տարբեր տեսակի գործունեություն ծավալու համար զանազան տուրքեր սահմանել: Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տուրքը եւս նախատեսված է օրենքով: Մինչեւ 2009 թվականը «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի այդ դրույթը կիրառվել է նախկին 12 թաղային համայնքներից 3-ում: 2010 թվականի համար Երեւանի ավագանին որոշել է օրենքը կիրառել Երեւան համայնքում. ընտանի կենդանի պահելու թույլտվության համար տարեկան տուրքը սահմանվել է 5000 դրամ: Շահարկվող մյուս հարցի մասին՝ ի՞նչ կենդանիների մասին է խոսքը, պարզաբանենք՝ շուն, կատու: Այս տուրքի կիրառման արդյունքում համայնքային բյուջե ակնկալվող գումարը մոտ 1 մլն դրամ է կազմում, նախնական հաշվարկը կատարված է Կենտրոն վարչական շրջանի համար: Առաջին կիսամյակում համատիրությունների կողմից հաշվառվելու են ընտանի կենդանի պահող բոլոր քաղաքացիները, իրավիճակի վերլուծությունից հետո անպայման կկիրառվի սոցիալական շերտավորման սկզբունքը, կլինեն այդ տուրքից ազատվողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել